Կար-չկար մի տղա կար, անունը` Միթե: Միթեն գիտեր, որ չար կախարդը խլել է իր պապերի երկիրը, ուր աճում էին Արտամետի խնձորները: Եվ քանի որ Միթեն շատ էր փոքր երկիրը ետ բերելու համար, որոշեց գերությունից փրկել Արտամետր խնձորները:
Ճիշտ է, Միթեն հայր չուներ, սակայն դա նրան չէր խանգարել մեծանալու խիզախ, ազնիվ ու նպատակասլաց: Նա ամեն անգամ քնելուց առաջ մտքում խնձորենիներին հասնելու ամենակարճ ճանապարհն էր մտմտում: Ու մի օր էլ, ստանալով մոր օրհնությունը, Միթեն ճանապարհ ընկավ դեպի իր պապերի երկիրը, որ էլ իրենը չէր:
Բաժանումից առաջ մեծ եղբայրը Միթեին նվիրեց իր արծաթյա մատանին և ասաց.
-Հենց որ տեղդ դժվարանա, պտտիր մատանին, և ես ծտի թևով քեզ կհասնեմ, Մի՛թե:
Ճանապարհը երկար էր ու դժվարին: Միթեն շատ գնաց, թե քիչ, շատն ու քիչը Աստծուն է հայտնի, հանդիպեց սպիտակամորուք մի ծերունու, որը նստել էր ճանապարհների խաչմերուկում:
– Բարով ես եկել, փոքրիկ Մի՛թե, բարով ես եկել:
Միթեն շփոթված կանգ առավ. «Այս պապիկը որտեղի՞ց գիտի իմ անունը»:
Ծերունին, զգալով Միթեի շփոթմունքը, ասաց.
-Եթե աջ գնաս, կմոռանս նպատակդ, բայց շատ հարուստ կլինես: Եթե ձախ գնաս, կհասնես թագավորության, եթե ուղիղ գնաս, կհանդիպես չար կախարդին, որ գիշերուզօր հսկում է Արտամետի խնձորենու տնկիները:
Առանց երկար մտածելու Միթեն ընտրեց ուղիղ ճանապարհը:
-Վերցրու՛ ծխամորճս ու սանրս, այն քեզ ճանապարհին շատ պետք կգա…
Միթեի սրտի ջերմությունից երկար ու ձիգ տարիներ ցավից ու կարոտից քարացած թռչունները, ծառերը, անտառները միանգամից արթնացան.
-Մենք քեզ երկար ենք սպասել, Մի՛թե, բարով ես եկել քո պապերի տուն: Մի՛թե, մի՞թե եկել ես մեզ տուն տանելու:
Ի՜նչ հրաշալի է, – երգում էին թռչունները:
-Ի՜նչ հրաշալի է, – պարում էին լեռները:
-Ոնց որ հեքիաթում, – ծփում էին անտառները:
-Ուու՜ու՜, այս ո՞վ է համարձակվել խախտելու իմ թագավորության սահմանները, ուու՜ու՜, – ոռնում էր չար կախարդը:
Միթեի մարմնով սարսուռ անցավ. նա շատ մոտ զգաց կախարդի շունչը: «Մի՞թե ես վախենում եմ»,- անցավ Միթեի մտքով: Նա գրպանում շոշափեց ծխամորճն ու սանրը, ծնկեց ու համբուրեց հողը և զգաց, որ երակներն ուռչում են, որ սիրտն արագ է բաբախում:
-Վառի՛ր ծխամորճը, Մի՛թե, – հուշում էին թռչունները, – շո՛ւտ արա:
Միթեն փակեց աչքերն ու պարզ, շատ պարզ տեսավ Վահագն Վիշապաքաղին, Ավարայրի Վարդանին: Իսկ մոտիկ, շատ մոտիկ Մեժ ու Փոքր Մասիսներն էին` ուս ուսի տված, ուսերին լավաշներ, փեշերին խավրծիլ, որ Միթեին ծանոթ իր մանկության պես ծանոթ մի պար էին պարում: Միթեն կռացավ ու մի խավրծիլ պոկեց:
-Դասարանում հաստատ պետք կգա, – անցավ Միթեի մտքով:
Միթեն վառեց ծխամորճը, և ամեն ինչ պատվեց թանձր մշուշով: Օգտվելով մշուշից` Միթեն քաշեց հանեց խնձորենու փոքրիկ տնկիները ու փախավ:
-Չե՛մ տա, – գոռում էր կախարդը, – սրանք իմն են, իմն են խնձորենիները, իմն է այս թագավորությունը` վկա երկնքում լուսնի մահիկը, վկա` պատվական մորուքս…
-Միթեն շնչակտուր վազում էր: Թիկունքում քառատրոփ լսեց:
-Չեմ հասցնի, – վախեցավ Միթեն ու հետ նայեց:
Թռի՛ր մեջքիս, մարդկային լեզվով խոսեց թևավոր ձին,- ես Պեգասն եմ, ամուր բռնվիր ու պինդ կաց: Չար կախարդը իր զորքով գազազած գալիս է…
Միթեն թռավ ձիու մեջքին ու թեթևացած շունչ քաշեց:
-Նետի՛ր սանրը, – նորից խոսեց ձին:
Միթեն նետեց սանրը, ու նրանց թիկունքում անանցանելի ու խիտ մացառներ աճեցին: Միթեն չէր հասցրել աչքը թարթել, մեկ էլ ձին խոսեց.
-Տեղ հասանք, իջիր՛: Բրաբիոնից հյուսված այս դրասանգը քեզ համար է, հանիր՛ վզիցս, ու ոչ մի բանից մի՛ վախենա, դժվար պահերին ես միշտ քո կողքին կլինեմ, չէ՞ որ դու հրաշալի տղա ես, մնաս բարով, – ասաց ձին ու անհետացավ:
Միթեի աչքերում ուրախության ու երախտագիտության արցունքներ հայտնվեցին:
Նա զգուշությամբ բացեց իրենց տան դուռը:
-Ես բերեցի տնկիները, մայրի՛կ, – ասաց Միթեն դողդողացող ձայնով:
Մայրը գրկաբաց ընդառաջ եկավ.
-Ես գիտեի, ես վստահ էի, ես համոզված էի…
Միթեն տխրեց: Նա շատ կուզեր, որ իր հեքիաթն էլ ավարտվեր աշխարհի բոլոր հեքիաթների նման, այսինքն երկնքից 3 խնձոր ընկներ` մեկը` ասողին, մեկը` լսողին, մեկն էլ գիշերուզօր անդադար երազողին:
-Համբերի՛ր, տղա՛ս, ա՛յ կմեծանաս, ետ կբերես պապերիդ երկիրը ու էն ժամանակ երկնքից ոչ թե երեք, այլ բյուր-բյուրավոր խնձորներ կընկնեն, համբերի՛ր, տղա՛ս…
Մհեր Մկրտումյան
12 տարեկան
Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտի միջնակարգ դպրոց