ՏՌԱԼԻԶՈՐԻՈՒՄ. ՀԵՔԻԱԹ-ՊԱՏՄՎԱԾՔ


1 share

Կախարդանքի միջոցով բացվեց այն աշխարհի կողպեքը, որը կոչվում էր Տռալիզորիում…

Սա մի աշխարհ է, որտեղ ապրում են կախարդներ և հասարակ մարդիկ, որոնց համար կախարդանքը սովորական երեւույթ է: Նրանք անգամ պատկերացում չունեն, որ բացի իրենց աշխարհից կա նաև մեկ այլ աշխարհ, որտեղ ապրում ենք մենք:

Ես նույնպես չգիտեի, մինչև որ պապիկիս`վաղուց արդեն ոտք չդրված սենյակում, փոշոտված փաստաթղթերի մեջ, գտա «Տռալիզորիում» գիրքը: Պապիկս, իմ ծնվելուց մոտ 10 տարի առաջ, անհետացել էր, և մինչ օրս ոչ ոք նրա անհետանալու պատճառը չէր պարզել: 14 տարեկանս նոր էր լրացել, երբ գտա գիրքը:

Հա, մոռացա ներկայանալ, անունս Ալեքս է, ծնվել և ապրում եմ Կիսորի քաղաքում: Պապիկս նունպես ծնվել և ապրել է այստեղ: Ինչպես արդեն ասացի պապիկս անհետ կորել էր, և ես, պատահական գտնելով «Տռալիզորիում» գիրքը, հասկացա, որ նա ամենևին էլ չի կորել, այլ պարզապես գնացել է արկածներ որոնելու և հավանաբար չի կարողացել վերադառնալ: Ես հասկացա, որ պետք է գնամ նրա հետեւից:

Ցավոք, գիրքը գտնելը դեռ բավական չէր դեպի Տռալիզորիում ուղևորվելու համար: Ինձնից ուղիղ 4 տարի պահանջվեց, որպեսզի,բացի այդ գրքից, պապիկիս քարուքանդ եղած սենյակում, որտեղ այս ու այն կողմ շպրտված էին ճմռթված թղթեր, տարբեր իրեր և բազում անպետք գրքեր, գտնեմ «Տռալիզորիում» գրքից ոչ պակաս կարևոր թղթեր, որոնք օգնեցին ինձ բացել պորտալը:

Ահա և բացվել էր իմ կյանքի ամենասպասված դռների կողպեքը, և ես պատրաստվում էի մտնել ներս, սակայն քաջ գիտակցում էի՝ ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ես այնտեղից կվերադառնամ:

Բայց իմ հետաքրքրության ու պապիկիս տեսնելու անհագուրդ ցանկության դեմ վախը ոչինչ էր:Վերջապես հավաքեցի իմ ողջ տղամարդկությունը ու ներս մտա: Տեսարանը ապշեցուցիչ էր: Ես ինձ զգացի, ինչպես իսկական հեքիաթում:

Իմ առաջ բացվել էր մի զարմանալի աշխարհ: Այստեղ մարդիկ մեքենաների փոխարեն օգտագործում էին թռչող ավելներ, և,ի տարբերություն մեր աշխարհի, այստեղ չկային լուսամփոփներ, նույնիսկ փողոցներ չկային:

Բարեբախտաբար, վերջին 4 տարիների ընթացքում ես սովորել էի որոշ չափով օգտագործել իմ կախարդական ուժը: Հիմա երևի կհարցնեք, թե ինչ էի անում այդ 4 տարիների ընթացքում: Ասեմ. այդ պորտալը բացելու համար ինձ շատ բաներ էին պետք, որոնցից ամենակարևորները իմ կախարդական ուժն ու պապիկիս թաքցրած բյուրեղապատ ծաղիկներն էին: Նա դրանք պահել էր տան տարբեր անկյուններում, որոնց, նախկինում երբևէ ուշադրություն չէի դարձրել: Բայց ի վերջո ես կարողացա հավաքել բոլոր 5 ծաղիկները և այդ ընթացքում սովորեցի կախարդել: Ինձ մնում էր միայն բացել պորտալը և հայտնվել այնտեղ:

Ողջ կյանքում անգամ մտքիս ծայրով չէր անցել, որ կարող եմ հայտնվել այսպիսի հրաշալի վայրում, որը միայն առաջին հայացքից էր ինձ լավը թվում: Ես, մինչեւ 14 տարեկանս, բացի իմ խաղալիք ուղղաթիռներից, թրերից և համացանցից այն կողմ ոչինչ չէի տեսել, իսկ հիմա իմ առաջ բացվել էր մի աշխարհի դուռ, որի մասին ոչ ոք չգիտեր, և եթե ինձ հանկարծ ինչ որ բան էլ լիներ, ոչ ոք չէր կարողանա գտնել ինձ:

