Եթե Դուք Ձեզ արդեն մեծահասակների աշխարհի պատվավոր անդամ եք համարում, երևի մոռացել եք, թե ինչպիսին էր աշխարհը այն ժամանակ, երբ Դուք երեխա էիք: Այդ աշխարհում ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում հեքիաթային և իրական փաստերը սահմանազատելով, ոչ ոք չի կասկածում, որ Կառլսոնը ապրում է տանիքում ու վախեցնում այնտեղ բարձրացած գողերին, և որ Չեշիրյան կատուն էլ ժպտալ ու ուզածդ պահին անհետանալ է կարողանում:
Երեխայի կյանքում իրական ընկերների կամ մեծերի կողմից ուշադրության բացակայությունը հանգեցնում է նրան, որ երեխան սկսում է ընկեր փնտրել հենց այդ երևակայական աշխարհում: Այդ ընկերը միշտ նրա կողքին է և երբեք թույլ չի տալիս նրան տխրել ու ձանձրանալ, այնպես, ինչպես Կառլսոնն էր միշտ զվարճացնում Մանչուկին:
Երևակայական ընկերները հիմնականում հայտնվում են այն ժամանակ, երբ երեխան 3-5 տարեկան է: Եվ դա միանգամայն բնական ու նորմալ երևույթ է, որը խոսում է Ձեր երեխայի զարգացած երևակայության և ստեղծագործական ունակությունների մասին:
Երևակայական ընկերները տարբեր են լինում՝ խաղալիք, որին երեխան մարդկային հատկանիշներ է վերագրում, անտեսանելի ընկեր, որի համար երեխան խնդրում է սպասք դնել իր սպասքի կողքին և գիշերն էլ ծածկոց է գցում նրա համար:
Երևակայական ընկերը կարող է լինել մեծ և ուժեղ, ինչպես Սուպերմենը, կամ էլ փոքրիկ արարած, որ օգնության կարիք ունի, կամ էլ կարող է լինել երեխային տարեկից աղջիկ կամ տղա: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա մարդ լինի, դեպքերի ուղիղ կեսում երևակայական ընկեր դառնում է որևէ կենդանի:
Այս խնդրին առնչվելիս բոլորովին հարկ չկա անմիջապես հոգեբանի դիմել: Ձեր երեխային հետևելով՝ Դուք նրա մասին այնքա՜ն նոր բան կբացահայտեք, կիմանաք, թե ինչ է սիրում նա, իսկ ինչ՝ ոչ, ինչի մասին է երազում, և վերջապես կհասկանաք, թե որքան ինքնատիպ երևակայություն ունի Ձեր երեխան: Եվ այսպես, ի՞նչ խնդիրներից կարող է առաջանալ այն, ինչ կոչվում է Կառլսոնի ախտանիշ :
Ճնշում և չափազանցված հոգատարություն
Շատ հաճախ երեխան ուժեղ ճնշում է զգում իր վրա ծնողների կողմից: Եվ երբեմն դա ոչ թե արգելքների ու պատիժների ձևով է արտահայտվում, այլ չափազանց հոգատարության, որը թույլ չի տալիս երեխայի «ես»-ին դրսևորվել: Այդ ժամանակ երեխան փախչում է իր երևակայական աշխարհը, ստանում լիակատար ազատություն, շրջում տանիքներով, շնիկ ձեռք բերում և անում այն ամենը, ինչ թույլ չէին տալիս ծնողները: Կամ էլ մեկ այլ տարբերակ. նա սկսում է իրեն զգալ ծնողի դերում և բարկանալ իր երևակայական ընկեր-ենթակաների վրա ու սահմանափակել նրանց ազատությունը:
Խորհուրդ: Սա հրաշալի միջոց է դիտելու Ձեզ կողքից, երեխայի հայացքով և հետևություններ անել: Ձեր կողմից ճիշտ կլինի փորձել հասկանալ Ձեր երեխային, մտերմանալ ու զրուցել նրա հետ և ոչինչ, որ նրա կոշիկները ողջ օրվա ընթացքում մաքրությունից չփայլեն:
