ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


3 shares

Արամ Խաչատրյանը հայ մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Վստահ եմ լսել ես նրա անունը և ամբողջ աշխարհում հայտնի նրա ստեղծագործությունները: Հիմա միասին կփորձենք ավելի լավ ճանաչել նրան, չէ՞ որ սիրում են այն, ինչը իսկապես ճանաչում են:

Արամ Խաչատրյանը տաղանդավոր կոմպոզիտոր էր, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ: Նա մեծ հռչակ էր վայելում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Աշխարհը ճանաչում է մեզ նաև նրա շնորհիվ, քանզի նրա ստեղծագործությունները պատվավոր տեղ են գրավում համաշխարհային դասական երաժշտության մեջ, մինչև այսօր կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում, հնչում նաև ռադիոյով, հեռուստատեսությամբ և բազմաթիվ հայտնի ֆիլմերում:

Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով» ` միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը… Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ։ Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական։

Էդուարդ Միրզոյան, կոմպոզիտոր

Արամ Խաչատրյանի ծնողները հաստատվել էին Թիֆլիսում, բայց ծնունդով հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Համեստ կազմարար Եղիա Խաչատրյանի չորս որդիներից ավագը՝ Սուրենը, ճանաչված թատերական գործիչ էր, ռեժիսոր, Լևոնը՝ երգիչ, ռադիոյի մենակատար: Բայց այս ընտանիքը պիտի փառաբաներ 1903 թվի հունիսի 6-ին ծնված կրտսեր որդին՝ Արամը:

Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է, – հետագայում գրում է Խաչատրյանը, – բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվեիր երաժշտական մթնոլորտի մեջ …

Թիֆլիսում ապրում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, ինչպիսիք են Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, նրանք իրենց ներկայությամբ հարստացնում ու աշխուժացնում էին Թիֆլիսի երաժշտական կյանքը:

Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանն ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է կրկնել շուրջը հնչող երաժշտությունը՝ յուրովի «մշակելով» այն: Նա մասնակցել է փողային նվագախմբի պարապմունքների, նվագել տենոր և բարիտոն: Փողային գործիքներին գործնականում տիրապետելը իր դրական դերն է խաղացել ապագա ստեղծագործողի կյանքում:

Չնայած Արամ Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում՝ ընդունվելով Մոսկվայի երաժշտական ուսումնարանի թավջութակի դասարան (1922 թվական): Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը՝ հնարավորություն ստանալով հանդես գալ համերգներով:

Թավջութակի լարված, նպատակամետ պարապմունքներին զուգահեռ, Արամ Խաչատրյանը դաշնամուրի դասեր էր ստանում, իսկ որոշ ժամանակ անց ընդունվեց նորաստեղծ կոմպոզիտորական դասարան: Կոմպոզիցիային նվիրվել նա որոշեց այն ժամանակ, երբ ձեռքերի հիվանդությունը (միազիտ) նրան ստիպեց հրաժարվել կատարող-թավջութակահարի մասնագիտությունից:

Իր երաժշտական կրթությունը Արամ Խաչատրյանը շարունակել է մինչև 1936 թվականը՝ սովորելով նաև կոնսերվատորիայում, ապա կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Իսկ 1950 թվականից սկսած արդեն ինքն է դասավանդել:

Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր:

Նա գրել է երաժշտություններ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» համար: Իսկ առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որ նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին:

aram khacahtryan 3

Արամ Խաչատրյանը իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, յուրովի և նորովի ներկայացրել դրանք ՝ հաշվի առնելով նաև համաշխարհային երաժշտության հսկայական փորձը:

Չնայած Հայաստանում ծնված չլինելու փաստին՝ Խաչատրյանը եղել է առաջին հերթին հայկական կոմպոզիտոր, ում ստեղծագործությունները գալիս են հայկական արմատներից և ունեն հայկական մեղեդայի գծեր։ Սակայն նրա ստեղծագործությունները զգալիորեն տարբերվում են ավանդական նվագախմբային թեմաներից: Խաչատրյանի ստեղծագործությունները ուղեկցվում են պարային երաժշտության վառ ռիթմով և հուզիչ տեմպով, միևնույն ժամանակ դրանք օրիգինալ ստեղծագործություններ են, որոնք վերամշակված են նոր գործիքավորումներով և եվրոպական երաժշտական կանոններով:

Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»։

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանը գրել է կոնցերտներ, սոնատներ, թավջութակի և դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաներ: Խաչատրյանն ազգային առաջին`«Երջանկության» բալետի, Հայաստանի Խորհրդային Հանրապետության օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» բալետները, որոնք բեմադրվել են բազմաթիվ երկրների բալետի թատրոններում: Գրել է թատերական և կինոերաժշտություն («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» (հատկապես հանրահայտ է վալսը), «Պեպո», «Զանգեզուր», «Ստալինգրադյան ճակատամարտ»):

Ես չեմ հասկանում, թե ինչպես են ժամանակակից կոմպոզիտորները կարողանում մեկուսացնել իրենց կյանքից և չեն ցանկանում աշխատել հասարակության շրջանակում։ Ինչքան շատ լինեն կյանքի հետ շփումից եկող տպավորություններ, այնքան շատ և լավ կլինեն ստեղծագործ մտքերը:

Արամ Խաչատրյան

1950 թվականից որպես դիրիժոր համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Եգիպտոսից մինչև Նորվեգիա, Ֆինլանդիայից մինչև Ճապոնիա, Լեհաստանից մինչ Լատինական Ամերիկա և Հավայան կղզիներ, և ամենուր ընդունվել մեծ ջերմությամբ:

aram khacahtryan 4

Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թ. մայիսի 1-ին երկարատև, ծանր հիվանդությունից: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան՝ համաձայն նրա վերջին ցանկության, և մայիսի 6-ին հողին հանձնվեց Արվեստի գործիչների պանթեոնում: Հայ ժողովրդի մեծ զավակի սգո թափորին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայրենակիցներ, բազմաթիվ օտարազգի բարեկամներ, որոնք վերջին հրաժեշտը տվեցին արվեստագետին:

Նա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի 20-րդ դարի երաժշտական զարգացման վրա, օրինակ եղել բազմաթիվ երիտասարդ կոմպոզիտորների համար, դարձել Հայաստանի իսկական հերոս։

Երևանի Օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ դահլիճը սկսած 1978 թվականից պաշտոնապես կոչվում է «Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ»։ Երևանում 1982 թվականին բացվել է Խաչատրյանի տուն-թանգարանը։

Իր կյանքի օրոք կոմպոզիտորը հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին հանձնարարված էր կազմել տուն-թանգարանի նախագիծը։

Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը։ Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել։ Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ, և ես կուզենայի հաստատել այն …

Արամ Խաչատրյան

Երաժշտական մի շարք դպրոցներ ամբողջ աշխարհում անվանված են Խաչատրյանի անունով՝ Վրաստանում, Մոսկվայում, Երևանում, Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում, Վոթերթաունում։ Խաչատրյանի անունով են կոչված փողոցներ Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Աստանայում (Ղազախստան) և Սիմֆերոպոլում (Ղրիմ)։

1999 թվականի հուլիսի 31-ին Խաչատրյանի՝ 3,5 մետր բարձրություն ունեցող արձանը, քանդակված Յուրի Պետրոսյանի կողմից, կանգնեցվեց Օպերայի և Բալետի Թատրոնի բակում: Խաչատրյանը միակ կոմպոզիտորն է, ով պատկերվել է հայկական դրամի՝ 50 դրամանոցի վրա (1998-2004): 2009 թվականին Ռուսաստանի ավիափոխադրող Աերոֆլոտ ընկերությունն իր ինքնաթիռներից մեկը անվանել է Խաչատրյանի անունով։ Արամ Խաչատրյանի անունն է կրում Խաչատուրյան աստերոիդը։ 2013 թվականին UNESCO հավաքագրել է Խաչատրյանի ձեռագիր նոտաների հավաքածու և գրանցել դրանք «Աշխարհի հիշողության գրանցամատյանում»։

Արամ Խաչատրյանը դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ… դարձել է մեր քաղաքակրթության վկայականը:

Համո Սահյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։