ՀԵՆՐԻԿ ՍԵՎԱՆՆ ՈՒ ՄՈԾԱԿՆԵՐԸ

Մի անգամ, երբ մի փոքրիկ տղա հիվանդ էր, նրան այցելեց զարմանալի ու տարօրինակ մի բժիշկ: Փոքրիկ հիվանդին քնելու և դեղահաբեր նշանակելու փոխարեն՝ նա նստեց ուղղակի հատակին ու սկսեց աշխույժ զրուցել, ծիծաղաշարժ պատմություններ անել: Հիվանդն սկսեց լիաթոք ծիծաղել և ասես մի կախարդական ուժի օգնությամբ իրեն լավ զգալ:

Այ քեզ բժիշկ. ուրեմն նա երեխաներին բուժում է ծիծաղով: Տարիներ անց այդ փոքրիկ տղան սկսեց բանաստեղծություններ գրել և գրեց այնպիսի բանաստեղծություններ, որոնք զվարճություն և ուրախություն են պատճառում երեխաներին: «Եվ եթե իմ բանաստեղծությունները հիմա իսկապես կարող են զվարճացնել ձեզ, ապա ես այն բժշկի նման ինձ վարձատրված կզգամ»,- գրել է այդ տղան, ով իրականում ճանաչված մանկագիր Հենրիկ Սևանն է:

Հենրիկ Սևանի զվարթ բանաստեղծությունները դեղահաբերի նման հրաշագործ ազդեցություն են գործում երեխաների մտքի և հոգու վրա: Մեր կայքում դուք կծանոթանաք և կընթերցեք նրա անչափ հետաքրքիր և ուրախ գործերը: Իսկ այստեղ մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Հենրիկ Սևանիբանաստեղծությունները մեր ազգակից մոծակների մասին:

ՄՈԾԱԿՆ ՈՒ ՍԱՅԼԸ

Ոտքի տակ է փորձանքը՝

Սայլից ընկավ մոծակը,

Թարսի նման սայլն էլ մեծ

Թև ու թիկունքը ճզմեց:

Մոծակները լուրն առան,

Իրենց եղբոր մոտ թռան,

Եկան՝ վերքը կապեցին,

Աղի արցունք թափեցին:

Մի ծեր մոծակ մոտեցավ,

Եղբոր վրա կռացավ,

Ասաց.- Ոչինչ, սայլից նենգ

Մենք քո վրեժը կառնենք:

-Դարդ մի անի, բարեկամ,-

Ասաց մոծակն արնաքամ,-

Ես իմ ոխը հանեցի,

Սայլին մի լավ խայթեցի:

ԿԱՐՃԱՏԵՍ ՄՈԾԱԿԸ

Անտառում կար մի մոծակ՝

Մի կարճատես, կարճ դերձակ,

Կարճ էր չափում, կարճ կտրում,

Թևն ու փեշը կարճ կարում,

Գոհ էր ճանճի կարճ ձագը.

-Ի՜նչ շնորհքով դերձակ է:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի