# 30 ՀԵՔԻԱԹ. «ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐԸ»


8 shares
Հեքիաթ Դյուրահավատ թագավորն ու նրա աղջիկը

Մի  քաղաքում իշխում էր Սիմոն թագավորը: Նա ուներ կին և տասնմեկ տարեկան մի դուստր: Նրանք երջանիկ էին մինչև այն օրը, երբ Էլիզայի մայրը,այսինքն`թագուհին, երեք տարով մեկնեց  ճանապարհորդության:

Թագավորը շատ դյուրահավատ էր ու վստահում էր ամեն մարդու,ով խոսքով կարողանում էր համոզել: Մի օր պալատ եկավ մի անծանոթ կին իր դստեր հետ: Նրանք ներկայացան թագավորին և ասացին, որ փրկել են քաղաքը կործանումից  և հորինեցին մի պատմություն,որին թագավորը հավատաց: Այդ կնոջը նշանակեց  իրենից հետո երկրորդը թագավորությունում:

Խաբեբա կինն ու նրա աղջիկը տեսան,որ իրենց գործերը հաջող են գնում, որոշեցին էլ առաջ գնալ: Նրանք չէին սիրում Էլիզային, որովհետև նա խելացի էր և կարող էր խոչընդոտ  լինել իրենց ճանապարհին. չէ՞ որ կեղծավոր կինը ուզում էր զբաղեցնել թագուհու տեղը: Մի անգամ չար կնոջ աղջիկը կեղծ  լաց էր լինում, երբ մոտեցավ թագավորը:Նա հարցրեց,թե ինչու՛ է լաց լինում: Չար աղջիկն ասաց,որ իբր Էլիզան իրեն  վիրավորական  խոսքեր է ասել: Թագավորը բարկացավ ու հրամայեց Էլիզային  իր սենյակից մեկ օր դուրս չգալ`առանց լսելու նրա բացատրությունները:Աղջիկը շատ էր նեղացել,բայց հորը սիրում էր և լսում էր նրան: Հույս ուներ,որ մի օր վերջապես կհասկանա,որ խաբեբաներ են, և կվռնդի պալատից:

Մի օր չար կինը ասաց, որ դստեր ծննդյան օրն է, և պետք է նշեն: Թագավորն էլ շատ  նվերներ ուղարկեց,նաև մի փափուկ արջուկ: Խորամանկ կինը երեկոյան թաքուն արջուկը տարավ արքայադստեր սենյակ և թողնելով այնտեղ`պահարանի մեջ, հեռացավ: Առավոտյան չար աղջիկը աղի արցունք էր թափում `ասելով,որ իր արջուկը անհետացել է: Թագավորի ծառաները ամենուր փնտրեցին կորած արջուկը և գտան արքայադստեր պահարանում`խնամքով թաքցրած:Լուրը հասավ թագավորին,  և նա կանչեց բոլորին: Չարը ասաց,որ Էլիզան նախանձել է իրեն,այդ պատճառով էլ գողացել է արջուկը: Էլիզային չլսեցին էլ: Հրամայված էր  նրան երկու օր փակել գոմում ձիերի այլ կենդանիների հետ,որտեղ էլ պիտի քներ խոտերի վրա: Աղջիկը արցունքը աչքերին գոմ է տարվում:

Գիշերը ամպրոպ էր, կայծակը փայլատակում էր երկնքում ` վախեցնելով աղջկան: Բայց գոմում ավելի սարսափելի էր, և նա որոշեց դուրս գալ և փախչել այնտեղից:Փոքրիկ պատուհանը կամացուկ բացեց,դուրս եկավ,անցավ պահակի դռան մոտով ու փախավ մթության մեջ: Նա ուզում էր  հեռանալ արդեն խորթ  դարձած  տնից, հորից և այլևս չվերադառնալ: Անձրևը խանգարում էր, բայց նա խենթի պես վազում էր,կարծես գայլեր էին ընկել հետևից: Ու չգիտեր` անձրև՞ն էր առատ,թե՞արցունքները,որոնք թրջել էին դեմքը:

Երբ շատ հեռու էր,կանգ առավ ու փորձեց հանգստանալ,բայց վախը ավելի ուժեղացավ մթի պատճառով: Տեսավ մոտիկ մեծ-մեծ ժայռեր,մոտեցավ  ու կծկվեց դրանց տակ: Ինքն էլ չիմացավ,թե ինչպես աչքերը փակվեցին ու քնեց: Առավոտյան արթնացավ ու տեսավ,որ ինքը ժայռի տակ չէ, այլ մի հրաշք ծառի տակ,որի ճյուղերին տերևների փոխարեն ճերմակ փետուրներ էին: Տեսավ իրեն մոտեցող մի կնոջ,որը ժպտում էր: Սիրտը թպրտաց,կարծեց,թե մայրն է, բայց,ո՛չ ,մայրը չէր: Հրեշտակի նման կինը Էլիզային ասաց,որ  չվախենա, վստահի  իրեն, և ինքը կօգնի  նրան: Նաև ասաց, որ անհապաղ  ճանապարհ  պիտի ընկնի: Էլիզային  խնդրեց, որ բարձրանա ծառի վրա: Զարմացած Էլիզան բարձրացավ ծառի վրա, ու հանկարծ ծառը տեղից պոկվեց,դարձավ  հրեղեն թռչուն:Էլիզան հազիվ հասցրեց ամուր բռնել ծառից,ավելի ճիշտ`թռչունից, ու նա երկինք բարձրացավ: Մի քանի րոպեից սուրացող թռչունը իջավ  ինչ-որ քաղաքի վրա:

