ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԳՅՈՒՂԻ ԳԱՂՏՆԻՔԸ


Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ մի զմրուխտյա դաշտավայրում փռված էր գյուղը: Գյուղում բոլորն էլ աշխատասեր ու միմյանց օգնող էին, բայց հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Բոլորի կողքին մի աղքատ,սակայն չափազանց բարի մի երիտասարդ էր ապրում: Նա ապրում Էր միայնակ, հազիվ օրվա հաց էր վաստակում, բայց սիրով օգնում էր բոլորին:

Այդ բարությունից բաժին էր հասել նաև անտառի փերուն,որին տղան օգնել էր նույնիսկ չիմանալով, թե ով է նա: Անտառի փերին շնորհակալություն էր հայտնել և բարեմաղթել. «Քո բարությունը կվարձատրվի,շուտով դու կհանդիպես ու կամուսնանաս մի բարի աղջկա հետ: Ձեր միությունից մի աղջիկ կծնվի,որի կնքամայրը ես կլինեմ»:

Ինչպես և կանխատեսել էր փերին նա շուտով ամուսնացավ իր նման մի բարի ու կամեցող աղջկա հետ: Որոշ ժամանակ անց ծնվեց նրանց աղջիկը: Բոլորը հիացած էին նորածնի գեղեցկությամբ.նրա այտերը հասած կարմիր խնձորի էին նման,մաշկը ճերմակ-ճերմակ էր` ինչպես Արարատի ձյունը,իսկ աչքերը լազուր երկինք էին հիշեցնում:

Եկավ աղջկան կնքելու ժամանակը: Ողջ գյուղը հավաքվել էր կիսելու բարի համագյուղացու ուրախությունը: Երբ բոլորը հավաքվել էին, հայտնվեց բարի փերին և բոլորին ողջունելուց հետո հայտնեց իր բարեմաղթությունները. «Նա կլինի չքնաղ ու բարձրահասակ`ինչպես Նաիրյան դալար բարդի: Նրա ոտնահետքերում վարդ ու մանուշակ կծաղկի,նրա ժպիտից օրն էլ ավելի կպայծառանա,իսկ երբ նա տխրի`անձրև կտեղա: Երբ նա սկսի խոսել մայրենի լեզվով,նրա բերանից մարգարիտ ու անգին քարեր կթափվեն»: Իր բարեմաղթանքներից հետո բոլորին գլուխ տալով կնքամայրն անհետանում է, իսկ գյուղացիներն ուրախ քեֆ են անում:

Մեծանում է աղջիկն ու գյուղացիներն ուրախությամբ տեսնում են,որ իրականացել է անտառի փերու ցանկությունները: Նրանք ուրախ էին,որովհետև ամառ թե ձմեռ նրանց տներում վարդ ու մանուշակի բույրն էր, իսկ աղջկա բերանից թափված մարգարիտներն ու անգին քարերը օգտագործում էին բոլոր կարիքավորները:

Կարճ ժամանակ անց գյուղը դարձավ զմրուխտե դաշտավայրի ամենաուրախ և ամենահարուստ գյուղը: Բոլորը փորձում էին նմանվել նրանց: Նրանք հարցնում էին, թե որն է այդ երջանկության բանալին և ստանում այն.

-Եղեք  բարի ու կամեցող և կունենաք ամեն ինչ: Բարությունն ու կամեցողությունը ձեզանից յուրաքանչյուրին կդարձնի  երջանիկ:

Հեքիաթն այնտեղ, իսկ մենք այստեղ հետևենք հեքիաթի խորհուրդներին և բարություն սերմանենք ամենուր,որ ծաղկի ու գեղեցկանա մեր չքնաղ  երկիր ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Ժորա Հակոբյան

Ժորա Հակոբյան
Ժորա Հակոբյան

Սյունաց աշխարհի հեքիաթային անկյուն Մեղրիում է ծնվել Ժորա Հակոբյանը: Նա 10 տարեկան է: Սիրում է կարդալ, զբաղվել համակարգչով և սիրում է իր հայրենի բնօրրանը, որն ուզում է տեսնել գեղեցիկ ու բարգավաճ: Ազատ ժամանակ սիրում է ստեղծագործել. գրում է հեքիաթներ, պատմվածքներ:

Վերջերս ԿՏԱԿ-ի կողմից կազմակերպված և Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է «Լավագույն  էսսե» խրախուսական մրցանակին: Այժմ ՀՀ ԿԳ նախարարից ստացած մրցանակը` «Գիտադարանը», նրա անբաժան ընկերն է:

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԳՅՈՒՂԻ ԳԱՂՏՆԻՔԸ

log in

reset password

Back to
log in