Լինում է- չի լինում մի գեղեցիկ, չէ՛, չէ,՛ ավելի շուտ երկու հեքիաթային թագավորություններ են լինում: Երկուսն էլ հիասքանչ, երկուսն էլ յուրովի: Իսկ հիմա ուշադի՛ր…
Առավոտ էր: Արևի շողերը ողջունում էին երկրին: Ցողը նստած էր ծաղկունքի վրա: Արդեն երկու- երեք ժամ էր, ինչ արեգակը սփռել էր իր լույսը ամբողջ թագավորությամբ: Դարպասների մոտ կանգնած էին զրահապատ և հաղթանդամ պահակները: Իսկ ներսում՝ դարպասներից այն կողմ, մի դղյակ էր: Դղյակը շատ մեծ էր ու գեղեցիկ, ուներ բազմաթիվ սենյակներ: Դղյակի շուրջ գույնզգույն և բուրավետ պարտեզն էր, նրանից այն կողմ ծավալվում էր մի հսկա անտառ: Ինչպիսի՜ գեղեցկություն, ինչպիսի՜ հրաշք: Ինչպե՜ս կարող է մարդ արարծը այդպիսի հրաշք ստեղծել: Սակայն ինչու՞ եմ զարմանում. չէ՞ որ Աստված է ստեղծել այն գրեթե կատարյալ էակներին, որոնք մենք ենք, և մեզ է շռայլել այն շնորհքը ,որով կարող ենք ինքներս հրաշքներ արարել:
Ինչևիցե, անցնենք առաջ: Այս հեքիաթային գեղեցկության մեջ ապրում էր մեկը, ով կորցրել և մոռացել էր ինքն իրեն: Դա արքայորդին էր՝ մի հաղթանդամ տղա, որով հպարտանում և որին սիրում էին ոչ միայն պալատականները, այլև ամբողջ թագավորությունը: Նա շատ խելացի էր, ուժեղ ու քաջ: Առաջինն էր որսորդության մեջ, ինչպես թագավորությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա պաշտում էր կարգուկանոնը, սիրում էր հաղթանակը, իսկ հիմա… հարստությունը: Անընդմեջ կրկնվող հաջողություններն ու հաղթանակները նրան դարձրել էին մեծամիտ,գոռոզ և եսասեր:
Արքայազնի սենյակը ամենամեծն էր դղյակում: Ամբողջ սենյակով մեկ պատերին կախված կամ կահույքի վրա խնամքով դասավորված էին նրա պարգևները և որսորդությունից բերված կենդանիների գլուխները: Սենյակի պատուհանները երկուսն էին: Մի պատուհանից երևում էր աշնան գույներից բոցավառված բազմերանգ և խիտ անտառը,իսկ մյուսից՝ մի հիասքանչ ծով, որի ալիքների ձայնը և կարմրակտուց ճայերի ներկայությունը (որոնք իրենց հերթին դարձել էին ծովի անբաժանելի և հավատարիմ ընկերը) ստեղծում էին մի միջավայր, որտեղ կարեղ ես խորհել ապագայիդ և գալիք գործերիդ մասին:
Այգաբացին ավելի գեղեցիկ էր այն պատուհանը, որից դուրս գտնվում էր սաղարթախիտ անտառը: Ծառերի ստվերները,թափանցելով ներս, դարձնում էին սենյակը հեքիաթային: Իսկ մայրամուտին գեղեցիկ էր դառնում մյուս պատուհանը, երբ լուսնի շողերն ընկնելով ծովի վրա ստեղծում էին մի փոքրիկ արահետ, որը տանում էր դեպի մյուս թագավորություն: Եվ ամեն այգաբացին, բացելով մետաքսյա վարագույրները, լույսը ներս էր թափանցում և բարի օր մաղթում ազնվազարմ ժառանգին: Երբ իջնում էր գիշերը , պատուհանագոգին նստած արքայազնը սիրում էր նայել լուսնյակին և զմայլվել նրա գեղեցկությամբ, ի մի բերել իր անցկացրած օրը, ապա պառկել՝ վայելելու անուշ քունը:
Այժմ թողնենք մեր ազնվազարմ արքայորդուն իր դղյակում և գնանք թագավորության մյուս կողմը: Այնտեղ՝ ծովից այն կողմ, կար մի այլ դղյակ և մի այլ հեքիաթ: Դարպասներից այն կողմ բացվում էր մի չքնաղ տեսարան: Փոքր- ինչ առաջանալով՝ կարողանում էիր վայելել վարդերի, մանուշակների, երիցուկների բույրը: Հեռվում երևում էր մի ճերմակ դղյակ, որի ամենագեղեցիկ սենյակում ապրում էր պալատի ամենագեղեցիկ օրիորդը՝ արքայադուստրը: Նրանով և նրա գեղեցկությամբ հիացած էին բոլորը: Նրա ննջարանը զարդարված էր իր ձեռագործ աշխատանքներով և բուրավետ ու երփներանգ ծաղիկներով: Իսկ պատուհանը նայում էր ծովին և նրա մյուս ափին գտնվող դղյակին: Չնայած իր խելքին, գեղեցկությանն ու շնորհքին՝ նա մեծամիտ և գոռոզ չէր: Սիրում էր ամենքին և օգնում բոլորին: Սիրում էր բնությունը, ծովը, այն աշխարհը, որտեղ ապրում էր: Ա՛յ ,նա իսկապես հպարտությունն էր իր ծնողների :
