Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին, ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը:
Ֆրիտյոֆ Նանսեն Նորվեգացի գիտնական, բևեռախույզ
Հայաստանի Հանրապետությունը իր նախորդների՝ պատմական Հայաստանի, Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի շարունակությունն ու ժառանգորդն է: Այն հայ ժողովրդի դարավոր երազանք էր, որի իրականություն դարձավ 1980-ական թվականների վերջերին սկիզբ առած ազգային պայքարի և Ղարաբաղյան ազատագրական շարժման շնորհիվ:
Ավելի քան 70 տարի Հայաստանը գտնվում էր Խորհրդային միության կազմում և այդ ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը բռնակցված էր Ադրբեջանին: Ղարաբաղի բնակչությունը, հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, շարունակում էր պահանջել հնարավորություն՝ միանալու Հայաստանին: 1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Ղարաբաղյան շարժման հզոր ալիքը, որը տարածվեց ոչ միայն Ղարաբաղում և Հայաստանում, այլև ամբողջ Սփյուռքում: Այդ շարժումից անմասն չմնաց և ոչ մի հայ: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան հրապարակ՝ արտահայտելու ազատ ապրելու իրենց ցանկությունը:
1988 թվականի փետրվարի 28-29-ին Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում, ապա այլ բնակավայրերում կազմակերպվեց հայ բնակչության սարսափելի ջարդ, որից հետո առավել ակնհայտ դարձավ, որ հայության անվտանգությունը բացարձակապես երաշխավորված չէ Ադրբեջանի որևէ բնակավայրում: Սումգաիթից հետո Ղարաբաղյան շարժումը նոր թափ առավ:
«Դարաբաղյան շարժման օրերին հայ ժողովուրդը գաղափարի և ոգու այնպիսի միասնականություն էր ապրում, որպիսին հազվադեպ է պատահում: Երբ արթնացել են ժողովրդի ազատ ապրելու բնազդները, երբ նա պատրաստ է ամեն գնով համառորեն պաշտպանել իր մարդկային, ազգային ճշմարիտ իրավունքները, նա այլևս ուրիշ, ավելի բարձր, ավելի զորավոր ժողովուրդ է»:
Կիմ Բակշի (գրող, հրապարակախոս)
Ղարաբաղյան շարժումը դարձավ նաև Խորհրդային Միության կազմից դուրս գալու գործընթացի սկիզբը: Այդ ընթացքում փլուզման եզրին կանգնած Խորհրդային միության կազմից սկսեցին դուրս գալ մի շարք երկրներ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը համաժողովրդական հանրաքվեի միջոցով դուրս եկավ Խորհրդային միության կազմից և հռչակվեց անկախ հանրապետություն: Այսպես ծնվեց Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ չափազանց դժվար մի ժամանակ՝ տնտեսական ծանրագույն պայմաններում, մեծ զոհողությունների ու կորուստների գնով: Հայ ժողովուրդն այդ ամենը հաղթահարեց հերոսական ջանքերով՝ հասկանալով, որ ազատությունն ու անկախությունը վեր են ամեն ինչից: Նա կարողացավ ոչ միայն դիմակայել տնտեսական դժվարություններին, պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած խավարին ու ցրտին, սովի սպառնալիքին, այլև գրանցեց մեր պատմության ամենափառավոր էջերից մեկը՝ ազատագրելով Շուշին, ապա և Լեռնային Ղարաբաղը:
Հայաստանը հետզհետե սկսեց ոտքի կանգնել ու արձանագրել նոր նվաճումներ: Նա դարձավ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ (1992 թ. մարտի 2-ին), ընդունեց իր նոր խորհրդանիշերը՝ ազգային դրոշը, օրհներգը, զինանշանը: Իսկ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, որով Հայաստանը հռչակվեց ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ…
Իր ճակատագրի դարբինն է ամեն մի ժողովուրդ: Եվ վաղ թե ուշ նա դառնում է այն, ինչ որ ուզում էր լինել…