ՀԵՔԻԱԹ 35 «ՀԵՔԻԱԹ ԱՆՁՆԱԶՈՀ ԿԱԿԱՉԻ ՄԱՍԻՆ»


8 shares
Հեքիաթ Անձնազոհ կակաչի մասին

Լինում է, չի լինում, մի գեղեցիկ դրախտային պարտեզ է լինում: Բոլորը համոզված էին, որ դրախտը շատ նման է եղել մեր նկարագրած պարտեզին:

Այստեղ ապրում էին թագուհի Վարդն ու ինքնասիրահարված Նարգիզը, համեստ Երիցուկն ու աղմկարար Զանգակը, ամաչկոտ Մանուշակն ու նրբագեղ Հիրիկը, անուշահոտ Մեխակն ու անձնազոհ Կակաչը: Իսկ թե ինչու էր Կակաչն անձնազոհ, հենց այդ մասին է այս հեքիաթը:

Պարտեզում օրերն անցնում էին խաղաղ և միանման: Ամեն առավոտ պարտեզ էր մտնում Պարտիզպանը և զրուցում բոլոր ծաղիկների հետ: Նրան թվում էր, թե ծաղիկները հասկանում են իրեն: Ծաղիկներն իսկապես հասկանում էին նրան և պատասխանում, միայն թե Պարտիզպանը չէր լսում նրանց ձայնը: Նա սիրով խնամում էր ծաղիկներին, ջրում էր, փխրեցնում և պարարտացնում հողը, հեռացնում չորացած ճյուղերն ու տերևները:

Պարտեզի թագուհին Վարդն էր: Նա շատ գոռոզ ու հպարտ ծաղիկ էր: Ոչ մեկը չուներ նրա խելքահան անող բուրմունքն ու փարթամ տեսքը: Բոլոր ծաղիկները սիրահարված էին նրան, բայց վախենում էին խոստովանել դա, քանի որ Վարդն արհամարհում էր բոլորին: Նա միշտ կրկնում էր, որ ինքը բոլորից բարձր է իր դիրքով և ծագմամբ:

Բայց բոլորից շատ Վարդին սիրում էր Կակաչը: Նա Վարդին սիրում էր ամբողջ հոգով, բայց չէր համարձակվում խոստովանել այդ մասին: Մի անգամ Կակաչը փորձել էր քայլել Վարդի կողքով, բայց նրա արհամարհական ժպիտը տեսնելով, քաշվել էր պարտեզի մի անկյունը:

Օրերից մի օր տանտիրուհին պատվիրում է Պարտիզպանին տուն բերել մի գեղեցիկ ծաղկեփունջ: Առավոտյան պարտեզ մտնելով Պարտիզպանն այդ մասին հայտնում է ծաղիկներին: Բայց ոչ ոք չէր ցանկանում հեռանալ  սիրելի պարտեզից ու մայր թփից: Բոլորը նայում էին Վարդին ու համոզված էին, որ Պարտիզպանը նրան կընտրի: Վարդը դողում էր: Նա վախից կծկվել էր և կախել իր հպարտ գլուխը: Այդ ժամանակ Կակաչը ձգվեց դեպի Պարտիզպանը և կարծես խնդրեց, որ հանգիստ թողնի Վարդին և նրա փոխարեն քաղի իրեն: Պարտիզպանը չլսեց Կակաչի ձայնը, բայց հիացավ նրա գեղեցկությամբ և քաղեց նրան:

Հանուն  Վարդի Կակաչը զոհեց իր կյանքը, բայց նա չէր զղջում: Երբ Պարտիզպանը տանում էր նրան, նա շրջվեց և վերջին անգամ հիացավ Վարդի գեղեցկությամբ: Կակաչի հայացքից Վարդը շիկնեց, կախեց գլուխը և շատ բան հասկացավ: Նա հասկացավ, որ կորցրեց մի հավատարիմ ու անձնազոհ ընկեր: Վարդի թերթիկներից կաթում էին վաղորդյան  ցողի կաթիլները…

 Սաթենիկ Առաքելյան 

10 տարեկան

ք. Երևան,  № 53 դպրոց

 


Like it? Share with your friends!

8 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։