Կատուն, որ երազում էր կոմպոզիտոր դառնալ

ԶՎԱՐՃԱՊԱՏՈՒՄ՝ 3 ՄԱՍԻՑ

Հեղինակ՝ Արա Ալոյան 

Մաս առաջին

Հեղինակի խոսք

Քանի այսպես լուռ եք նստած,
Ներկայացնեմ գործող անձանց.
Կատու և տատ, Մուսա, Դանիել,
Օկտավայից յոթ նոտաներ:
Դուք կլսեք մի նոր պատում,
Թե ինչ ուզեց դառնալ կատուն:
Ահա այսպես, մի օր հանկարծ,
Մի պուտ թանաք իր սև թաթին,
Թանաք ու թուղթ իրար խառնած,
Կատուն եկավ, դիմեց տատին.

Կատու

Բավ է՝ մնամ անգործ, անբան,
Բավ է՝ բռնեմ մուկ ու ճանճեր,
Սա՞ էր ցեղիս միակ ճամփան,
Սրա համար ծնվել արժե՞ր:
Ի՞նչ է կյանքս՝ թռի-վռի,
Ունեցածս՝ մուկ ու մածուն,
Չունեմ քո դեմ ոչ մի կռիվ,
Սուտ նվնվալ չեմ էլ փորձում:
Զուր եմ այսքան տարի լռել,
Ինձ բռնել է դողը վերին,
Որոշել եմ երգեր գրել,
Պատիվ բերել կատուներին:

Տատ

Քեզ ի՞նչ ասեմ, այ խենթ կատու,
Ո՞վ է տեսել «սուտը ստով»,
Ականջներիս չեմ հավատում՝
Կատուն դառնա կոմպոզիտո՞ր:
Այ, մռռոցդ երգ է գուցե.
Երբ հոգնում եմ աշխատանքից,
Քուն է գալիս աչքերիս ծեր
Մռռոցիդ տակ՝ հեշտ ու հանգիստ:
Միայն երգն է քո հմայում,
Չեմ հասկանում ջազ ու ռոքից,
Քնքուշ մռռոց, անմեղ մյաու
Օրորում են այնպես հոգիս:

Կատու

Չհամոզե՛ս իզուր ինձ, տատ,
Բարկացրել եմ այնքան ես քեզ,
Հոգս պատճառել քեզ անընդհատ,
Տունը սարքել իսկը կրկես,
Իրար խառնել շոր ու կոշիկ,
Ակնոցներդ ջարդել թաքուն,
Սենյակ բերել ցեխ ու փոշի,
Հավերին եմ նեղել բակում:

Տատ

Ի՞նչ ես ասում, դրանց համար
Տատը հաստատ քեզ կների:
Ամեն պահի կողքիս եղար,
Տունն ես պահել չար մկներից:

Կատու

Չար մկների՞ց: Ախր, ա՛յ տատ,
Էդ մկներն էլ մեղք են ախր,
Անիծում են հիմա հաստատ:
Մկնե՞րն են չար, թե՞ այն վախը,
Պատճառել եմ որ մկներին.
Ի՜նչ- ի՜նչ կատվի ի՜նչ քաջություն. /հեգնանքով, ինքնաքննադատաբար/
Պատիվ չկա՛ կատուներին,
Որ բերում են տհաճություն:

Դանիել

Այդ երբվանի՞ց, այ անուսում,
Բարիացար այն աստիճան,
Որ մկների կյանքն է հուզում,
Պա՜հ-պա՜հ, խղճիդ հատա՞կն իջար: /ծաղրելով, բայց ոչ հեգնանքով/

Կատու

Ես անուսում լինեմ՝ ոչինչ,
Չեմ սովորել ու չգիտեմ,
Չիմացածը մեղք չես կոչի,
Քեզ պես խելոք էլ ո՞նց գտնեմ.
Քանի՜ տարի դաս ես սերտում,
Չես տարբերում ձուն էլ հավից,
Ախ, ուսումդ սիրի կատուն,
Դու սեփական մեղքդ քավիր:
Պայուսակդ թե դատարկես,
Երկուսների մի ողջ պաշար,
Բայց ի՞նչ խրատ ես կարդամ քեզ.
Քանի՞ ծեծ ես տվել ինձ չար, /ծաղրական տոնով/
Պարսատիկով հալածել ես,
Գցել բույնը ինձ շների…
Քեզ թվում է՝ մեծացե՞լ ես…
Չեմ հավատա ու չեմ ների:

Դանիել

Քննադատիս հապա տեսեք,
Դատավոր է դարձել գլխիս.
«Մեղավոր եմ, ինձ կներեք, /ծաղրական տոնով, հեգնանքով/
Ընկեր, պարոն, փիսո և փիս,
Ինձ թույլ տվեք արդարանալ,
Խոստանում եմ լավ սովորել»:
Չլինի՞ թե պատահաբար
Կատվի տեսք ես դու ընդունել,
Բայց տես հանկարծ և չընդունես
Դու ինձանից մի լավ քացի:
Բա՜վ է կատու-կատու խոսես,
Ճառեր կարդաս կատվակարծիք:

