Անտառի ամառային կանաչ գույները հետզհետե փոխվում էին աշնանային գույների` վառ կարմիր, ոսկե դեղին, դարչնագույն: Բնությունը իր զարմանալի գույներով էր ներկել անտառը: Փչում էր սառը քամին, հուշում, որչ աշուն է և շուտով գալու է ցրտաշունչ ձմեռը: Անտառի բնակիչները յուրովի էին պատրաստվում ձմռան գալստյանը: Յուրաքանչյուր կենդանի իր բույնը լցնում էր ձմռան պաշարով:
Անտառի մեջ բնակվում էր արջերի մի ընտանիք, նրանք էլ զբաղված էին վայրի տանձ, ընկույզ, հատապտուղ -ներ հավաքելով: Նրանց ընտանիքում կար երկու քոթոթ` երկուսն էլ չարաճճի: Արջ մայրիկը մեծ արջուկի հետ առավոտյան գնաց մորի հավաքելու, իսկ հայրիկը փոքրի հետ գնաց գետ ` ձուկ բռնելու: Բավականին հեռու էր գետը և քոթոթը այս ու այն կողմ էր վազվզում, մինչև հասան ու սկսեցին ձուկ որսալ: Հայր արջը բռնած ձկներին հավաքում էր ու տալիս քոթոթին, որ պահակություն անի մինչև հայրը նոր ձուկ կբռնի: Արջուկը շատ աշխույժ էր ու անհամբեր:
Նա նստել էր, բայց ուշքն ու միտքն խաղալն էր, վազվզելը` փոքրիկ թռչունների կամ թիթեռների հետևից: Արդեն իջնում էր երեկոն, ու արևը քիչ- քիչ թաքնվում էր սարի հետևում: Արջը նույնպես շտապում էր, նա ուզում էր շատ ձուկ բռնել ձմռան համար: Բայց արի ու տես, որ չարաճճի քոթոթը երկար չդիմացավ: Նայում էր դես ու դեն, թռվռացող ծիտիկներին ու մոռացավ, թե ինչ էր իրեն հանձնարարված :
Վազեց գունավոր ու երգեցիկ մի ծիտիկի հետևից, որ ծառից ծառ թռչելով գնում էր անտառի անորոշ ուղղությամբ: Քոթոթը գնաց ծիտիկի հետևից և չզգաց , թե ինչպես մոլորվեց անտառում:
Երբ արջ հայրիկը ձուկը բերել էր իր քոթոթ պահակի մոտ, տեսավ ձագը չկա. շփոթվեց, այս ու այն կողմ նայեց, ձայն տվեց, բայց շուրջը լուռ էր ու ոչ ոք չկար: Խեղճ ծնողը անհանգստացավ ու կարծեց, թե ձագը չի սպասել ու մենակ է տուն գնացել, նա էլ հավաքեց որսը ու ձայն տալով քայլերն ուղղեց դեպի տուն: Հասվ տեղ. որջում միայն մայր արջն ու մեծ ձագն էին, հայրիկը շատ տխրեց ու լացակումաց հայտնեց, որ փոքր ձագուկը կորել է: Ծնողները մեծին թողեցին տանը, իսկ իրենք դուրս եկան փնտրելու փոքր ձագին:
Բավականին ուշ էր ու անտառում մութ: Արջերը շատ թափառեցին, բայց չգտան ձագուկին ու տուն եկան այն հույսով, որ քոթոթը տուն վերադարձած կլինի:
Չարաճճի քոթոթը կորցրել էր ճանապարհը և վախեցած վազում էր ու վազում, լաց էր լինում, բարձր մռնչում, որ իրեն լսեն հարազատները: Շատ վազվզեց քոթոթը ու հասավ մի տնակի: Տնակի պատուհանից լույս էր երևում , իսկ բակում մի մեծ ցախի կույտ կար , դա անտառապահի տնակն էր, որը մի բարի պապիկ էր: Պապը լսել էր արջի ձայնը և դուրս եկել: Վախեցած արջուկին տարավ տուն կաթ լցրեց ամանի մեջ ու դրեց քոթոթի առաջ: Արջուկը վախից կծկվել էր անկյունում ու չօգտվեց պապի հյուրասիրությունից: Նա միայն մտածում էր, թե ինչ է լինելու իր հետ, որ ծնողները հիմա իրեն են կանչում ու աչքերի առաջ հերթով հարազատների դեմքերն էին գալիս ու անհետանում: Մերթ ընդ մերթ լսում էր նրանց ձայնը, գլուխը բարձրացնում նայում էր դուրս ու նորից տխրում:
