ՀԵՔԻԱԹ 34. «ՊԻՊԻՆՈՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ»


1 share
Հեքիաթ Պիպինոյի երազանքը

Կար-չկար մի թագավորություն, որտեղ ապրում էին կրիաների գերդաստանը` թագավոր և թագուհի կրիաները ունեցել էին իրենց առաջնեկին, որը ի տարբերություն մյուս կրիաների, մեծանում էր օր-օրի և աչքի էր ընկնում արագաշարժությամբ և խելացիությամբ: Նրան անվանակոչել էին Պիպինո անունով: Նա շատ ընկերասեր էր և ուներ բազմաթիվ ընկերներ և նրան միշտ թվում էր, որ պետք է լինի իր նման մեկը իր կողքին: Պիպինոյի թագավորությունը շատ գեղեցիկ էր:

 Պիպինոն մի անգամ իմաստուններից լսել էր մի Հեքիաթային կղզու մասին և նրա երազանքն էր հայտնվել այդ կղզում: Նա իր ծնողներին` թագավորին և թագուհուն խնդրեց, որ իրենց թագավորության հրաշագործներին և իմաստուններին հրավիրեն խորհրդի և օգնեն իրեն հասնել Հեքիաթային կղզի, որտեղ ապրում են հեքիաթների բոլոր հերոսները և Պոլիտա անունով արքայադուստր կրիան, որը ճիշտ և ճիշտ իր նմանակն էր:

Իմաստունների և հրաշագործների օգնությամբ պատրաստվեց այնպիսի մի օդապարիկ, որը մի քանի րոպեում Պիպինոյին պիտի հասցներ Հեքիաթային կղզի: Չէր հասցրել հաշվել տասը, երբ հայտնվեց կղզում: Աչքերին չէր հավատում. լսել էր, որ կղզին շատ գեղեցիկ է, բայց, նույնիսկ իր երազներում այն այսպիսի դրախտային չէր պատկերացրել: Հեռվից երևաց Մոխրոտի և Արքայազնի` բյուրեղապակե կոշիկի նման դղյակը, որը հեռվից փայլում էր կապույտ երկնքում ժպտացող արևի ճառագայթներից: Դղյակը շրջապատված էր ստվարախիտ և սլացիկ ծառերով, որոնց ստվերում կանաչ դաշտի մեջ սփռված են բազմերանգ և հոտավետ բյուրավոր ծաղիկներ, որոնք իրենց փոքրիկ գլխիկները պարզելով դեպի վեր կարծես աչքով էին անում օդում ծլվլացող բազմահազար թռչուններին:

Պիպինոն` այս ամենից հիացած ու արբեցած, ինքն էլ չիմացավ, թե ինչպես քայլերն իրեն հասցրեցին դղյակի` հսկայական քանդակ հիշեցնող դռներին: Այդ պահին դռներին մոտեցան հավատարիմ դռնապան կապիկները, սիրալիր ողջունեցին և, իմանալով, թե ով է իրենց հյուրը, շտապեցին տեղեկացնել իրենց գեղատես տիրուհուն` Մոխրոտին: Մոխրոտն ու Արքայազնը, իմանալով թանկա•ին հյուրի մասին, անհապաղ դուրս եկան նրան ընդառաջ և հրավիրեցին դղյակ: Պիպինոն մտնելով ներս` հիացմունքից կարկամել էր և իր խոշոր աչքերով հետաքրքրությամբ նայում էր չորս բոլորը, այստեղ պատերը ամբողջությամբ բյուրեղապակուց էր, որոնց միջից ներս էին թափանցում արևի զվարթ շողերը, որոնք խաղում էին ոսկեզօծ կահ-կարասիների գույների հետ: Պիպինոն մի փոքր ուշքի գալով, վերջապես սկսեց խոսել և պատմեց, որ եկել է այստեղ գտնելու Պոլիտա արքայադստերը: Մոխրոտն ու Արքայազնը նույնպես լսել էին Պոլիտայի գեղեցկության, խելացիության և արագաշարժության մասին և խոստացան, որ կօգնեն Պիպինոյին գտնելու Պոլիտայի դղյակը: Արքայազնը անմիջապես կանչում է իր խորհրդականին, որը մի բարի և իմաստուն ծերուկ էր ու մի քիչ էլ հրաշագործ: Իմանալով Պիպինոյի ցանկությունը` նա տալիս է կրիային մի ոսկեթել կծիկ, որը պիտի առաջնորդեր նրան դեպի Պոլիտայի դղյակ:

Շնորհակալություն հայտնելով իրեն ջերմ հյուրընկալելու համար` նա դուրս է գալիս բյուրեղապակյա դղյակից և կծիկը գլորում: Կծիկը գլորվելով բացվում է և ցույց տալիս ճանապարհը: Ճանապարհը անցնում էր խիտ անտառի միջով, որը հասցրեց մի տան: Տունը կարմիր էր և նման էր գլխարկի: Պիպինոն իսկույն ճանաչեց Կարմիր գլխարկի և տատիկի տունը: Հեռվից բուրում էր տատիկի հայտնի կարկանդակների անուշ բույրը: Մոտենալով տանը` թակեցին դուռը և ներսից լսվեց տատիկի ձայնը.

