Շարունակում ենք մեր շա՜տ կարևոր գործը, ինչպես որ հարկն է, պատրաստվում ենք դիմավորել Ուսուցիչների տոնը: Եվ այսպես, ինչը կարող է ավելի ուրախացնել քո սիրելի ուսուցչին, քան ծաղիկները և քո ջերմ ու անկեղծ շնորհավորանքը: Իսկ եթե այս ամենը պատրաստված է քո ձեռքով, ապա էլ կասկած չկա. ուսուցչուհիդ պարզապես «կհալչի» նման ուշադրությունից: Բայց, այուամենայնիվ, հիշի՛ր, «9»-երն ու «10»-երը հենց այնպես չեն շարվելու դասամատյանում: Եվ դասերդ էլ պետք է պատրաստես նույնքան լավ, որքան ահա այս հրաշալի ծաղկային բացիկը քո սիրելի ուսուցչի համար:
Ուրեմն, սկսենք: Քեզ հարկավոր կլինեն գունավոր թղթեր, մկրատ ու սոսինձ: Նախ վերցրու կանաչ թուղթ և ձեռքդ դիր թղթի վրա: Մատիտով եզրագծիր ձեռքդ և թուղթը կտրիր՝ ըստ եզրագծի: Հետո վերցրու մի սպիտակ թուղթ ու «ձեռքդ» սոսնձիր վրան: Մյուս գունավոր թղթերից ծաղիկներ կտրատիր: Ծաղիկների ձևը կարող ես ընտրել ինքդ, նկարներում ներկայացված է երկու տարբերակ: Իսկ հիմա հենց քո «մատիկների» վրա էլ կշարենք ծաղիկները: Արա դա այնպես, ինչպես պատկերված է նկարում: Ապա վերցրու մեկ այլ գույնի թուղթ և դրանից կտրիր ծաղկաման ծաղիկների համար: Այն նույնպես սոսնձիր սպիտակ թղթի վրա:
Երբ սոսինձը չորանա, վերցրու թուղթը և ծաղիկների ու ծաղկամանի եզրագծերով կտրիր այն: Կարող ես սպիտակ թղթից փոքրիկ երիզներ թողնել բոլոր կողմերում: Դա ավելի յուրօրինակ տեսք կտա քո բացիկին: Ապա վերցրու կարմիր (կամ մեկ այլ գույնի) թուղթ, որը դու նախատեսել էիր բացիկի համար, ծալիր այն մեջտեղից և քիչ առաջ պատրաստած աշխատանքդ զգուշորեն սոսնձիր բացիկի վրա: Բացիկի բացվող կողմը նույնպես կարող ես կտրել՝ ըստ ծաղկամանի ու ծաղիկների եզրագծի: Սպասիր մինչև սոսինձը չորանա, գրիր քո մաղթանքները բացիկի ներսում և հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցիչների տոնին, շտապիր այն նվիրել ուսուցչուհուդ…
Այս էջում կարող ես գտնել ևս մեկ յուրօրինակ նվեր Ուսուցիչների տոնի համար: