ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐԻԿԸ՝ ՄԻԿԱ ՎԱՐՈՍՅԱՆ


Միկա Վարոսյան

Մեր շուրջը բազմաթիվ տաղանդավոր փոքրիկներ են ապրում: Նրանցից մեկը, օրինակ, հրաշալի նկարում է, մյուսը խոստումնալից շախմատիստ է, մեկ ուրիշն էլ ապագա վիրտուոզ երաժիշտ է: Այս տաղանդավոր երեխաները ներկայացնում են Հայաստանը, նվաճում են մեծ բեմեր ու արժանանում մրցանակների: Նրանք անում են իրենց առաջին քայլերը հաջողության մեծ ճանապարհին, բայց միշտ մնում են նույն ուրախ ու չարաճճի երեխաները: Ծանոթանանք այդ տաղանդավոր երեխաներից մեկի՝ Միկա Վարոսյանի հետ: Միկան մեզ հայտնի է «Փոքրիկ զինվորներ» երգով, իսկ հիմա ժամանակն է իմանալ նրա մյուս հետաքրքրությունների մասին ու լսել նրա նոր երգերը:

Միկան 8 ու կես տարեկան է, փոխադրվում է արդեն 4-րդ դասարան: Եվ այսքան փոքր տարիքում արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել: Երգել Միկան սկսել է 6 տարեկանից ու հաճախել է Անահիտ Շահզադեյանի «Սյուրպրիզ» մանկական երգի թատրոն-ստուդիան: Թե որտեղից է իր երգելու տաղանդը, Միկան չգիտի… Երևի երկնքից է հայտնվել:

Միկա Վարոսյան

Մի խոսքով, Միկան սկսեց երգել, մասնակցեց տարբեր մրցույթների, երգահաններն ու պրոդյուսերները նրան նկատեցին ու Միկան սկսեց շատ հրավերներ ստանալ: Այժմ նա երգում է Զառա Պետրոսյանի Խաղ ու Պար մանկական նախագծում և հունիսի 4 –ին ու 5-ին իր ընկերների հետ հանդես եկավ համերգներով: Համերգի համար երգեր պատրաստելը Միկայի համար բոլորովին դժվար չէր: Բեմ բարձրանալուց Միկան այլևս չի վախենում, նույնիսկ չի էլ հիշում, թե երբ է առաջին անգամ ելույթ ունեցել: Բայց այս անգամ նրա ուսերին էր դրված նաև համերգի հաղորդավարի պարտականությունը: Այ դա, խոստովանում է Միկան, մի փոքր դժվար էր, հատկապես որ ինքն առաջին անգամ էր հանդես գալիս հաղորդավարի դերում: Բայց համերգին ներկա հանդիսատեսը կհաստատի, որ Միկան հրաշալի կարողացավ գլուխ հանել նաև այդ գործից:

Միկա Վարոսյան

Երգելու և  հաղորդավարական տաղանդից բացի Միկան հրաշալի կատարում է նաև Մայքլ Ջեքսոնի լուսնային քայլվածքը: Թեև դա հեշտ գործ չէր, բայց մի փոքր ջանք գործադրելով՝ Միկան սովորեց այն: Իսկ եթե հնարավորություն լիներ, նա շա՜տ կցանկանար նաև դուետ կատարել Մայքլ Ջեքսոնի հետ: Իսկ առհասարակ, Միկան սիրում է հիփ-հոփ ոճի երգեր և շատ ուրախ կլինի, եթե երգահանները իր համար այդ ոճի երգեր գրեն:

Լավ երգերից բացի Միկան երազում է նաև իր սեփական մոլորակի ու երևանյան Դիսնեյլենդի մասին, որտեղ լի՜քը-լի՜քը կարուսելներ կլինեն, կանաչապատ տարածքներ և երեխաները կկարողանան վազվզել, խաղալ ու անել այն, ինչ ուզում են:

Միկա Վարոսյան

Իսկ հիմա արդեն ամառ է, դասերն ավարտվել են, և թեև Միկան մայրիկի հետ դեռ չի որոշել, թե ինչպես է հանգստանալու, բայց այս ամառը շատ ուրախ ու օգտակար է անցկացնելու, կատարելու է դպրոցական բոլոր հանձնարարությունները ու մի լավ զվարճանալու է ընկերների հետ: Մենք էլ Միկային ուրախ հանգիստ և ստեղծագործական մե՜ծ հաջողություններ ենք մաղթում…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։