Էլիզան իջավ գետին,և թռչունը ասաց,որ աղջկան կսպասի այդտեղ: Էլիզան հասկանում էր,որ այդ քաղաքում ինչ-որ բան է լինելու,և առաջ գնաց:Նա անցավ քաղաքի փողոցներով ու ոչինչ չտեսավ ու չլսեց: Շատ էր հոգնել,ուզում էր նստել մի տեղ և հանգստանալ: Մտավ մի խանութ:Նա խանութպանից մի կտոր հաց խնդրեց և  ասաց,որ փող չունի: Խանութպանը հրաժարվեց մի կտոր հաց տալ և ասաց,որ հաց կտա,եթե աղջիկը իր պարանոցի շղթան իրեն տա: Էլիզան չուզեց տալ,որովհետև  դա  իր մայրիկն էր նվիրել, և շատ թանկ էր իր համար: Բայց քաղցը շատ էր տանջում, երկու օր էր`ոչինչ  չէր կերել և վերադարձավ ու վերցրեց հացը`խանութպանին տալով մոր նվերը: Աղջիկը նստեց խանութի առջև  և կերավ ցամաք հացը:Հետո տեսավ,թե ինչպես  խանութպանը տնտղեց զարդը ու կախեց մյուս զարդերի կողքը: Տխուր հեռացավ այդտեղից`չիմանալով ինչ անել:

Երբ անցնում էր մի պարսպի մոտով,հանկարծ աչքով ընկավ մի նկար,որ փակցրած  էր  պատին մի քանի տեղով: Այնքա՜ն ծանոթ էին թվում այնտեղ պատկերված կնոջ ու փոքրիկ աղջկա դեմքերը: «Դե իհա՜րկե, չար վհուկն ու իր աղջիկը,ինչպես կարող է մոռանալ նրանց զզվելի դեմքերը: Բայց սպասի՛ր, այս ի՞նչ է գրված նրանց մասին: Աստվա՛ծ իմ,նրանք այս քաղաքի թագավորին են սպանել,  թալանել նրան ու փախել:Հիմա փնտրվում են ամենուր և շատ վտանգավոր են»: Էլիզան գոհ էր ու ժպտում էր, բայց հանկարծ մի բան հիշեց,արագ պոկեց նկարը և վազեց այնտեղ,որտեղ պիտի գտներ թռչունին: Դեռ հեռվից տեսավ հրաշք ծառը,արագ բարձրացավ նրա վրա և խնդրեց  հասցնել իր հոր պալատ:

Ծառը վերափոխվեց  թռչունի, և մի քանի ակնթարթից աղջիկը իր հոր պալատի առջևում էր: Նա տեսավ չար կնոջը,որը թթված դեմքով իրեն էր նայում,չէր կարողանում իր դժգոհությունը թաքցնել: Բայց Էլիզան այլևս չէր վախենում նրանից ու ուղիղ գնաց  թագավորի սենյակ: Թագավորը շատ ուրախացավ, երբ տեսավ դստերը ողջ ու առողջ:Էլիզան էլ  նրան էր կարոտել ու ներել ամեն ինչի համար: Նա հորը ցույց տվեց նկարը,բացատրեց ամեն ինչ, ու ապշած հայրը հրամայեց բռնել չարագործ կեղծավորներին: Այդպես էլ արեցին:Իրենց  շքեղ սենյակում  Էլիզայի հանդեպ  հերթական   չարագործությունը ծրագրելիս էլ բռնեցին նրանց ու ստիպեցին խոստովանել իրենց մեղքը:

Հայրը գրկել էր Էլիզային ու անվերջ ներում էր խնդրում,իսկ Էլիզան էլ ասում էր,որ վաղուց  ներել է, ու չի պակասել իր սերը նրա հանդեպ: Այդ երջանիկ  պահին հայտնեցին,որ  վերադարձել է թագուհին: Էլիզան շրջվեց և տեսավ մորը: Նա ձեռքին ամուր բռնել էր մի բան`Էլիզային նվիրած շղթան,որը նա պատահաբար,գուցե և ոչ պատահաբար տեսել էր օտար քաղաքի խանութում, ճանաչել ու գնել էր  այն,հարցուփորձ արել ու ամեն ինչ իմանալով`որոշել էր վերադառնալ դստեր ու ամուսնու մոտ:

 Էլիզան նստել էր նրանց մեջտեղում և կատարյալ երջանիկ էր զգում իրեն,ինչպես  առաջ էր: Ի՞սկ չարագործ կինն ու նրա խաբեբա  աղջիկը… Նրանք ստացան իրենց արժանի պատիժը:

Մարիամ Կարապետյան

12 տարեկան

Գեղարքունիքի մարզ, գյուղ Մադինա


Like it? Share with your friends!

8 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։