Տպավորությունների պակաս
Եթե երեխայի երևակայական աշխարհում շատ են արկածները, ապա նա հաստատ իրական կյանքում տպավորությունների պակաս է զգում: Ոչ միայն մեծահասակների առօրյան է շատ հաճախ ձանձրալի ու միօրինակ դառնում, այլև երեխաներինը, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ նրանք ամբողջությամբ կախված են մեծերից:
Խորհուրդ: Փորձեք անպայման ժամանակ գտնել և երեխայի առօրյան ավելի գունեղ ու հետաքրքիր դարձրեք:
Ուշադրության և շփման պակաս
Ամենից հաճախ երևակայական ընկերը հանդես է գալիս այն ժամանակ, երբ երեխան իրեն միայնակ է զգում, օրինակ՝ ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան, և ծնողների ողջ ուշադրությունը կենտրոնանում է նորածնի վրա: Կամ էլ երբ ծնողները չափազանց զբաղված են իրենց աշխատանքով ու հոգսերով: Հաճախ երեխաները չեն կարողանում կամ մեծ դժվարությամբ են շփվում նաև իրենց տարեկիցների հետ:
Խորհուրդ: Անհրաժեշտ է զրուցել երեխայի հետ, փորձել հասկանալ, թե ինչն է նրան վախեցնում ու անհանգստացնում, և միշտ հիշել, որ ամենակարևորը երեխաներն են, և Ձեր ուշադրության կենտրոնում ամենից առաջ հենց նրանք պետք է լինեն:
Վախեր ու ցանկություններ
Երևակայական ընկերը Ձեզ համար շատ լավ խորհրդատու կարող է լինել: Եթե նա Բեթմենի կամ մեկ այլ սուպերհերոսի կերպարանքով է հանդես գալիս և պաշտպանում Ձեր փոքրիկին, ապա դա Ձեզ համար ազդանշան կարող է լինել. Ձեր երեխան պաշտպանվածության կարիք ունի, թող նա միշտ զգա, որ Դուք ամուր կանգնած եք նրա թիկունքին:
Իսկ եթե նրա երևակայական ընկերը շնիկ է, ապա փոխարինեք նրան իրականով: Անպայման…
Ինչպես է պետք վերաբերվել երևակայական ընկերոջը
Շատ վատ է, եթե երեխան Ձեզնից թաքցնում է իր երևակայական ընկերներին. դա խոսում է անվստահության և վախի մասին: Իհարկե, երբեմն Դուք կարող եք այդ «ընկերոջը» պարզապես չնկատել: Դե, օրինակ, ի՞նչ իմանայիք, որ Հարութիկը, ում մասին այդքան խոսում է Ձեր երեխան, ոչ թե նրա մանկապարտեզային ընկերն է, այլ պահարանում ապրող պլաստմասե գետաձին:
Ամենակարևորն այն, էր դուք չարգելեք Ձեր երեխային մտածել կամ խոսել իր երևակայական ընկերոջ մասին: Դուք նույնիսկ կարող եք երեխայի հետ մուտք գործել իր աշխարհ, երևակայական ընկերոջը հյութ հյուրասիրել, բարևել նրան, հարցնել նրա որպիսությունը երեխայից և այլն: Իհարկե, պետք է նաև երեխային սովորեցնել, որ իր արարքների համար պատասխանատու է ոչ թե «ընկերը», այլ հենց ինքը: Օրինակ, եթե ջահը Կառլսոնն է կոտրել, միևնույն է անկյուն պետք է կանգնի ինքը:
Երևակայական ընկերները սովորաբար անհետանում են 7-9 տարեկանում: Եթե դա այդպես չի լինում, կարելի է դիմել հոգեբանի, բայց անգամ այդ դեպքում հիշեք, որ երեխայի հետ հենց դուք պետք է աշխատեք, որովհետև երեխայի բոլոր խնդիրները, այնուամենայնիվ, սկիզբ են առել հենց ծնողական վրիպումներից:
Անահիտ Ալեքսանյան