ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ


25 shares

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչ՞ու եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:

Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝, Մասիսն հայոց:

Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չնես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դարնա գինի:
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:

Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հաոյոց մահն է ուզում…
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:

Հովհաննես Շիրազ

ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին…
– Լսի’ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Նրանո’վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո’վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո’վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր…
Բա’ց շուրթերդ, խոսի՜ր, անգի’ն,
Ժիր դայլայլի՜ր, ի’մ սիրասուն,
Թող մանկանա’ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն…
Պահի’ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի’ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո’ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:

Սիլվա Կապուտիկյան

***
Սիրում եմ քեզ հայոց լեզու,
Մայրիկիս պես անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարանում
Կարդում, գրում, արտասանում։

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված։

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։

Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել կյա՛նքը մեր և… կյանքի՜ց էլ թանկ
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն։

Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և… դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցո՛ւնքը, սակայն… և արյո՛ւնը սև,
Բայց մենք չենք զրկվել… մեր բերնի համից.
-Քաղցրացել ենք մենք… մեր քաղցր բառով,
Մեր մայրենահամ անուշ բարբառով։

Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշույնով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն… իզո՜ւր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հավատո՜վ անգամ…

Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով.
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով։
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ… սրտերո՜ւմ։

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող.
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում։
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում…
Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից.
(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)
Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,
Այլև մասո՜ւնք ես,
Մասո՜ւնք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած։

Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասո՜ւնքս ո՜րն է։
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի…

Պարույր Սևակ

ՀԱՅԵՐԵՆ

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ,
Հայերեն։

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերին,
Եկ խոսենք, մի´շտ խոսենք
Հայերեն։

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս է դարերեն,
Նա անվերջ խոսում է
Հայերեն։

Զավակիդ Հայկազյան դպրոց տար,
Եկ գրենք Մեսրոպյան տառերով,
Եկ խոսենք մեր անուշ
Բարբառով։

Մեր հանդեպ ապագա լուսեղեն,
Թող հնչի մեր լեզուն վեհորեն,
Թող այրվի մեր հոգին
Այդ հրեն։

Մեզ ցրեց մեր բազուկ անօրեն,
Թե կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք, եկ խոսենք
Հայերեն։

Այս օտար աշխարհի ցրտերում
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք
Հայերեն։

Խաչիկ Դաշտենց


Like it? Share with your friends!

25 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։