Այս նամակների հեղինակները դպրոցականներ են Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից: Իրենց հատուկ անկեղծությամբ երեխաները ոգևորում են ու շնորհակալություն են հայտնում մեր սահմանները պաշտպանող զինվորին, չէ՞ որ հենց այդ զիվորի շնորհիվ են խաղաղ անցնում մեր օրերը, նրա շնորհիվ են երեխաները ամեն առավոտ ուրախ դպրոց շտապում, իսկ մեծերը՝ աշխատանքի, նրա շնորհիվ ենք մեղք խաղաղ քուն մտնում, իսկ առավոտյան իրար ասում՝ բարի լույս:
Թող բոլոր առավոտները բարի լինեն մեր ու մեր զիվորների համար: Թող նրանց քաջությունն ու մարտական կարողությունները պետք գան միայն զորավարժությունների ժամանակ:
«Բարև, զինվոր եղբայրներ: Մենք շնորհակալ ենք ձեզ՝ ձեր անձնազոհության համար: Բարի ծառայություն ձեզ, իմ թագավոր եղբայրներ: Դիմացեք, շուտով կգանք և մենք, որ ձեզ փոխարինենք: Ատված ձեզ հետ»:
Հայկ, Երևան, 4-րդ դասարանի աշակերտ
«Շնորհակալ եմ քեզ, որ կաս, որ մեր պաշտպանն ես, սիրելի զինվոր: Հպարտ եմ, որ քեզ նման պաշտպան, հայրենասեր ու անձնազոհ զինվոր ունի մեր հայրենիքը: Բոլորիս երախտագիտությունը ձեր հերոսության, ձեր հպարտ կեցվածքի համար»:
Արմավիրի մարզ, Անի
«Բարև, հայ զինվոր՝ իմ քաջ եղբայր՝ հայոց ազգի մերօրյա հերոս: Մենք հպարտ ենք ձեզնով. հոգով ու սրտով միշտ ձեզ հետ ենք: Ես զինվորի քույր եմ ,դրա համար էլ եմ հպարտ: Դուք բոլորդ եք իմ եղբայրները:
Ես աղջիկ եմ, բայց պատրաստ եմ գալ ու միանալ ձեզ, համալրել ձեր շարքերը: Ափսոս, չեն թողնում: Քույրական իմ օրհնանքն ու սերը ձեզ, իմ եղբայր զինվորներ: Մենք սպասում ենք Ձեր հաղթական վերադարձին»:
Ռայա, Հովտամիջի 12-րդ դասարանի աշակերտուհի
«Նամակ ճակատում կռվող եղբայրներիս
10 ամսից հետո կգամ ծառայության ու կկանգնեմ ձեր կողքին: Ափսոս, որ հիմա չեն թողնում՝ գամ»:
Մանուկյան Հովհաննես
«Սիրելի եղբայր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ: Հպարտ եմ նաև, որ դու իմ եղբայրն ես (թույլ տուր այդպես անվանեմ քեզ):
Քո շնորհիվ ես պաշտպանված եմ զգում ինձ: Երբ գիտեմ, որ դու կանգնած ես սահմանին՝ հպարտ, արի անվախ, գեղեցկատես, և հսկում ես հայ ժողովրդի անդորրը, սիրտս ուռչում է հպարտությունից: Խնդրում եմ, խոստացիր ինձ, որ անպայման կվերադառնաս, և մենք քեզ մոտիկից տեսնելու հպարտությունը կվայելենք: Ես քեզ չեմ ճանաչում , բայց կարծես գիտեմ քեզ, քո անունը, հայ զինվոր: Մենք դեռ կհանդիպենք: Դե, ժպտա, հայ զիվոր, քո հաղթական ժպիտով մի ողջ հայ ազգ է հպարտանում»:
Գոհար
«Իմ հայ զինվոր, հավատում ու վստահում ենք քեզ, սպասում քո հաղթական վերադարձին: Քեզ եմ ձոնել բանաստեղծական այս պատառիկը.
Զիվորը՝ պոստին, ավտոմատն՝ ուսին,
Նայում է երկնի փայլող լուսնին,
Հիշում է նա իր քնքուշ մայրիկին,
Կարոտած սրտում, երազում կրկին:
-Մայրիկ, չտխրես, էլ դու չարտասվես,
Քո զինվոր որդու համար կաղոթես,
Որ Աստված լինի նրան պահապան
Ու հաղթած որդիդ տուն վերադառնա»:
Սիրով՝ Մայրանուշ
«Դեռ չլրացած 101 տարին,
Թշնամին կրկին կանգնեց սահմանին,
Որոշեց էլի տարածք գրավի,
Մտածեց՝ թե ՀԱՅԻՆ ծնկի կբերի:
Բայց ոսոխն անգամ չէր էլ մտածում,
Թե ինչ ՏՂԵՐՔ կան ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ:
Մենք հոգեպես ձեզ հետ ենք, սպասում ենք ձեր վերադարձին, որ համբուրենք ձեր հպարտ ճակատը»:
Լիլիթ Պապոյան
«Բարև, հայ զինվոր, ես Սուրենն եմ: Սովորում եմ չորրորդ դասարանում: Շնորհակալ եմ քեզ, որ դու մշտարթուն կանգնած հսկում ես սահմանը: Դու քո քաջությամբ, մեզնից վանում ես վախն ու անվստահությունը, հավատ ներշնչում՝ մեր հաղթանակի, մեր ապագայի նկատմամբ: Հուսով եմ,որ կգա մի օր , երբ ես էլ քեզ պես կծառայեմ ու պարտքս կտամ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ: Կաշխատեմ ամեն ինչով նմանվել քեզ, իմ զինվոր եղբայր, իմ հպարտություն ու պարծանք: Սիրելի զինվոր, դու նորից ապացուցեցիր, որ ընտանիքում և դպրոցում սերտածդ հայրենասիրության դասերը կյանքի ես կոչել՝ ողջանվեր տրվելով հայրենիքիդ:
Դու շարունակում ես արժանի լինել մեր հին ու նոր հերոսներ Հայկին, Տիգրանին, Վարդանին, Անդրանիկին, Նժդեհին, Մոնթեին: Իսկապես որ՝ քաջերի սերունդը քաջերն են: Փառք քեզ, հայ զինվոր, որ անմնացորդ նվիրումովդ չխնայեցիր անգամ ամենաթանկդ՝ ԿՅԱՆՔԴ, որ հայրենակիցներնդ ապրեն խաղաղ երկնքի տակ, որ ոսոխը չպղծի քո՝ արյունով ներկված սուրբ հողը: Ազգս հայոց նորից բռունցքվել է քո շնորհիվ: Կգան նորերը, կկանգնենք կողքիդ, որ չնոսրանան շարքերը մեր զինվորների: Կորստյան ցավի ու հպարտության արցունքներով սպասում ենք բոլորիդ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ: Մեր աղոթքները ձեր հոգիների ու ծաղկատի կյանքի համար»:
Հավերժ փառք ձեզ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:
Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտներ