Ինչպես իմ, այնպես էլ աշխարհի բոլոր մայրիկներն ամեն առավոտ մեր պատճառով ընկնում են մտածմունքների մեջ: Չէ՞ որ մենք բոլորովին չենք սիրում սնվել: Իսկ ի՞նչ կասես, եթե այսօր հենց մենք նրանց օգնենք այդ հարցում… Լավ, դե որ համաձայն ես, սկսենք:
Համեղ բլիթներ հիմնականում ուտում ենք Նոր տարվա օրերին. դրանց մեջ մայրիկները միս են դնում և տապակում: Խոսքը մեր սիրելի «բլինչիկի» մասին է: Գիտեմ, գիտեմ, դեռ Նոր տարվան մի քանի ամիս կա… Բայց այդ բլիթներն ախր համեղ են նաև քաղցր միջուկով… Ինչպե՞ս, հենց հիմա կպատմեմ:
Մեզ և մայրիկներին ընդամենն անհրաժեշտ են՝
Բլիթներ, քաղցր շոկոլադե կրեմ և բանան:
Բլիթների համար պետք է՝
500 մլ կաթ, 3 ձու, 280 գր ալյուր, 1-2 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 3 ճաշի գդալ ձեթ: Այս ամենը պետք է լավ հարել և լցնել տապակի մեջ՝ կլորիկ ձև տալով: Մոտ մեկ րոպեից արդեն կարող ենք դուրս հանել տապակից:
Առաջարկվող տարբերակները երկուսն են: Առաջինի դեպքում բլիթների վրա շոկոլադե կրեմով պարզապես պետք է նկարել աչուկներ ու ժպիտ, ինչպես նկարում: Իսկ երկրորդ տարբերակում բլիթները պետք է մի փոքր մեծ պատրաստել, դրանց մեջ քսել շոկոլադե կրեմ և բանան կտրատել: Բայց, իհարկե, բանանը շատ հանգիստ կարող է փոխարինվել ուրիշ մրգերով:
Արագ, հեշտ ու շա՜տ համեղ նախաճաշն արդեն պատրաստ է, մնաց ուտել և վազել դպրոց…
Անի Ավագյան