Անտառապահը հասկանում էր, թե ինչ է կատարվում արջուկի հոգում, որովհետև նա շատ էր սիրում կենդանիներին ու հասկանում նրանց:
Գիշերը դժվար ու դանդաղ էր անցնում և՛ ձագուկի, և՛ արջ ծնողների համար: Վաղ առավոտ էր , որ արջերը նորից գնացին իրենց ձագին փնտրելու:
Անտառապահը արթնացավ, լվացվեց ու դուրս գնաց: Արջուկը զարմացած նայում էր ու զգում, որ պապը ուրախ է: Այո՛, նա ճիշտ էր հասկացել , որովհետև օրը կիրակի էր ու պապին հյուր էր գալու թոռնիկը: Երբ թոռը գա, մտածում էր պապը, տեսնի քոթոթին , շատ կուրախանա: Այդպես էլ եղավ ու թոռնիկը անընդհատ մոտենում էր ձագին շոյում և ուզում խաղալ նրա հետ, բայց քոթոթի տխուր ու թախծոտ աչքերը լրիվ ուրիշ բան էին ասում, գտնել իր ծնողներին ու իրենց տուն գնալ:
Արդեն կեսօր էր. մեղմ փչում էր քամին ու աշնանային չոր տերևները խշխշալով թափվում էին ցած: Հանկարծ բացվեց դուռը ու ներս մտավ պապը` ձեռքին մի գեղեցիկ ժապավեն: Թոռի հետ ժապավենը կապեցին արջուկի պարանոցին ու միասին դուրս եկան: Նրանք որոշել էին գտնել ու վերադարձնել ձագին: Անտառապահը բռնեց դեպի գետը տանող ճանապարհը: Ծնող արջերը թափառելուց հոգնած նույնպես հասան գետափ, որտեղից որ կորել էր իրենց սիրելի ձագուկը: Դեռ չէին հասցրել նստել հանգստանալու, երբ դիմացի ափից թփերի հետևից դուրս եկան երեք ստվեր: Արջերը իրենց աչքերին չէին հավատում, քարացել էին ու չգիտեին ինչ անել, երբ տեսան ձագին երկու մարդկանց հետ: Հարձակվե՛ն, բայց մի ներքին բնազդ չէր թողնում: Քոթոթը ճանաչեց ծնողներին ու աշխուժացավ:
Պապ ու թոռ հասան ջրի մոտ ու բաց թողեցին ձագին: Նրանք կամաց նահանջեցին ու թփերի հետևից նայում էին այդ բրդոտ կենդանիներին: Քոթոթը հենց զգաց , որ ազատ է վազեց ու անցավ գետը: Նա ջերմագին փաթաթվեց ծնողներին, որոնք նույնպես փաթաթվել էին ու մի մեծ բրդոտ կծիկ էին դարձել, գլորվում էին, բաժանվում ու նորից փաթաթվում: Նրանք ուրախ ու երջանիկ շարժվեցին դեպի անտառ, դեպի տուն, ուր սրտատրոփ ու անհանգիստ իրենց էր սպասում մյուս ձագուկը: Պապ ու թոռ նայում էին, նրանք ուրախ էին, որ օգնեցին արջերին: Պապը նկատեց, թե ինչպես հայր արջը թեքվեց դեպի իրենց կողմ ու փայլփլող աչքերով կարծես իր շնորհակալությունն էր հայտնում նրանց: Բոլորը ուրախ ու գոհ վերադարձան հարազատ տուն:
Արմեն Եղիշյան
12 տարեկան
Արմավիր մարզ, Բերքաշատի միջնակարգ սպրոց