# 27 ՀԵՔԻԱԹ. «ՄԱՅՐԻԿԻՍ ՉԱՍԵՍ»


1 share
հեքիաթ մայրիկիս չասես

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում: Անունը` Մաշա: Մի օր Մաշան գնաց դպրոց:

– Դե, Մաշա, պատմիր դասդ` յոթներանգ ծաղկի մասին, – ասաց ուսուցչուհին:

– Վայ, վայ, – շշուկով ասաց Մաշան, – մոռացել եմ դասս սովորել:

– Չե՞ս սովորել: Հինգդ այսօր դառնում է երկուս: Գնա և ամենը պատմիր մայրիկիդ:

Մաշան` գլուխը կախ, տուն գնաց, սակայն որոշեց մայրիկին ոչինչ չասել: Այո՜, որոշեց չասել, չնայած գիտեր, որ մայրիկից ոչինչ չի կարող թաքցնել: Նա միշտ ինչ-որ հրաշքով ճիշտը կիմանա: Կամ ծիտիկը նրան կասի, կամ հարևանի կատուն…

-Ես չասեմ, բայց գետակը կասի, – տխուր մտածում էր Մաշան:

Նա վազեց գետակի մոտ ու ասաց.

-Գետակ, գետակ, սիրելի գետակ, շատ եմ խնդրում, չասես մայրիկիս երկուսի մասին:

Հետո մտածեց . “Ես չասեմ մայրիկին, գետակը չասի, բայց խնձորենին կասի”:

-Խնձորենի, սիրելի խնձորենի, չասես-չասես մայրիկիս:

“Ես չասեմ, գետակը չասի, խնձորենին չասի, բայց, ախր, արև կասի”, – նորից տխրեց Մաշան:

-Արև, սիրելի արև, չասես-չասես մայրիկիս:

“Ես չեմ ասի, գետակը չի ասի, խնձորենին չի ասի, արևն էլ չի ասի… Երևի, այս անգամ մայրիկը չի իմանա”, – մտածեց Մաշան:

Սակայն Մաշան էլի ուրախ չէր: Նա չէր սիրում ինչ-որ բան թաքցնել մայրիկից:

Երբ նա հասավ մայրիկի մոտ, ուրախ ձայնով  ասաց.

-Բարև, իմ սիրելի մայրիկ:

-Բարև, աղջիկս, – պատասխանեց մայրիկը: Հետո, ուշադիր նայելով Մաշայի դեմքին, հարցրեց.

-Մաշա, ի՞նչ-որ բան է պատահել: Միայն թե ճիշտն  ասա: Ես կարծում եմ, դու կամ երկուս ես բերել, կամ էլ ինչ-որ այլ բան է պատահել:

-Ո՜չ, մայրիկ ջան, ի՞նչ պետք է պատահեր:

Մայրիկը նորից ուշադիր նայեց Մաշայի կլոր աչքերին և այս անգամ այնտեղ պարզ տեսավ ուսուցչուհու զայրույթը: Հետո նայեց Մաշայի ճակատին և տեսավ “անտեսանելի” երկուսը: Բայց մայրիկը ոչինչ չասաց: Նա միայն ժպտաց ու Մաշային տուն տարավ: Մաշան անհանգիստ էր, բայց մի պահ նա իրոք մտածեց, որ մայրիկը ոչինչ չիմացավ:

Եկավ գիշերը: Մայրիկը Մաշային պառկացրեց անկողնու մեջ, տաքուկ-տաքուկ ծածկեց վերմակով և գնաց իր ննջասենյակ: Մաշան քնեց և տեսավ հետաքրքիր մի երազ: Ահա թե ինչ էր տեսնում Մաշան երազում:

Արև էր, գետակը վազում էր, խնձորենին երեխաներին խնձորներ էր բաժանում: Մայրիկը դուրս եկավ բակ`արևի, գետակի ու խնձորենու մոտ: Հանկարծ մայրիկի ականջին հասավ նրանց խոսակցությունը, որը Մաշայի երկուսի մասին էր:

-Ի՞նչ է պատահել, – հարցրեց մայրիկը:

-Ոչինչ, – պատասխանեց արևը:

-Ոչինչ, ոչինչ, ոչինչ…- արագ-արագ ասաց գետակը:

Չէ որ նրանք խոստացել էին Մաշային չբացել նրան գաղտնիքը:

-Ոչինչ, – գետակի հետևից կրնեց խնձորենին, բայց խնձորներն ամոթից կարմրեցին:

Ինչ հետաքրքիր բան ստացվեց: Մայրիկը երազում էլ որոշեց սպասել Մաշայի ճշմարտությանը:

Մաշան արթնացավ, մի քիչ շուռումուռ եկավ և նորից քնեց: Քնել էր նաև մայրիկը: Նա էլ էր երազ տեսնում:

Մայրիկի երազը.

Կրկին պայծառ օր: Մայրիկը դուրս եկավ բակ և սկսեց փնտրել Մաշային: Նա որոշել էր Մաշային պատմել նրա աչքերում բացահայտված գաղտնիքի մասին:

-Մաշա, ուզում եմ ասել քեզ, – բարկացած ձայնով ասաց մայրիկը, – որ ես գիտեմ քո երկուսի մասին: Սպասում եմ քո խոստովանությանը:

-Ի՞նչ երկուս, մայրիկ, ի՞նչ ես ասում, – հուզվեց Մաշան:

Մայրիկը մտածեց. «Միգուցե սխալվե՞լ եմ»:

Եվ նա որոշեց ուղղել իր սխալը, Մաշայի համար շատ համեղ կերակուր պատրաստեց և նրանք միասին նստեցին սեղանի շուրջ:

Առավոտյան, երբ երկուսն էլ արթնացան, մայրիկն իրականում որոշեց ուրախացնել իր աղջկան և պատրաստեց շատ համեղ խմորեղեն: Իսկ Մաշան որոշեց վերջապես ասել մայրիկին ճշմարտությունը: Մաշան գնաց մայրիկի մոտ, կախեց գլուխն ու ասաց.

– Մայրիկ, ես երկուս եմ ստացել:

– Ոչինչ աղջիկս, կարևորը ճշմարտությունն է, – պատասխանեց մայրիկը և ջերմորեն գրկեց իր սիրելի աղջնակին:

Աննա Աղաջանյան

8 տարեկան

ք.Երևան, թ.88 դպրոց


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։