Իհարկե, Կառլսոնը աշխարհում ամենից շատ տորթեր ու մուրաբաներ էր սիրում, բայց ես համոզված եմ, որ նա թխվածքաբլիթին էլ բոլորովին դեմ չէր լինի, հատկապես եթե այն կոչվում է իր և Մանչուկի անունով: Եթե այն քեզ էլ հետաքրքրեց, կարող ես փորձել պատրաստել թխվածքաբլիթը, բայց միայն խոսք տուր, որ կպատրաստես մեծերի օգնությամբ: Ես էլ եմ այդպես անում, ազնիվ մոծակի խոսք: Ահա քեզ թխվածքաբլիթի բաղադրատոմսը.
«Կառլսոնը և Մանչուկը»
Պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 25 րոպե
- 500 գրամ պատրաստի շերտավոր խմոր
- 200 գրամ արմավ (խուրմա) առանց կորիզի. այն կարող ես փոխարինել նաև նուշով, չամիչով կամ մի այլ քաղցրավենիքով, որը կլինի քո և Կառլսոնի ճաշակով
- 200 գրամ հունական ընկույզի միջուկ
Ի՞նչ է պետք անել
Բացում ենք խմորը և հավասարաչափ գրտնակում, հետո բաժանում ենք 7սմ լայնության շերտերի: Հերթականությամբ շարում ենք արմավի կամ չամիչի և ընկույզի հատիկները: Ապա խմորը գլանաձև փաթաթում ենք և կտրտում փոքրիկ 3սմ-անոց մասերի: Ռուլետիկները տեղադրում ենք 180° C տաքացրած ջեռոցի մեջ և սպասում 15-20 րոպե, մինչև թխվածքաբլիթները դառնան ոսկեգույն:
Շատ համեղ է ստացվում, պատրաստիր և հրավիրիր Կառլսոնին միասին համտեսելու: Դե, ձեզ բարի ախորժակ…