Մոտենում է տարվա ամենա-ամենա տոներից մեկը ու պետք է շնորհավորել մեր ամենա-ամենա մայրիկներին: Այ հենց դրա համար էլ պետք է փնտրել ու գտնել ամենաինքնատիպ և ուրախ ձևերը դրա համար: Դե իսկ մենք էլ, իհարկե, կօգնենք քեզ այդ հարցում:
Ամենակարևոր պայմաններն այս շատ կարևոր գործում մեծ սերն ու ցանկությունն են: Մայրիկների համար ամենագեղեցիկ բաները կարելի է և նույնիսկ պետք է պատրաստել սեփական ձեռքերով: Ահա այս բացիկն էլ շատ արագ կարող ենք պատրաստել միասին: Ճիշտ է, մինչև մարտի 8 -ը դեռ ժամանակ կա, բայց և այնպես, շտապենք: Եվ այսպես.
Մեզ հարկավոր են
Շատ գունավոր թղթեր
Մկրատ
Սոսինձ
Լեյկոպլաստ
Ինչպե՞ս ենք պատրաստում
Գունավոր թերթիկներից շրջանակներ կտրատիր՝ երեք մեծ, երեք միջին և երեք փոքր:
Ապա սոսնձով ամրացրու դրանք իրար ու կստանաս մեր ծաղիկների գլխիկները:
Հիմա ընտրիր մեկ այլ գույնի թուղթ, օրինակ՝ կապույտ: Կտրիր երեք ուղղանկյուն և ծալիր երկարությամբ այնպես, ինչպես պատկերված է նկարում: Դրանք էլ մեր ծաղիկների ցողուններն են:
Հիմա ամրացնում ենք ցողունները ծաղիկների գլխիկներին: Դա կարող ես անել և լեյկոպլաստով, և սոսնձով:
Իսկ հիմա պատրաստում ենք բուն բացիկը: Վերցրու մի գունավոր թուղթ և ծալիր այնպես, ինչպես նկարում է արված: Հիմա վերցրու նախորդից տարբեր մի գույնի թուղթ ու պատրաստիր գրպան բացիկի համար:
Այստեղ պետք է տեղավորվեն ծաղիկները, այնպես որ չափն ընտրիր քո ծաղիկներին համապատասխան: Սոսնձիր գրպանը բացիկին: Հիմա ժամանակն է գրելու այդքան կարևոր շնորհավորանքը: Իսկ վերջում տեղավորիր ծաղիկները բացիկի մեջ ու նվերդ թաքցրու մի գաղտնի անկյունում:
Առավոտյան, երբ արթնանաս, վերցրու այն ու շտապիր մայրիկիդ մոտ, ջերմորեն գրկիր ու ասա.
– Բարի լույս, մայրիկ, շնորհավոր մարտի 8 …
Անահիտ Ալեքսանյան