ԿԱՏՈՒՆԵՐ


2 shares

Ես ուսումնասիրել եմ բազմաթիվ փիլիսոփաների ու բազմաթիվ կատուների: Կատուների իմաստությունն անհամեմատ ավելի մեծ է:

Հիպոլիտ Տեն

Փափկամազ ու խելացի, նրանք գիտեն իրենք հմայքով ձեռք բերել այն ամենը, ինչ ցանկանում են: Նրանց ոչինչ չի անհանգստացնում ու չի հուզում: Նրանք ապրում են իրենք իրենց համար և ոչ մի պատճառ չեն տեսնում մեկ այլ արարածի հնազանդվելու մեջ, թեկուզև դա լինի երկոտանի ինչ-որ մեկը:

Եթե դուք դուր գաք կատվին, ապա նա ձեզ թույլ կտա դառնալ իր ընկերը, իսկ նրա տերը դուք երբեք չեք դառնա. նա ինքն իր գլխի տերն է: Եթե շանը կանչեք, ապա նա վազելով կմոտենա ձեզ, իսկ կատուն… պարզապես հաշվի կառնի ձեր հրամանը: Անգամ կատվին սիրել դուք կարող եք միայն նրա պայմանները հաշվի առնելով: Իսկ փոխարենը…. Փոխարենը դուք կունենաք ամենափափուկ զարթուցիչն աշխարհում:

nature-cats_00255269 Նրանք զարմանալիորեն նման են մարդկանց (իսկ թե որ սեռին, դա արդեն պարզ է): Անգամ մարդկանց և կատուների էմոցիաների համար պատասխանատու են ուղեղի միևնույն կենտրոնները: Նրանց մարմնի ջերմաստիճանը 38՞ է, շատ մոտ մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանին: Իսկ հիմա եկեք ծանոթանանք նաև կատուների մյուս զարմանալի հատկանիշներին:

Կատուների լսողությունը մարդկանց լսողությունից 3 անգամ ավելի ուժեղ է: Կատուները նաև կարողանում են տարբերել գույները՝ կարմիր, կանաչ, դեղին, կապույտ և մոխրագույն: Թեև երբեմն հանդիպում են նաև դալտոնիզմով տառապող կատուներ: Կատուները զարմանալի գիշերային տեսողություն ունեն: Իսկ նրանց աչքերի գույնը տարիքի հետ կարող է փոխվել: Ի դեպ, կապույտ աչքերով կատուները հիմնականում նաև խուլ են լինում: Կատուների շատ տեսակներ էլ չունեն թարթիչներ:

Կատուների հոտառական զգայարանը 14 անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը: Իսկ բեղիկները նրանց օգնում են կողմնորոշվել տարածության մեջ այնպես, ինչպես մկներին օգնում է իրենց պոչը: Կատուների քթի պատկերն էլ իրականում անկրկնելի է այնպես, ինչպես մարդու մատնահետքը: Երկու նույնպիսի քթիկով կատու դու չեք գտնի:

Նորածին կատվիկները ոչինչ չեն տեսնում ու չեն լսում: Նրանք իրենց աչքերը բաց են անում 7-10 օրականում, լսել սկսում են 2 շաբաթական հասակում, իսկ քայլել կարող միայն 20 օրական դառնալուց հետո:

Ընձուղտը, ուղտը և կատուն միակ կենդանիներն են, որոնք քայլում են մյուս կենդանիներից տարբեր, նախ դնում են ձախ ոտքը, ապա աջը: Այդպես նրանց քայլքն ավելի անձայն ու արագ է ստացվում:

Կատուները կարող են իրենց կյանքի ընթացքում ունենալ 100 կատվիկ և միևնույն ժամանակ լույս աշխարհ բերել ձագուկներ տարբեր հայրիկներից: Կատուների մեկ զույգը և նրանց սերունդները 7 տարվա ընթացքում կարող են ունենալ 420 000 ձագ: Չի կարելի  կատվին բռնել ծոծրակից: Առանց վնասելու այդպես վարվել կարող է միայն ինքը կատուն, այն էլ միմիայն իր ձագուկների հետ:

cats-photography_00336812

Կատուները, մկներին բռնելով, փրկում են տարեկան 10 տոննա ցորեն: Անգլիայի շտեմարաններում, սննդային պահեստներում, գրադարաններում ու թանգարաններում պաշտոնապես աշխատում են կատուներ: Եվ իրենց աշխատանքային պարտականությունները մի քանի տարի շարունակ կատարելուց հետո անցնում են թոշակի ու մինչև կյանքի վերջ հանգիստ ապրում՝ ապահովված կաթով, մսով և տաք արգանակով:

