Տարվա յուրաքանչյուր եղանակ անկրկնելի է, առանձնահատուկ և ունի միայն իրեն հատուկ հրաշքները: Առաջարկում եմ ծանոթանալ տարվա չորս եղանակների մասին հայ բանաստեղծների այս հրաշալի բանաստեղծություններին, և, ինչու ոչ, նաև սովորել դրանք ու զարմացնել բոլորին…
ԳԱՐՈՒՆ
Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:
Աթաբեկ Խնկոյան
ԱՄԱՌ
Խաղաղ դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:
Քամին մողմօրոր
Համբույր է տալիս,
Հասկերը շորոր
Գնում են, գալիս:
Տանձը դեղնել է,
Խնձորը՝ շիկնել,
Սեխը ելել է՝
Իր թաղին թիկնել…
Կրակ է մաղում
Արևը վերից,
Խաղողն է շողում
Կանաչ թփերից…
Ծաղկած դաշտերին
Իջել է ամառ,
Բերել է երկրին
Բարիք անհամար:
Ղ. Ղարիբյան
ԱՇՈՒՆ
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։
Հովհաննես Թումանյան
ՁՄԵՌ
Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:
Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:
Աթաբեկ Խնկոյան
ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ
Թե գարուն է նախշ-նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
– Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:
Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար.
– Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:
Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
– Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:
Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
– Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:
Աթաբեկ Խնկոյան