Երբևէ լսե՞լ եք, թե ինչպես է դասի ժամանակ ձեր ստամոքսը ձայն հանում, և մտածել՝ «Ես երևի սովից մահանում եմ»։ Սովը պարզապես դատարկ ստամոքս չէ։ Դա քո ամբողջ մարմնի ուղերձն է, որը գրվում է հորմոնների ու նյարդերի կողմից և ուղարկվում է ուղիղ դեպի ձեր ուղեղի «խոհանոց»։ Եկեք պատկերացնենք, թե ինչ է լինում ուտելուց մի քանի ժամ հետո։
Ձեր մարմինը սկսում է աշխատել մաքրուհու պես։ Առաջանում է հատուկ կծկումների շարք, որը սկսում է մաքրել աղիներում մնացած սննդի մնացորդները։ Այս «մաքրման» գործընթացը տևում է մոտ երկու ժամ։ Երբ այդ գործընթացն ավարտվում է, արտազատվում է մոտիլին կոչվող հորմոնը։ Հենց այդ հորմոնն էլ ստեղծում է այդ գռմռոցը։ Գիտնականները այդ ձայնը անվանում են բորբորիգմուս։
Բայց ձեր ուղեղը միայն ձայնին չի արձագանքում։ Գոյություն ունի խորամանկ մի հորմոն՝ գրելին, որը ձեր մարմնի «սովի հաղորդագրությունն» է։ Այն արտադրվում է ստամոքսում և տեղափոխվում է դեպի ուղեղի հիպոթալամուս, որտեղ հնչեցնում է «ճաշի զանգը»։ Գրելինը ակտիվացնում է հատուկ նեյրոններ, որոնք կարևոր դեր ունեն սովի ազդանշանների համակարգում և ստիպում են ձեզ ցանկանալ ուտել այն ամենը, ինչ կարող եք ձեռք բերել։
Բայց ահա ավելի հետաքրքիր բան։ Ստամոքսը միշտ չէ, որ գլխավոր որոշողն է։ Երբեմն սովը սկսվում է արյան մեջ։ Երբ կարևոր սննդանյութերը, օրինակ՝ գլյուկոզան, ամինաթթուները կամ ճարպաթթուները, չափազանց նվազում են, արյունատար անոթները ազդանշաններ են ուղարկում ուղեղի կենտրոն։ Այսպիսով, նույնիսկ եթե ստամոքսն ու աղիները դեռ լավ են աշխատում, մարմինը զգում է սննդանյութերի պակասը և ասում է. «Մենք վառելիքի պակաս ունենք»։
Բայց ահա տարօրինակ մասը։ Կարող եք կուշտ լինել և միևնույն է՝ սով զգալ։ Ինչո՞ւ։ Քանի որ սովը երբեմն պարզապես ցանկություն է։ Պիցցայի հոտը կամ տապակվող կարտոֆիլի ձայնը կարող են ձեր ուղեղում առաջացնել ուժեղ ցանկությունր։ Նույնիսկ սննդի մասին մտածելը բարձրացնում է գրելին հորմոնի մակարդակը։ Կարծես ձեր ուղեղը վախենում է ինչ-որ բան բաց թողնել, երբ տեսնում է մի համեղ խորտիկ։

Եթե արյան շաքարի մակարդակը, որը ձեր ուղեղի սիրելի վառելիքն է, չափազանց ցածր է դառնում, մարմինը միացնում է «խուճապի կոճակը»։ Արտազատվում են կորտիզոլ և ադրենալին՝ սթրեսի հորմոններ, որոնք ձեզ էներգիա են տալիս, բայց կարող են նաև դարձնել ձեզ դյուրագրգիռ կամ «քաղցած ու բարկացած»։ Դա ձեր մարմնի ձևն է ասելու. «Ինձ հետ մի բան այն չէ, կերակրի՛ր ինձ հիմա»։
Երբեմն մենք ուզում ենք անառողջ սնունդ, որովհետև այն մեզ հաճելի զգացողություն է տալիս։ Ճարպերով և շաքարով հարուստ ուտեստները ուղեղում արտազատում են քիմիական նյութեր, որոնք ստեղծում են փոքրիկ հաճույքի զգացում՝ պարգևատրման պես։ Ճարպերով և շաքարով հարուստ ուտեստները հին ժամանակներում օգնում էին մեր նախնիներին գոյատևել դժվար պայմաններում։ Բայց այսօր դա ճարպակալման, գիրացման պատճառներից մեկն է դարձել։
Հետևաբար, հաջորդ անգամ, երբ սով զգաք, հարց տվեք ինքներդ ձեզ՝ սա իրական սո՞վ է, թե՞ ուղեղը «կատակում» է քեզ հետ։ Պարզապես փորձիր ավելի լավ ճանաչել ու հասկանալ քո մարմնին ու կլինես ավելի առողջ։
