Փոքրիկ տղան շատ էր սիրում ազատ ժամանակ մուտք գործել համացանց, որտեղ նա իրեն զգում էր շատ հզոր և ամենակարող: Երբ տղան զբաղվում էր տարբեր տեսակի խաղերով, կարծես թե դառնում էր այդ խաղերի արքան, նա մտովի կարծում էր, թե կարող է մտնել համակարգչի էկրանի մեջ և ինքնուրույն թելադրել խաղի կանոնները ու անձամբ դառնալ խաղի հերոսներից մեկը:
Մի անգամ` հերթական անգամ խաղալիս, փոքրիկ հայտարարություն կարդաց. «Խնդրում եմ աշխարհը փրկելու համար կապվել ինձ հետ»: Հայտարարությունը տղային զարմացրեց, միաժամանակ, հետաքրքրեց, որի համար էլ նա առանց մտածելու մկնիկն ուղղեց հայտարարության վրա և սեղմեց:
Տղան իր բնույթով արկածախնդիր էր, նա համոզված էր, որ աշխարհի փրկությունը կախված է հենց իրենից: Մկնիկը հայտարարության վրա սեղմելուց հետո, նա իր գեղեցիկ և մեծ աչքերով մի քանի վարկյան ուշադիր նայեց էկրանին` սպասելով, թե ինչ է կատարվելու: Սակայն բավականին երկար սպասելուց հետո փոքրիկը, ոչ մի հրաշքի ականատես չլինելով` գլուխը դրեց սեղանին ու ննջեց: Երկար էր ննջել, թե կարճ, հանկարծ արթնացավ մի անբնական սուլոցից, կարծես տարբեր մարդիկ անդադար սուլում էին:
Երբ տղան բացեց աչքերը, զարմանքից ապշեց` տեսնելով համակարգչից դուրս եկած և դեպի իր կողմն ուղղված նուրբ ձեռքը:Մի պահ չհասկացավ, թե ինչ է կատարվում,սակայն երբ հիշեց աշխարհը փրկելու մասին հայտարարությունը, միանգամից բռնեց իրեն պարզված ձեռքը ու անմիջապես հայտնվեց ինչ- որ անհայտ աշխարհում:
Նրան շրջապատել էին բազմաթիվ մարդուկներ, որոնք աղերսական հայացքով նայում էին տղային ու փորձում էին ինչ-որ բան հասկացնել:Տղան անմիջապես հասկացավ, որ ինքը կանչված է` փրկելու մարդուկների աշխարհը, և աջ ու ձախ նայելով` փորձում էր հասկանալ իր անելիքը:
Տղայի հայացքն ընկավ երկնակամարում գտնվող տարօրինակ լուսատուին, որը ուներ քառակուսի կառուցվածք:Տղան զարմացավ ոչ թե դրա ձևից, այլ այն բանից, որ բազմաթիվ մարդուկներ արևին էին հենել փայտյա հենարաններ և փորձում էին այն բռնել:
Տեսնելով մարդուկների մտահոգ դեմքերը` տղան հասկացավ, որ այդտեղ է կանչվել մարդուկների աշխարհն արևն այնտեղ ընկնելուց փրկելու համար: Նա միանգամից վազելով գնաց դեպի հենակներով արևը բռնած մարդուկների ուղղությամբ:Տղային թվում էր, թե մարդուկները շատ մոտ են, սակայն, երբ արդեն ուժասպառ եղավ, հասկացավ, որ նրանց հասնելն այդքան էլ դյուրին չէ:Տղան, հավաքելով ուժերը, արագ շարժվեց արևի ուղղությամբ: Նա տեսնում էր, որ արևը համարյա հասել է երկրին ու կանխազգում էր, որ դա անդառնալի է մարդուկների աշխարհի համար:
Նա լարեց իր վերջին ուժերը ու համարյա սողալով հասավ արևին:Տղան շատ զարմացավ, որ իր մի թեթև հպումով արևը կտրուկ, կարծես զսպանակի միջոցով բարձրացավ վերև ու մնաց օդից կախված:
Մարդուկները, տեսնելով այդ, սկսեցին ուրախությունից թռչկոտել: Տղան հասկացավ, որ ինքը փրկեց մարդուկների աշխարհը:
Երբ տղան արթնացավ, տեսավ, թե ինչպես են բազմաթիվ մարդուկներ համակարգչի էկրանի մեջից իրեն ձեռքով անում…..
Էռնեստ Բատիկյան
11 տարեկան
Անանիա Շիրակացու անվան ճեմարան