Աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո Լուկա Մոդրիչը նամակ ստացավ մի փոքրիկ երկրպագուհուց: Նամակում գրված էր.
«Թանկագին Լուկա, իմ քույրն օգնում է ինձ գրել այս նամակը, քանի որ ես դեռ փոքր եմ և միայնակ չեմ կարողանում գրել: Ես 5 տարեկան եմ:
Ե՞րբ ես ինձ հյուր գալու: Մենք միասին կզբոսնենք, իսկ հետո դու կհյուրընկալվես մեր տանը:
Ես սիրում եմ բոլորիդ, սակայն քեզ առանձնահատուկ շատ եմ սիրում: Դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես: Ես սիրում եմ հետևել քո խաղին, և ինձ դուր է գալիս, որ դու անազնիվ չես խաղում: Ես քեզ ծաղիկներ կնվիրեմ:
Իմ քույրիկին դուր են գալիս Սուբան և Վրսալկոն, մայրիկիս՝ Վիդան: Իսկ ես սիրում եմ քեզ:
Քո Սելենա»:
Փոքրիկ երկրպագուհու անունը Սելենա Բունյայի է. աղջկա մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստիկ լեյկոզ:
Սելենայի նամակը Մոդրիչին անպատասխան չի մնացել: Կարճ ժամանակ անց Սելենան ստացավ պատասխան նամակը, որում գրված էր.
«Թանկագին Սելենա,
Ես ստացել եմ քո հրաշալի նամակը, որն ինձ երջանկացրել է: Դու անհանգստացել ես իմ և Խորվաթիայի հավաքականի համար, իսկ մենք ջանք չենք խնայել քեզ համար: Քեզ պես քաջ երկրպագուների շնորհիվ է, որ մենք մեր ողջ ուժերը ներդնում ենք խաղադաշտում լավ հանդես գալու համար: Մենք միշտ զգում ենք, որ դուք մեզ հետ եք:
Սուբան և Շիմեն բարևում են քրոջդ, իսկ Վիդան՝ մայրիկիդ: Անձամբ ես քեզ լավագույն մաղթանքներն եմ ուղարկում և գրկում եմ:
Քո Լուկա Մոդրիչ»:
Լուկան նամակը ուղարկել է Խորվաթիայի ֆուտբոլային միության միջոցով և նամակի հետ ուղարկել է նաև խաղաշապիկ՝ իր ստորագրությամբ: