Տարիներ առաջ, երբ մեծահասակներն ինձ ուղարկում էին «ժամը նայելու», գնում, կանգնում էի մեծ ու փոքր, երկար ու բարակ սլաքների առաջ ու հուսահատ կերպով փորձում հասկանալ, թե որ սլաքը ինչ է ուզում ինձ ասել: Թե երբ և ինչպես դա ինձ հաջողվեց, չեմ կարող ստույգ ասել, բայց այն, որ դա բավական դժվար առաջադրանք էր փոքրիկ երեխայի համար, հաստատ է:
Իրականում մայրիկներն ու հայրիկները կարող են հեշտությամբ օգնել իրենց փոքրիկին և ժամացույցի սլաքներից գլուխ հանելը դարձնել ուրախ ու հետաքրքիր խաղ նրանց համար: Եվ ահա թե ինչպես:
Չկա որևէ հատուկ ցուցում, թե երբ է պետք սովորեցնել երեխային օգտվել ժամացույցից: Կարևորն այն է, որ երեխան արդեն որոշակի պատկերացում ունենա ու հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում թվերի աշխարհը: Նա պետք է ոչ միայն բարձրաձայն հաշել կարողանա, այլև տարբերի թվերի տեսքը:
Երեխան ավելի արագ կսովորի ժամացույցից օգտվել, եթե նրա ժամացույցը լինի մեծ, պայծառ թվերով: Այդպես նա ավելի արագ կհիշի թվերի դասավորությունը: Մասնագիտացված խանութներում մանկական ժամացույցների մեծ ընտրություն կա թե աղջիկների, թե տղաների համար: Եթե որոշել եք երեխայի համար ոչ թե ձեռքի, այլ պատի ժամացույց գնել, ապա դրեք կամ կախեք այն որևէ երևացող տեղում, այնտեղ, ուր երեխան անց է կացնում իր օրվա մեծ մասը:
Որքան հնարավոր է շատ հրավիրեք երեխայի ուշադրությունը ժամացույցի վրա: Օրինակ՝ պատմեք նրան, թե երբ եք արթնացել, երբ պետք է գնաք ճաշելու և երբ կարելի է իջնել բակ խաղալու: Բացատրեք երեխային, որ ամեն օր որոշակի թվով ժամերից է բաղկացած: Իսկ ժամացույցի սլաքը մեկ օրվա ընթացքում հասցնում է երկու շրջապտույտ կատարել ժամացույցի շրջանակում: Փորձեք նրա հետ ձեր գործերը պլանավորել ժամացույցի օգնությամբ: Օրինակ՝ մինչև երկար սլաքը տեղաշարժվի 3 թվից 7-ը, նա պետք է ավարտի իր նախաճաշիկը:
Հիմա ժամանակն է բացատրելու վայրկյանները, րոպեները և ժամերը ցույց տվող սլաքների կապը: Պատմեք նրան, որ րոպեները ցույց տվող սլաքը կկատարի մեկ փոքրիկ քայլ այն ժամանակ, երբ վայրկյանները ցույց տվող սլաքը մեկ լրիվ պտույտ կատարի: Նույն կերպ կտեղաշարժվի նաև ժամերը ցույց տվող սլաքը, երբ իր պտույտն ավարտի րոպեներ ցույց տվողը:
Ամենամեծ հարցը, որ տանջում է երեխաներին, սա է. «Ինչո՞ւ է սլաքը գտնվում 4 թվի վրա, բայց մենք այդ դեպքում ասում ենք 20 րոպե կամ վայրկյան»: Այդ դժվարությունը հաղթահարելու համար փոքրիկ թղթի կտորներ ամրացրեք ժամացույց թվերի կողքին, որոնց վրա գրված կլինի «5»-ը նշանակում է 25 րոպե, «6»-ը՝ 30 րոպե և այլն: Այս դեպքում պետք է հենց երեխայի հիշողության վրա հիմնվել և շատ շուտով նա կսովորի նաև այդ օրինաչափությունը: Դե իսկ ժամացույցի սլաքների մասին հեքիաթն էլ միայն կհեշտացնի ձեր ու ձեր փոքրիկների գործը:
Անահիտ Ալեքսանյան