Լավ, իսկ այժմ վերադառնանք արքայազնի մոտ: Նա օր օրի էլ ավելի գոռոզ և մեծամիտ էր դառնում: Խեղճ թագավորն ու թագուհին կարծես հայտնվել էին մի մութ բավիղում, որտեղից ելք չկար: Արքայազնը անգթորեն վատնում էր հոր կարողությունը, ծաղրում իր մտերիմ ընկերներին, պալատականներին անտեսում, իսկ ծնողների վրա ուշադրություն չէր էլ դարձնում: Ապրում էր միայն իր համար, իր աշխարհում,իր վայելքների մեջ. նրա ուշքն ու միտքը հաղթանակներն էին:
Հուսահատված թագավորն ու թագուհին վճռում են դիմել իմաստունին: Գալիս է ամբողջ թագավորության ամենախելացի մարդը և լսում ծնողներին: Իմաստունը գտնում է լուծումը և առաջարկում զրուցել արքայազնի հետ: Պատանին իր ծնողների աղաչանքից և հորդորից հետո դժվարությամբ գնում է ծերունու մոտ: Իմաստունը, երկար նայելով նրա աչքերին, հարցնում է.
– Ի՞նչն է քեզ համար այս կյանքում ամենակարևորը և ինչի՞ց կամ ումի՞ց չես հրաժարվի երբեք:
Տղան քմծիծաղ տալով պատասխանում է, որ իր համար առաջնայինը իր հաղթանակն է, իր կարողությունը: Ծերունին գլուխը խոնարհելով դուրս է գալիս և ասում ծնողներին.
-Զինվե՛ք համբերությամբ և հետևե՛ք իմ խորհրդին:
Ծերունու խորհրդով աշնանային մի գեղեցիկ օր թագավորության սուրհանդակը նամակ է տանում հարևան թագավորություն և նրանց հրավիրում խնջույքի, իհարկե, իրենց դստեր հետ միասին:
Բացվում է լուսավոր առավոտը, լսվում է ձիերի սմբակների դոփյունը, արքայական շքախումբը ուղեկցում է թագավորին, թագուհուն և արքայադստերը դեպի հարևան թագավորություն:
Արքայադստեր գեղեցկությունը ընդգծում էր վարդագույն նրբագեղ զգեստը , բարակ իրանը գրկում էր մի ճերմակ գոտի, երկար պարանոցը զարդարում էր մարգարտյա ապարանջանը, իսկ ոսկեգույն վարսերը հասնում էին մինչև գոտկատեղ: Երբ ժամանեցին, դարպասների մոտ նրանց դիմավորեցին մեծ ցնծությամբ և սիրով: Նրանց դիմավորում էին պալատականները, որոնց մեջ էր նաև արքայազնը: Տեսնելով արքայադստերը՝ արքայազնը մոռացավ ամեն ինչ : Արքայազն ու արքայադուստրը կարճ ժամանակ անց մտերմացան: Նրանց հաճախակի հանդիպումները արքայազնին մոռացնել տվին իր երբեմնի հաղթանակների մոլուցքները:
Օրեր անցան, և մի օր լուր եկավ , որ արքայադուստրը ծանր հիվանդ է: Այս գույժը ցնցեց արքայորդուն, նա տեղը չէր կարողանում գտնել: Նա խառնեց ամբողջ թագավորությունը, որ գտնի մեկին, ով կկարողանա օգնել իր հարսնացուին: Եվ ի՜նչ զարմանք. հայտնվեց այն նույն իմաստունը…
Արքայազնը ծնկաչոք աղերսում էր փրկել իր կյանքի ամենաթանկ էակին՝ իր ամենամեծ ու միակ սիրուն: Ծերունին, երկար մտածելով, ասաց, որ կօգնի միայն այն դեպքում, եթե տղան հրաժարվի իր կարողությունից, պարգևներից: Արքայազնը միանգամից համաձայնեց և երբ պատրաստվում էր հանել իր զարդերը, իմաստունն ասաց.
-Գնա՛, որդի՛ս,քո սերը կփրկի նրան, և թող երբեք միտքդ չմթագնի:
Տղան գլխապատառ դուրս նետվեց: Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատահեց: Երբ հանդիպեցին երկու սիրող սրտերը, վերացան բոլոր ցավերն ու հիվանդությունները:
Եվ վերջում, հեքիաթի վերջում երկնքից ընկավ երեք խնձոր. առաջինը՝ գրողին, երկրորդը՝ լսողին, իսկ երրորդը… երրորդը՝ նրան, ով երբեք չի կրկնի արքայորդու սխալը:
Դիանա Բաղդասարյան
15 տարեկան
ք.Երևան,
«Այբ» ավագ դպրոց