Իսկ մուկ բռնելու ռեկորդը սահմանել է Թոուսեր անունով մի կատու, որն իր կյանքի 21 տարվա ընթացքում բռնել է 28 899 մուկ: Մոտավոր հաշվարկով դա կազմում է 4 մուկ մեկ օրվա ընթացքում:

Տնային կատուների կյանքի միջին տևողությունը 15 տարի է. մինչդեռ վայրի կատուները ապրում են ընդամենը 3-5 տարի: Մարդկային կյանքի տևողության հետ համեմատելով, ստանում ենք ահա այս պատկերը: Եթե կատուն 3 տարեկան է, դա համապատասխանում է մարդու 21-ամյա տարիքին: Եթե 8, ապա՝ 40-ին, իսկ եթե 14, ապա՝ 70-ին:

Ամենածեր կատուն Փուսս անունով մի կատու էր, որ մահացավ 1939 թվականին՝ իր 36-ամյակի հաջորդ օրը:

Իսկ ամենափոքրիկ կատուն Թինկեր Թոյ անունով փիսիկն էր, որ կշռում էր 680 գրամ, ուներ 18 սմ երկարություն, իսկ հասակն ընդամենը 7 սմ էր:

nature-wallpaper-1440x900-2312-fd0930b1

Մեկ ուրիշ ռեկորդ էլ սահմանել է Մինչո անունով մի արգենտինացի կատու: Նա բարձրացել է ծառի վրա և 6 տարի մնացել ծառի վրա, մինչև իր կյանքի վերջը: Իսկ այդ տարիներին նա լույս աշխարհ է բերել երեք սերունդ փոքրիկ կատվիկներ, որոնք իրենց մայրիկի պես ապրել են ծառի վրա:

Կատուներն ամենածույլ կաթնասուններն են: Նրանք քնում են օրվա 16 ժամը: Եթե կատուն 7 տարեկան է, ապա նա արթուն է անցկացրել իր կյանքի ընդամենը 2 տարին: Իսկ եթե կատուն քնած չէ, ապա նա իր ժամանակի 30%-ն անց է կացնում՝ ինքն իր մասին հոգ տանելով:

Կատուները երբեք չեն մլավում իրար հետ. մլավոցներն ուղղված են միայն ու միայն մարդկանց: Ի դեպ նրանք կարող են ավելի քան 100 տեսակի ձայներ արձակել, համեմատության համար ասենք, որ շները միայն 10 տեսակի ձայն  են  արձակում: Նրանք նաև տարբերում են իրենց տիրոջ ձայնի բարձրությունն ու տոնը և հասկանում, թե երբ է նա բարկացած:

Եթե կատուն փչացնում է ձեր տան կահույքը, ապա կարող եք կիտրոնի կամ նարնջի բույր հաղորդել դրանց: Կատուներն էլ երբեք մոտ չեն գա այդ տարածքին. նրանք պարզապես ատում են այդ բույրերը:

Եթե կատուն պտտվում է ձեր շուրջն ու նրա պոչիկը դողում է, դա սիրո ամենամեծ արտահայտությունն է ձեր հանդեպ:

Իսկ եթե նա շարժում է իր պոչիկը մեկ այս, մեկ այն կողմ, ապա նա ինչ-որ որոշում է կայացնում: Երբ որոշումն ընդունվի, պոչիկը կդադարի շարժվել: Կատուները հրաշալի զգում են իրենց տիրոջ տրամադրությունն ու նրանց տրամադրությունն էլ փոխվում է տիրոջ տրամադրությանը համապատասխան:

Ահա այսպիսին է կատուների զարմանալի  աշխարհը, իսկ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Նոյյան տապանը կառուցելուց հետո Նոյը մտահոգվեց այն մասին, որ առնետները չոչնչացնեն իր տապանի բարիքները: Նա Աստծուց օգնություն խնդրեց, Աստված ստիպեց առյուծին փռշտալ ու այդպես հայտնվեց կատվազգիների արքայի քթից թռած կատուն…

 Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։