# 59 ՀԵՔԻԱԹ. «ԿԵՆԱՐԱՐ ՋՈՒՐԸ»


2 shares
Հեքիաթ Կենարար ջուրը

Կար-չկար մի զարմանալի, կախարդական անտառ կար, որը լի էր հրաշքներով: Անտառին կից, փոքրիկ խրճիթում ապրում էին մայր ու որդի: Որդու անունը Հայկ էր: Նա շատ բարի ու ազնիվ տղա էր: Մայրը օր ու գիշեր աշխատում էր, որպեսզի վաստակեր օրվա ապրուստը, որ որդին ոչնչի պակաս չունենար: Որդին էլ իր հերթին աշխատում էր օգնել մորը: Նա հաճախ գնում էր կախարդական անտառ, սունկ, մորի հավաքում, բերում տուն: Շատ հաճախ անտառ էին գալիս նաև չար տղաներ, որոնք վնասում էին կենդանիներին, կրակ վառում, փչացնում գեղեցիկ բնությունը:

Մի անգամ, երբ սովորականի նման Հայկը անտառ էր եկել, հանկարծ տարօրինակ ճղճղոց լսեց: Նա շտապեց ձայնի ուղղությամբ և տեսավ, որ չար տղաներից մեկը բարձրանում է ծառը, փչակից վերցնում է ձվերը և լցնում ծոցը, իսկ խեղճ մայր թռչունը անօգնական թևերը այս ու այն կողմ էր թափահարում: Այդ ժամանակ Հայկը կռվի բռնվեց չար տղայի հետ և ձվերն անվնաս վերադարձրեց փչակ: մայր թռչունը ուրախ իր թևերի տակ առավ ձվերը և չնկատեց, թե ինչպես հեռացավ Հայկը:

Մի քանի օր անց նրա մայրը ծանր հիվանդացավ: Ոչ մի հեքիմ ու բժիշկ չկարողացան օգնել նրան: Օր օրի նրա վիճակն ավեի էր վատանում: Մի գիշեր Հայկը հուսահատ, արցունքն աչքերին չոքեց մոր մահճակալի մոտ ու երկար աղոթեց: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես ննջեց: Երազում մի ալեհեր ծերունի մոտեցավ նրան ու ասաց. «Որդիս, քանի որ դու բարի սիրտ ունես ու բոլոր անօգնականներին օգնում ես, ես էլ քեզ կօգնեմ ու քո մայրը կառողջանա: Կգնաս կախարդական անտառ, կգտնես այն ծառը, որը տարվա մեջ ընդամենը մի պտուղ է տալիս: Այդ պտղի մեջ է կենարար ջուրը, որը կբուժի մայրիկիդ: Բայց շտապիր, քանի որ պտուղը հասունանալուն պես ծառից պոկվում և ընկնում է: Դու պիտի հասցնես մինչև հողին հասնելը վերցնել այն: Եթե չհասցնես, ապա ջուրը կցնդի»:

Հայկը վեր թռավ տեղից, առանց մորը հրաժեշտ տալու վազեց անտառ: Նա մի ծառից մյուս ծառի մոտ էր վազում և չէր կարողանում գտնել իր ուզած ծառը: Հուսահատ ու անզոր նստեց մի քարի վրա ու սկսեց լաց լինել: Հանկարծ նա իր ուսի վրա ինչ-որ բան զգաց. մայր թռչունն էր, որ եկել էր իրեն օգնելու: Նա Հայկին ասաց, որ անցած անգամ չհասցրեց իր շնորհակալությունը հայտնել ու հիմա ամեն ինչ կանի նրան օգնելու համար: Հայկը շատ զարմացավ՝ խոսող թռչուն տեսնելով, բայց հիշեց, որ ինքը գտնվում է կախարդական անտառում, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

Թռչունը գիտեր ծառ տեղը: Նրանք միասին, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին դեպի ծառը: Թռչունն ասել էր պտուղն արդեն հասուն է և ամեն վայրկյան կարող է պոկվել ծառից: Հայկը վերջին ուժերը լարեց և վազեց թռչունի հետևից. նրանք կորցնելու ժամանակ չունեին: Մի քանի քայլ էր մնացել, որ Հայկը հասներ ծառին, երբ նկատեց, որ պտուղը արդեն ծառից պոկվել է: Նա գիտակցում էր, որ ինչքան էլ արագ վազեր, այլևս չէր հասնի: Նա աչքերը փակեց ու կարծես քարացավ: Ուշքի եկավ այն ժամանակ, երբ լսեց թռչնի ձայնը.

-Հայկ, Հայկ, սթափվիր, ես բերել եմ այն, վերջին վայրկյանին հասցրեցի թևերիս վրա առնել այն: Վերցրու և շտապիր տուն:

Հայկի աչքերից հորդեցին երջանկության արցունքներ: Նա իր անսահման շնորհակալությունը հայտնեց թռչնին և լավ բարեկամների նման բաժանվեցին:

Հայկը հասավ տուն, վազեց մոր անկողնու մոտ և միանգամից խմեցրեց կենարար ջուրը: Մի քանի վայրկյան անց մայրը բացեց աչքերը, ժպտաց, համբուրեց որդուն և լսեց ողջ պատմությունը: Հայկի մայրը լիովին առողջացավ և շատ հպարտ էր իր տղայով:

Արսեն Գևորգյան

8 տարեկան

ք. Երևան, Հովհ. Շիրազի անվան 169 դպրոց


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։