# 18 ՀԵՔԻԱԹ. ԻՄԱՍՏՈՒՆ ԱՅԳԵՊԱՆԸ


2 shares

այգեպանԿար-չկար մի այգեպան կար: Ամբողջ աշխարհում խոսում էին նրա      աշխատասիրության և խելքի մասին: Նրա մշակած այգիները հազար անգամ ավելի պտղատու և հրաշագեղ էին, քան թագավորի այգիները: Նա սիրում էր իր աշխատանքը և պատվով կատարում էր այն: Եթե ուրիշ հողագործներ խնդրեին այգեպանին օգնել, ապա նա չէր մերժի և այնպես կաշխատեր, որ հողատերերը երբեք չէին դժգոհի:

Այդ աշխատասեր ու բարի մարդու և նրա այգիների համբավը հասավ թագավորին, որին շատ հետաքրքրեց այդ լուրը: Նա ցանկացավ իր աչքով տեսնել այգեպանի այգիները: Եվ մեծ շուքով ու շքախմբով գնաց տեսնելու այդ այգիները: Նա չկարողացավ զսպել իր զարմանքն ու հիացմունքը, երբ տեսավ այգեպանի ծաղկած այգիները: «Այսպիսի դրախտային այգիներ ունենալը միայն թագավորին է վայել»,-մտածեց թագավորը և նրան կարգեց իր այգիների գլխավոր այգեպան:

Այգեպանը սիրով ընդունեց թագավորի առաջարկը և առավել ջանասիրաբար սկսեց աշխատել թագավորի այգիներում: Այգիները օրեցօր ծաղկում էին և փարթամանում: Ճյուղերը կռանում էին բերքի ծանրությունից, թռչունները երգում էին, ջրերը կարկաչում…

Սակայն այգեպանը չէր մոռանում իր և մյուս հողագործների այգիները և գործից ազատ ժամանակն անցկացնում էր բոլորի օգնելով:

Թագավորը լսեց այդ մասին, զայրացավ և իր մոտ կանչեց այգեպանին:

-Այգեպա’ն,-ասաց նա,- դու աններելի հանցանք ես գործել:

-Ո՞րն է իմ հանցանքը, թագավորն ապրած կենա,- զարմացած հարցրեց այգեպանը:

-Քեզ ո՞վ է թույլ տվել, որ օգնես ուրիշ հողագործների և ծաղկեցնես նրանց այգիները: Մի՞թե դու չգիտես, որ թագավորի այգիները պետք է նմանը չունենան անբողջ երկրում: Ես ուզում եմ, որ իմ այգիներն ու պարտեզները տարբերվեն մյուսներից: Հիմա ես ի՞նչ պատիժ տամ քեզ, դու՛ ասա:

-Թագավորն ապրած կենա,-ասաց այգեպանը,- իրոք հանցավոր եմ քո առաջ, և եթե դու ուզում ես պատժել ինձ, ապա ազատ արձակիր, ես արժանի չեմ քո բարի վերաբերմունքին: Ես կգնամ, և թող Աստված կատարի քո արդար ցանկությունը:

Եվ այգեպանը հեռացավ: Նա գնաց և շարունակեց ծաղկեցնել հասարակ մարդկանց այգիները: Իսկ թագավորի այգիները տարիների ընթացքում այնպիսի խղճուկ տեսք ստացան, կարծես այնտեղ երբեք ոչ մի այգեպան չեր աշխատել:     Թագավորը հուսահատվում և տխրում էր: Նա սկսեց փնտրել այգեպանին և մի անգամ նրան տեսավ մի հողագործի այգում աշխատելիս: Ուրախացած թագավորը զսպեց իր գոռոզությունը և առաջարկեց այգեպանին  վերադառնալ իր մոտ:

-Դու ազատ կլինես և քո ուզած ժամանակ կարող ես օգնել հասարակ մարդկանց,- ասաց նա:

 Բայց այգեպանը հրաժարվեց:

-Թագավորն ապրած կենա, մի ժամանակ դու ինքդ ասացիր, որ ես մեղավոր եմ քո առաջ և պատժի եմ արժանի: Թույլ տուր իմ պատիժը մինչև վերջ կրել: Չէ՞ որ քո արդար վճռի շնորհիվ իրականացավ քո ցանկությունը. հիմա թագավորական այգիները տարբերվում են մյուսներին, և դա շատ լավ նկատվում է:

Թագավորը ոչինչ չկարողացավ պատասխանել, իսկ այգեպանը շարունակեց.

-Դու պետք է հասկանաս, որ քո երկրի հողագործների օգուտը քո օգուտն է, նրանց հաջողությունը` քո հաջողությունն է: Իմացի՜ր, որ երկիրը ժողովրդով է հարուստ:

Թագավորը գցեց թագը և գլխիկոր հեռացավ:

Սոնա Բեզիրգանյան

10 տարեկան

Վազգեն Ա-ի անվան
թ. 168 դպրոց


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։