ՌԵԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳ


2 shares
Ռեդյարդ Քիփլինգ

Ջոզեֆ Ռեդյարդ Քիփլինգն անգլիացի հայտնի արձակագիր, բանաստեղծ է: Նա ծնվել է 1865 թվականի դեկտեմբերի 30-ին Բոմբեյ քաղաքում, որը գտնվում է Հնդկաստանում: Ինչպես կարծում են շատերը, նրան կնքել են Ռեդյարդ համանուն գետի անունով, որի շրջակայքում էլ առաջին անգամ հանդիպել են իր ծնողները:

Քիփլինգի վաղ մանկությունը շա՜տ ուրախ ու անհոգ էր Հնդկաստանում, բայց հինգ տարեկանում նա իր քույրիկի հետ մեկնեց Անգլիա ուսում ստանալու:  Վեց տարի շարունակ Ռեդյարդն ապրեց հանրակացարանում, որի տիրուհին շատ վատ էր վերաբերվում նրան: Այս ամենն  այնքան վատ անդրադարձավ նրա վրա, որ գրողը մինչև կյանքի վերջ տառապեց անքնությունից:

12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան տարան ուսումնարան, որպեսզի հետո նա անպայման ընդունվի շա՜տ հեղինակավոր ռազմական ակադեմիա: Ուսումնարանի տնօրենը Ռեդյարդի հոր մտերիմ ընկերն էր: Եվ հենց նա էլ տղայի մեջ սերմանեց հետաքրքրություն ու սեր դեպի գրականությունը: Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող :

1882 թվականին Քիփլինգը վերադարձավ Հնդկաստան ու շարունակեց զբաղվել լրագրությամբ՝ երբեք չմոռանալով, սակայն, գրել բազմատեսակ հեքիաթներ: Իսկ 80-ականները Ռեդյարդ Քիփլինգի կենսագրությունում հայտնի են որպես ճանապարհորդությունների տարիներ: Շրջելով գրեթե ամբողջ աշխարհով՝ Քիփլինգը 1889 թվականի հոկտեմբերին եկավ Լոնդոն, ամբողջությամբ նվիրվեց գրականությանը և հենց այդ պահից էլ ճանաչում ձեռք բերեց: 1892 թվականին էլ նա ամուսնացավ:

Նա իրար հետևից հրատարակել է ամենատարբեր գրքեր՝ «Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները, «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկները: Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» վեպերը:

Ռեդյարտ Քիփլինգ

Ավելի հանրահայտ են, սակայն,  երեխաների համար Քիփլինգի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի` Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895):

1907 թվականին էլ Քիփլինգը դարձավ առաջին անգլիացին, ով արժանացավ Նոբելյան մրցանակի:

Բայց, չգիտես ինչու, փառքի ու հարստության տարիներին Ռեդյարտ Քիփլինգը խուսափում էր մարդկանցից և նույնիսկ զանազան մրցանակներից: Այդ իսկ պատճառով 1902 թվականին նա իր ընտանիքով տեղափոխվեց Սուսեքս խուլ գյուղ և ապրեց այնտեղ մինչև կյանքի վերջ՝ 1936 թվականի հունվարի 18-ը:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։