– Պարանը ձգեք, դուռը կբացվի:

Իսկապես` Պիպինոն ձգեց պարանը և դուռը բացվեց: Ներս մտնելով կրիան զգաց տան ջերմությունը: Կարմիր գլխարկը օգնում էր տատիկին կարկանդակ պատրաստել: Նրանք Պիպինոյին հրավիրեցին թեյելու և համտեսելու դեռևս տաք կարկանդակները: Զրույցի ընթացքում Պիպինոն պատմեց իր փոքրիկ պատմությունը: Տատիկը նույնպես լսել էր Պոլիտայի մասին և շատ ուրախացավ, որ նա էլ կգտնի իր նմանին: Հրաժեշտ տալով կարմիր տնակի բնակիչներին` Պիպինոն շարունակում է ճանապարհը և հանդիպում մի ճերմակ ապարանքի, որտեղ բնակվում էին Սպիտակաձյունիկը, իր արքայազնի և յոթ թզուկների հետ: Թագավորությունը այնքան մեծ էր և սպիտակափայլ, որ ասես հենց նոր ձյուն եկած լիներ: Ապարանքի կողքին կային յոթ թզուկների համար նախատեսված փոքրիկ և գունավոր տնակներ: Այստեղ կյանքը շատ ուրախ և աշխույժ էր: Սպիտակաձյունիկը այդ պահին բակի անուշաբույր ծաղիկներից մի գեղեցիկ փունջ էր կազմում, երբ ներս մտավ Պիպինոն: Սպիտակաձյունիկը տեսնելով իր վաղեմի ընկերոջը` շատ ուրախացավ: Նրանք զբոսնում էին այգու կանաչ ծառուղիներում և զրուցում: Երբ Սպիտակաձյունիկին պատմեց, թե ինչու է այստեղ, նա Պիպինոյին անմիջապես հրավիրեց ապարանքի վերնահարկ, որտեղից երևում էր Հեքիաթային կղզու բոլոր թագավորությունները: Նրանց մեջ Պիպինոն նկատեց մի թագավորություն, որը նման էր ոսկեգույն պատյանի` զարդարված թանկարժեք քարերով:

Արևածագին, շարունակելով կծիկի ցույց տված ճանապարհը, Պիպինոն հասավ Ոսկեգույն Պատյան թագավորություն: Նրա սիրտը ուրախությունից թևեր էր առել. վերջապես տեսնելու է իր երազանքների արքայադուստր Պոլիտային: Թագավորության բնակիչները զարմանքով նայում էին Պիպինոյին: Նրանք երբևէ չէին տեսել իրենց արքայադստեր նման մեկին: Շտապեցին այդ մասին հայտնել Պոլիտային, որը ոչ մի կերպ չէր հավատում նրանց խոսքերին, մտածելով, որ հյուրը հարևան թագավորություններից է եկել, սակայն, չմերժելով իր բնակիչների հորդորները,  որոշեց ընդառաջ գնալ հյուրին: Պալատականները նրան ուղեկցեցին հյուրի մոտ: Հեռվից տեսնելով Պիպինոյին նա զարմանքից քար կտրեց, հյուրը կարծես իր նմանակը լիներ: Նրանք անմիջապես ընկերացան: Պոլիտայի հայրն ու մայրը, իմանալով հյուրի ով լինելը, նրա պատվին պարահանդես կազմակերպեցին և հրավիրեցին կղզու բոլոր բնակիչներին: Մեզ արդեն ծանոթ կախարդական օդապարիկի միջոցով Պիպինոյի ծնողները ևս հայտնվեցին այդ զվարթ պարահանդեսին: Պարահանդեսը տևեց յոթ օր և յոթ գիշեր, իսկ Պիպինոյի և Պոլիտայի ընկերությունը շարունակվեց հավերժ:

 Էվելինա Դողանյան

9 տարեկան

ք. Երևան, Գ. Նժդեհի անվան
N 161 դպրոց

 


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։