/կատուն փախչում է/

Մաս երկրորդ

Կատու

Ի՞նչ ես արել, այ խեղճ փիսո,
Ու՞մ մածունն ես բկիդ բարդել,
Չէ՜, քո կյանքը պիտի բիսով
Եվ ծափերով լցվի արդեն:
Կպարապեմ անքուն, համառ
Նոտաներով դո, ռե, մի, սի…
Տատին խնդրեմ՝ թող ինձ համար
Կարի սիրուն ֆրակ մի սև:
Ես չեմ ուզում յոթը բանան,
Պետք չէ մածուն յոթը գդալ,
Երգի դուռը ես կբանամ,
Թե ինձ սիրեն յոթը նոտա:

Մուսա

Չզարմանաս, իմ լավ փիսո,
Որոշել եմ քեզ այցելել,
Կատուների ցեղի մուսան
Քեզ ողջույնի խոսք է բերել:
Մարդիկ արդեն ձանձրացել են
Ծանր ռոքից, օպերայից,
Կատուների արդար ցեղը
Պիտի հասնի երգի գահին:
Սակայն, նախքան գահ ու բարձունք,
Դիմավորիր նոտաներին.
Նոտաները ի՞նչ են կարծում՝
Լույս կժպտա՞ կատուներին:

Դո

Ողջունում եմ ես քեզ, կատու,
Եվ տեսնում եմ ազնիվ ջիղդ,
Քեզ գովում է ու նկատում
Նոտաներից առաջինը:
Մեր յոթնանդամ ընտանիքից
Գամմայական մաժոր ողջույն,
Անկախ ձայնից, անկախ դիրքից՝
Քեզ խնդության բարեհնչյուն:
Առաջինի իրավունքով
Թույլ տուր ասել ի սկզբանե՝
Պիտի արդար քո վարմունքով
Ցեղիդ ուժը փառաբանես:
Ահա և քեզ այս բանալին՝
Որպես գործիդ լուսեղեն ջահ,
Առաջինը ես եմ, այնինչ
Սա սոլի է կոչվում հաճախ:
Կարևորը դա չէ սակայն,
Արտասանի՛ր հպարտ շեշտով՝
ԴՈ:

Ռե

Ես չեմ սիրում երկար ճաՌԵլ,
Երկրորդն եմ ես, կոչիր ինձ ՌԵ:

Մի

Զուր ՄԻ դարձեք դուք թշնաՄԻ
/պարզաՄԻտ, թե պերճալեզու/,
Ի՞նչ էական հարց է դա ՄԻ,
Ձեր անունն է ՄԻայն հուզում:
Անվանիր ինձ պարզապես ՄԻ.
Այս անունն ինձ շա՜տ է սազում:

Ֆա

Ձեզ ի՞նչ ասեմ խելք ու ՖԱյմից,
Ուրախ ողջույն ուրախ ՖԱ-ից:

Սոլ

Դե դու արդեն գիտես, կատու,
/նոտայական սին մրցավեճ/
Իմ անունն է ջահը կրում,
Կարևորը ՍՈԼ-ն է և վերջ:

Լյա

Ի՞նչ եք իրար դիմակ քանդում
/ծանակելով/ լյա-լյա-լյա-լյա, լյա-լյա-լյա-լյա,
Եղբայրներ եք, ի՞նչ եք խանդում,
Կարևոր են ընտանիքում
Ե՛վ դո, և՛ մի, և՛ ռե և՛ ԼՅԱ /լյա ասելով՝ խոնարհվում է/:

Սի

Այս խեղճ կատուն ձեզ ի՞նչ աՍԻ,
Սա՞ էր ճամփան իր երազի,
Ի՞նչ շնորհք է՝ այս լուրջ դաՍԻն
Դիպչել սրա-նրա մազին…
Օօֆ, չխոսեմ ես այդ մաՍԻն.
Չմոռանամ, կոչիր ինձ՝ ՍԻ:

Կատու

Ի՞նչ հասկանամ այս քաոսից,
Մրցավեճ է դո-ից մինչ սի:
Տարբերվում եք դուք իրարից,
Այդպես տարբեր լավն եք ու թանկ,
Կատուն ինչպե՞ս ձեզ կիրառի,
Որ պարգևեք երգ ու դյութանք:
Կարևոր եք, բայց և այնպես
Չեք էլ կարող մենակ գործել,
Մի նոտայով ե՞րգ կգրես,
Կամ աննոտա՞ ստեղծագործել:
Ուրեմն՝ ինչու՞ գործել բաժան
Ընտանիքից օկտավային,
Պետք է լինեք իրար արժան,
Արվեստների կոչին՝ վայել:
Ու թե վեճ է, ու թե վեճ է,
Այդ անկռիվ վեճի վերջում
Միահյուսվեք իրար մեջ և
Դարձեք մաքուր բարեհնչյուն,
Դարձեք քնքուշ նվագ ու թող
Ձեզնով լցվեն հոգի և սիրտ,
Լյա-ից մինչև ներքևի դո,
Ռե-ից մինչև ներքևի սի:
Թե չէ այդպես ամեն մեկդ
Վիճարկում եք թագ և կոչում,
Իսկ գեղեցիկ, մաքուր երգը
Չքանում է, իզուր կորչում:
Հաշտությունն է միակ ելքը.
Ելքը երգ է դառնում վերջում:

