Մի ժամանակ մեր բոլոր հագուստները համերաշխ ապրում էին: Այն ժամանակ ամեն ինչ միասին էր. տաբատների վերին հատվածները, բաճկոններն ու վերնաշապիկները: Նրանք բոլորն ապրում էին մի պահարանում, որտեղ վարձով բնակություն էր հաստատել նաև մի մկրատ: Հագուստները հենց սկզբից որոշել էին ընկերություն անել նրա հետ, բայց ոչինչ չէր ստացվում, որովհետև մկրատը չար էր, շա՜տ չար: Անընդհատ բարկանում ու վախեցնում էր խեղճ հագուստներին… Մի օր էլ այնպես բարկացավ, որ վեր կացավ տեղից ու սկսեց կտրել նրանց ինչպես պատահի: Շատ կտրեց, թե քիչ, հավաքեց իրերն ու հեռացավ: Խեղճ հագուստներն այդպես պատռոտված մնացին այնքան ժամանակ, մինչև մի քնքուշ ձեռք օգնեց նրանց:
Այդ ձեռքը հերթով վերցնում էր հագուստներն ու նրանց վրա ինչ-որ բաներ կարելով՝ տեղը դնում: Հագուստները դարձյալ երջանիկ էին ու համերաշխ, որովհետև միասին էին իրենց նոր ընկերների՝ կոճակների շնորհիվ:
Ահա այսպես հայտնվեցին կոճակներն ու իրար միացրին ամեն-ամեն ինչ: Բայց կոճակները բացի բաժանված իրեր իրար միացնելուց նաև կարողանում են բարձրացնել մարդկանց տրամադրությունը… Նրանք իրենց գույներով ու աչուկներով (իսկ աչուկները կախված կոճակի ցեղատեսակից, լինում են չորսը կամ երկուսը) ժպտում ու ժպտեցնում են մեզ: Ա՛յ հենց հիմա միասին կպատրաստենք մի կոճակաշատ նկար ու դու ինքդ ամեն ինչում կհամոզվես:
Անհրաժեշտ են՝
Սպիտակ թուղթ
Մատիտ
Շագանակագույն ջրաներկ
Սոսինձ
Ուղղիչ սպիտակեցնող ներկ (շտրիխ)
Լի՜քը գունավոր ու ժպտերես կոճակներ
Ինչպե՞ս պատրաստել
-Սպիտակ թղթի վրա նախ մատիտով պետք է նկարել ծառի հաստ բուն և ճյուղեր:
-Ապա շագանակագույն ջրաներկով ներկել բունն ու ճյուղերը՝ նրանց ավելի բնական տեսք հաղորդելով:
-Երբ ջրաներկը չորանա, ուղղիչ սպիտակ ներկով պետք է մի փոքր սպիտակեցնել ծառը:
-Բազմազան ու բազմաչափ կոճակներն էլ՝ սոսնձել ճյուղերի ծայրերին:
Ահա և վերջ, պատրաստ է մեր կոճակաշատ նկարը, անսահման բարձր տրամադրությունն ու լա՜յն ժպիտը:
Անի Ավագյան