Արև, արև եկ եկ, զիզի քարին վեր եկ,
Սև սև ամպեր հեռացեք, արևին ճամփա տվեք…
Այո, ճամփա տվեք, որովհետև այսօր նշվում է արևի միջազգային օրը: Այն արևի, որն առանց տրտնջալու ամեն անգամ ազդարարում է առավոտը բացվելը կամ ամառվա գալուստը: Այն մեզ համար կյանք է, առանց որի չէր լինի ոչ օդ, ոչ ջուր մեր երկրի վրա:
Արևը մի սովորական աստղ է, ինչպիսիք ամեն գիշեր մենք տեսնում ենք երկնքում: Ճիշտ է, այն ամենամոտ աստղն է, բայց այդքան էլ մոտ չէ. 150 մլն կմ հեռավորության վրա է գտնվում: Եվ նա է, որ այդքան հեռվից մեզ ապահովում է լույսով ու ջերմությամբ: Սակայն չմոռանանք, որ նրա լուսավորությունը շատ ուժգին է և անպաշտպան աչքերով ոչ մի դեպքում չի կարելի նայել արևին: Դա կարող է շատ վտանգավոր լինել:
Մարդիկ, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհները գոյատևում են հենց շնորհիվ այդ գեղեցիկ ու վառ օղակի: Դա գիտակցելով` նախկինում անգամ երկրպագել են արևին` որպես աստվածություն:
Իսկ որպեսզի հանկարծ չմոռանանք շնորհակալություն հայտնել արևեգակին, ստեղծվեց այս օրը: Այն նշում են դեռևս 1994 թվականից: Ուրեմն, չենք մոռանում ամեն տարի մայիսի 3-ին ասել.
Շնորհավո՛ր տոնդ արև…
Անի Ավագյան