# 23 ՀԵՔԻԱԹ. «ԱՄՊՆ ՈՒ ԱՄՊԻԿԸ»


հեքիաթ ամպն ու ամպիկը

Լինում  է,  չի  լինում,  մի  Ամպ է լինում:  Այս Ամպն  օրնիբուն աշխատում էր ,   ամբողջ  օրը տեղից տեղ էր թռչում, ջուր հասցնում  ծարավ  ծիլ  ու ծաղկին:  Երեկոյան, երբ  բոլորը  քնած  էին  լինում,  Ամպը  դարձյալ  աշխատում  էր:  Նա  թռչում  էր  դեպի  լեռնային  լճակը,  որտեղից  ջուր  էր  լցնում  իր  բյուր  ջրամանների  մեջ:  Նա  ջուրը  հավաքում  էր,  որպեսզի  հաջորդ  օրն  իր  աշխատանքը  շարունակի:

Ամպը  մի  փոքրիկ  որդի  ուներ` Թխպիկը:  Թխպիկը  շատ  չարաճճի  էր:  Նա  չէր  օգնում  իր  մայրիկին  ու չէր  լսում  նրան:  Ամբողջ  օրը  խաղում  էր  իր  համար:  Անհանգիստ  ամպիկը  ծառերի  ճյուղերն  էր  քաշքշում, նուրբ  ծաղիկների  վրա  թառում,  հանգիստ  չէր  տալիս  թիթեռներին  ու  բզեզներին:  Թռչունները  հեռու  էին  փախչում  նրանից,  գազանները  նրան  տեսնելուն  պես  թաքնվում  էին:  Պատուհանների  ապակիներին  էր  փարվում,  և  նրա  սառը  շնչից  ապակիներն  արտասվում  էին:  Նրանից  հոգնել  էին  նաև  ծերուկ  լեռնագագաթները:  Թխպիկը  փակում  էր  նրանց  աչքերը,  նստում  նրանց  ալեհեր  միրուքին  ու  անխնա  քաշքշում  նրանց  ճերմակ  մազերիը:

Բոլորը  բողոքում  էին  Ամպին:  Ամպը  չգիտեր  ինչ  անել:  Նա  անընդհատ  սաստում  էր  Թխպիկին,  բայց  Թխպիկը  չէր  հանդարտվում:  Մի  օր  էլ,  երբ  մայրը  բարկացավ  նրա  վրա,  նա  նեղացավ  ու  հեռացավ  տնից:  Թխպիկը  սկսեց  թափառել:  Նա  իրեն  անսահման  ուախ  ու  երջանիկ  էր  զգում:  Նա  շարունակում  էր  իր  սանձարձակ  արարքները:  Մի  օր  Թխպիկն  անցնում  էր  մի   խուլ  անտառի  վրայով:  Ներքևից  նրան  հսկա  ծառերը  ձեռքով  էին  անում:  Թխպիկը  չկասկածելով,  որ  իրեն  ծուղակ  է  սպասում,  իջավ  անտառի  վրա:  Նախ  նստեց  թխկու  վրա:  Ճոճվեց  նրա  ճյուղերին:  Հետո  լորենու  վրա:  Լորենու  բարակ  ճյուղերը  չկարողացան  պահել  նրա  ծանրությունը  և  ջարդվեցին:  Ջարդված  ճուղերի  տեղից  արցունքներ  հոսեցին:  Դրանք  ամենևին  չազդեցին  թխպիկի  վրա:

  Նա  քահ- քահ  ծիծաղեց  ու թռավ  կաղնու  վրա:  Այստեղ  նրան  ծուղակ  էր  սպասվում:  Կաղնու  հաստ  ու  պինդ  ճյուղերն  արագ  գերեցին  Թխպիկին:  Թխպիկը  հուսահատ  ճիգեր է  անում  դուրս  պրծնելու,  բայց  ճյուղերն  ամուր  բռնել  էին  նրա  փեշերը:  Թխպիկը  լաց  էր  լինում  ու  խնդրում:

– Բա՜ց  թող  ինձ,  խնդրում  եմ,  էլ  չարություն  չեմ  անի…

Կաղնին,  որ  վաղուց  էր  լսել  Թխպիկի  անպարտավան  արարքների  մասին,  բաց  չէր  թողնում  նրան:

– Ես  քեզ  կսովորեցնեմ  հարգել  բոլորին, – ասում  էր  կաղնին  և  ցավեցնելու  չափ  քաշում  էր  Թխպիկի  ականջները,  ճյուղերով  անխնա  հարվածում  նրան:  Խեղճ  Թխպիկի  շորերն  արդեն  պատառոտվել  էին:  Այդ  ժամանակ  նա  հասկացավ,  որ  ինչքան  վատ  է  վարվել  իր  մայրիկի  ու  բարեկամների  հետ:  Իսկ  մայրը  փնտրում  էր  կորած  որդուն:  Նա  արցունք  մաղելով  տեղից  տեղ  էր  թռչում,  կանչում  Թխպիկին,  բայց`  ապարդյուն:  Ամպը  հուսահատ  ձեռքերն  իրար  էր  զարկում:  Այնպես  էր  զարկում,  որ  հուր  կրակ  էր  դուրս  թռչում  ափերից:  Կայծակի  որոտը  տարածվում  էր  հեռու- հեռու:

Ամպն  ավելի  ուժեղ  արտասվեց:  Նրա  արցունքները  վարար  գետերի  պես  վայր  էին  թափվում`  ջրի  տակ  առնելով  ամեն  ինչ:  Մի  օր  էլ,  երբ  ամպն  իր  հույսը  կորցրել  էլ,  քամին  նրան  լուր  բերեց,  որ  տեսել  է  Թխպիկին`  խուլ  անտառում  գերի  ընկած:  Ամպը  սուրաց  դեպի  խուլ  անտառը:  Երբ  նա  տեսավ  պատառ- պատառ  եղած  Թխպիկին,  լաց  եղավ  ու  խնդրեց  կաղնուն:

– Բա՜ց  թող  որդուս,  խնդրում  եմ:

– Ո´չ  բաց  չեմ  թողնի, –  ասաց  կաղնին, – որդիդ  շատ  չար  է,  նա  պետք  է  պատժվի:

-Բա´ց  թող,  թե  չէ  ես  այնպես  կանեմ,  որ  ձեր  անտառի  բոլոր  ծառերը  կչորանան, – հոխորտաց  ամպը, –  հետո  կայծակով  կհարվածեմ  ու  կայրեմ  ձեզ:

Կաղնին  անդրտվելի  մնաց:  Ամպը  հեռացավ  անտառից:  Մի  ամբողջ  շաբաթ  արևի  կիզիչ  ճառագայթներն  անխնա  վառում  էին  ծառերի  կատարները:  Ամպը  հեռվից  դիտում  էր ,  թե  ինչպես  էին  ծարավից  տառապում  ծառերը:  Ծառերը,  հասկացան  որ  իրենք  անզոր  են  ամպի  առաջ,  խորհուրդ  արեցին  և  խնդրեցին  կաղնուն  բաց  թողնել  ամպիկ  Թխպիկին:  Կաղնին,  տեղի  տալով  եղբայրների  ու  քույրերի  խնդրանքին,  որոշեց  ազատել  ամպիկին:

– Գնա´,  բայց  երբեք  չմոռանաս  այս  օրերը  և  անպայման  դասեր  կքաղես  դրանցից:

ՈՒժասպառ  Թխպիկը  դանդաղ  վեր  բարձրացավ:  Ամպն  արագ  մոտեցավ  նրան:  Մայր  ու  որդի  իրար  գրկած  լաց  եղան:  Նրանց  արցունքներն,  իբրև  երախտագիտություն,  թափվեցին  ծարավ  անտառի  վրա:  Ծառերն  ուրախ  սոսափեցին:  Արևի  շողերից  ու  ամպի  արցունքներից  ծիածան  ծնվեց  ու  իր  գույներով  շողշողաց  երկնքում:  Թխպիկը  մայրիկից  ներողություն  խնդրեց  և  խոստսցավ  միշտ  լսող  ու  խելոք  լինել:  Դրանից  հետո  նա  միշտ  օգնում  էր  մայրիկին  և  չարություն  չէր  անում:  Բոլորը  սիրում  էին  Թխպիկին  ու  անհամբեր  սպասում  նրան:  Ամպն  ու  ամպիկը  շատ  երջանիկ  էին:

Սիլվա  Սարգսյան

11 տարեկան

ք. Երևան, Գալուստ  Գյուլբենկյանի  անվան № 190  դպրոց

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։