Դո

Արքան ե՛ս եմ, ի՛մն է թագը (վստահ)

Ռե

Չհաջողված, թույլ կատակ է /հեգնանքով/

Մի

Ինձ բոլորը շատ են սիրում /քնքուշ ձայնով/

Ֆա

Այնքան, մինչև սիրտ է խառնում /հեգնանքով/

Սոլ

Երգ է գրվում իմ նշանով /հպարտ/

Լյա

Դե իհարկե, ուրիշ էլ ո՞վ /հեգնանքով/

Սի

Ես եմ մեծը ու ես եմ ճիշտ /վճռական/

Կատու

Դե վե՛րջ տվեք, չքացե՛ք, փի՛շտ /բարկացած/

/Ողջ վեճի ընթացքում՝ նախքան կատվի եզրափակիչ խոսքը, հակահնչում են տարբեր նետաներ՝ ստեղծելով աղմկոտ երաժշտություն. դաշնամուրային դիսոնանս հնչողություն/

Կատու

/որոշակի դադարից հետո/
Պետք չէ, Մուսա, քո դո-սի-դոն,
Ուրիշ կատվի գնա-գտիր,
Թող նա դառնա կոմպոզիտոր,
Նոտաները թող նա սերտի:
Նոտաների՞ն ընկերանամ,
Երբ նրանք են միմյանց օտար /դիմում է նոտաներին/,
Ես ձեր հույսին ինչպե՞ս մնամ,
Էլ ի՞նչ նվագ, էլ ի՞նչ նոտա:
Հարկավոր չէ և փառք էլ ինձ,
Որ բարությամբ չի նվաճվում,
Հեռանում եմ ես ձեզանից,
Եվ այսուհետ չեմ ճանաչում,
Մինչև կարգին չհաշտվեք,
Չչարանաք միմյանց վրա,
Իրար հանդեպ սիրով գործեք,
Դո է թե, մի, սոլ է, թե ֆա:
Այնժամ, գուցե, ձեզ հավատամ,
Եվ երազս փոխվի Երգի,
Եվ մռռոցս դառնա նոտա,
Ձեզ մոտ կգամ տատի գրկից:
/հեռանում է/

Մաս երրորդ

Դանիել

Վա՞յ, էս ո՞վ է. մեր հանճարը,
Քանի՜ ամառ, քանի՜ ձմեռ
Չենք տեսնվել: Ո՞նց ես, ջանս, /ծաղրական, մանկան թեթև տոնով/
Չարչարվու՞մ ես, տանջվու՞մ ես դեռ:

Պարտիտուրան ու՞ր է գործիդ,
Դիրիժորն էլ դու՞ ես միթե,
Մենակատար ու՞մ ընտրեցիր,
Բայց ինչու՞ ես նոթդ կիտել:
Լա՜վ, մռութդ ցած մի կախիր. /հարազատաբար, փաղաքշական/
Կարոտել եմ անչափ ես քեզ,
Իրոք, ինձ լավ մի դաս տվիր,
Եվ գլուխս է եկել խելքս:
Ես տատին եմ օգնում արդեն՝
Տանը լինի կամ թե բակում,
Օրագիրս կուզե՞ս թերթեմ.
Միայն հինգ են նշանակում:

Տատ /հանկարծ գլխի է ընկնում, որ կատուն հետ է եկել, ուրախ տոնով/
Իմ լա՜վ կատու, իմ լա՜վ կատու,
Ի՜նչ լավ է, որ ետ եկար տուն:

Կատու

Աստղեր չկան իմ ճակատին,
Զղջացել եմ, բարի իմ տատ,
Կուզես՝ անվերջ ինձ նախատիր,
Կուզես՝ մի տուր մածուն ու կաթ:
Սովորեցի և՛ սի, և՛ դո,
Բայց չդարձա կոմպոզիտոր,
Միայն մի բան ես հասկացա,
Որ փոխվեցի, բարի դարձա,
Հրաժարվում եմ ես մկներից,
Թեկուզ ինձ էլ քշես տնից,
Ես չեմ անի ոչ մի արարք՝
Քմահաճ ու անտանելի,
Չեմ մլավի երկար-բարակ
Ոտքերի մոտ մեր Դանիելի:
Քեզ կհսկեմ միայն խելոք.
Ախր, ծերացել ես, իմ տատ,
Ու թե դուր է գալիս իրոք,
Դու կքնես մռռոցիս տակ:

/ուրախ երաժշտության ներքո վարագույրը փակվում է/

ՎԵՐՋ

2 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

3 + 5 =