ՀԵՔԻԱԹ 58. «ԾԱՌԸ»


4 shares
Ծառը

Մեծ անտառում շատ ծառեր ու կենդանիներ կային: Անտառի թավուտներից մեկում ապրում էր մի հսկա կաղնի: Նա շատ բարի էր ուն ընկերասեր: Հենց անտառում մարդ էր տեսնում կամ իր կողքով ացնող կենդանիներ, կանչում էր նրանց.

-Եկեք ինձ մոտ, մի քիչ նստեք, հանգստացեք, ես էլ իմ ճյուղերով ձեզ հով կանեմ, արևից կպաշտպանեմ, մի քիչ էլ կզրուցենք:

Ու կենդանիները միշտ հավաքվում էին հաստաբուն կաղնու մոտ, զրուցում ու բամբասում: Թռչուններն էլ նստում էին հսկա կաղնու ճյուղերին, զվարթ ու աշխույժ թռչկոտում, երգում ու դայլայլում: Մի քանիսն էլ իրենց համար բույն էին հյուսել կաղնու ճյուղերին ու բնակություն  հաստատել այնտեղ: Կաղնու փչակում էլ ապրում էին արագաշարժ ու ժիր սկյուռիկները:

Ծառը նրանց հյուրասիրում էր իր կաղիններով ու բոլորը նրանից գոհ էին ու ապահով էին բազում վտանգներից: Կարծես թե ուրախ էր կաղնու կյանքը, բայց նրան տխրեցնում էր մի բան: Այն, որ միշտ կանգնած էր նույն տեղում: Նա երազում էր կենդանիների պես քայլել, վազվզել անտառում, թռչունների նման թռչել երկնքում, մոտենալ ամպերին, վերից տեսնել, թե ինչ կա-չկա իրենց մեծ անտառում:

Մի օր էլ կաղնին թգվեց ամբողջ բնով, հավաքեց ուժերն ու ճյուղերով հենվելով կողքի ժայռին՝ վեր քաշեց արմատները հողից: Մեծ ճիգով նախ կարճ արմատները դուրս քաշեց, հետո խորը խրված արմատները: Ճյուղերը ճռճռացին, մի քանիսը կոտրվեցին ու վնասվեցին, բայց կաղնին դիմացավ ցավին, նա սկսեց շարժվել առաջ: Արմատները ծանր թաթերի պես գետնին դնելով ու ճանապարհին հանդիպող ծառերին հրմշտելով ու նեղացնելով՝ կաղնին համառորեն քայլում էր ու քայլում: Նրան սիրող կենդանիներն ու թռչունները զարմացած ու ահաբեկված հեռու փախան, հարևան ծառերը խեթ-խեթ նայեցին կաղնուն, մի քանիսն էլ թոթվեցին ուսերն ու զարմացած ժպիտով նայեցին բարի կաղնու տարօրինակ արարքին:

Սկզբում կաղնին գոհ ու  հպարտ էր, որ ինքն էլ կարող է քայլել անտառում: Քրտինքի կաթիլները գլորվում էին նրա տերևների վրայով, նա հևում էր, բայց շարունակում էր քայլել ու քայլել: Նա քայլեց մինչև մութն ընկնելը, հասավ գետափ ու շնչասպառ կանգ առավ: Այդպես մնաց մի քանի ժամ: Շուրջը նայեց, փնտրեց իր բարեկամ կենդանիներին, թռչուններին ու ծառերին, բայց նրանք չկային, մնացել էին հեռվում:

Կաղնին տխրեց, շատ տխրեց: Նա հասկացել էր, որ հազիվհազ քայլում էր, էլ ուր մնաց՝ թռչեր: Չէ, դա իր համար չէ: Այդ մասին նա միայն կարող էր երազել:

Գետակը նկատեց իր կողքին հայտված հսկա կաղնուն, ծարաված կաղնին էլ նայեց գետակի վազող ջրերին: Խնդրեց, որ կանգ առնեն, մնան իր կողքին: Գետակն ալիք տվեց, ձգվեց վեր, ժպտաց կաղնուն ու ասաց.

-Ես կանգ առնել չեմ կարող, ինձ հոսելն է շունչ տալիս: Ես անդադար վազում եմ առաջ, իմ ալիքներով ուժ եմ տալիս ջրաղացներին, իմ ջրով սնվում են ծառ ու ծաղիկ, մարդ ու կենդանի, թռչուն ու միջատ: Գետերը հոսելու համար են ստեղծված:

Կաղնին լռեց, մտածեց ու հասկացավ, որ ինքն էլ իր հողում կանգուն ու ամուր պետք է լինի, ինքը միայն այդպես կարող է ապրել ու սիրվել:

Ու կաղնին կրկին արմատներ ձգեց հողի մեջ, ամրացավ ու շարունակեց ապրել ծառի կյանքով:

Էլեն Մարտիրոսյան

8 տարեկան

Ք. Երևան, Հովհ. Շիրազի անվան 169 դպրոց


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։