Որոշեցի վերջապես առաջ շարժվել և տեսնել արդյոք այն համապատասխանում է գրքի նկարագրությանը: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես գրքում: Շուրջբոլորս մարդիկ էին, ովքեր ապրում էին այնպես, ինչպես ուզում էին, ունենում էին այն, ինչ ուզում էին, և դա միայն մի պարզ պատճառով`նրանք բոլորը ունեին կախարդական ուժ:

Բայց գրքում ասվում էր, որ կա մի շատ հզոր կախարդ, ով ցանկանում է բոլորից խլել կախարդական ուժերը և թողնել միայն իր ուժը, որպեսզի կառավարի ողջ աշխարհը: Նրա ծրագիրը համարյա հասել էր իր ավարտին: «Տռալիզորիում» գրքում ամեն օր ավելանում էին մի քանի նոր էջեր, որոնք պատմում էին այդ օրվա մասին: Ցավոք, այն ինձ հետ չկարողացա բերել այս աշխարհ, քանի որ այն կախարդական էր, իսկ այն, ինչը կարող է գուշակել ապագան, այս աշխարհ բերել շատ վտանգավոր կլիներ:

Իմ գալու օրը գրքում գրվել էր, որ անեծքը արդեն պատրաստ է, և մնում էր մի քանի ժամ, որպեսզի այն տարածվեր ողջ աշխարհում: Ի ուրախություն ինձ՝ ես նրանց աշխարհից չէի և ինձ անեծքը չէր կարող վնասել:

Հանկարծ երկինքը ամպեց, և ես հասկացա, որ այն ամեն րոպե կարող է պայթել, և անեծքը կտարածվի ողջ աշխարհում: Մոտակայքում մի խրճիթ կար:Վազեցի, որպեսզի այնտեղ պատսպարվեմ, սակայն այն պաշտպանիչ կախարդանքով պաշտպանված էր անգամ այն ժամանակ, երբ տանը մարդ չկար: Ես հասցրել էի սովորել հանել նմանատիպ հասարակ պաշտպանությունները և առանց դժվարության ներս մտա խրճիթ:

Մանկության տարինրին շատ էի դիտել վամպիրների մասին ֆիլմեր և գիտեի, որ նրանցից կարելի է պաշտպանվել սխտորով, բայց թե ինչպես պաշտպանվել չար կախարդից, երբեք մտքովս չէր անցել: Հանկարծ բացվեց տան դուռը, և ներս մտան տան տերերը: Արագ թաքնվեցի սենյակի անկյունում դրված պահարանի մեջ, սակայն ճանապարհին չնկատեցի գետնին ընկած թագ-խաղալիքը և կոտրեցի այն: Նրանք լսեցին շխկոցը և եկան սենյակ: Տեսնելով կոտրված թագը`տան երեխան`Իզան, սկսեց լաց լինել. հավանաբար այն Իզայի սիրելի խաղալիքներից էր: Հիշում եմ, երբ որևէ մեկը իմ խաղալիքներից ինչ-որ բան կոտրում էր, ես մի քանի օր փակվում էի իմ սենյակում և չէի ցանկանում ոչ ոքի տեսնել: Ես ինձ շատ վատ զգացի կատարվածի համար, բայց այդ պահին ավելի շատ մտածում էի իմ ապահովության մասին, քանի որ եթե նրանք ինձ գտնեին, լավ բան պետք չէր սպասել:

Ի ուրախություն ինձ, և ի դժբախտություն այդ աշխարհի բոլոր մնացած բնակիչների՝ այդ պահին ամպը պայթեց, և ամբողջ աշխարհը մի քանի վայրկյան պատվեց մշուշով: Երբ մշուշը անհետացավ, ես ինքնակամ դուրս եկա պահարանից: Ընտանիքի հայրը միանգամից փորձեց ինչ-որ անեծք դնել ինձ վրա, սակայն… սակայն նկատեց, որ իրեն լքել են իր կախարդական ուժերը: Ես նրանց ամեն ինչ բացատրեցի և խոստացա ամեն կերպ օգնել վերադարձնել իրենց կախարդական ուժը և ազատությունը: Նրանք ինձ ընդունեցին այնպես, ինչպես իրենց հարազատին: Ես իմ կախարդական ուժով աղջկա կոտրված թագը վերականգնեցի և տեսա, թե ինչպես նրա աչքերը սկսեցին շողալ ուրախությունից: Ինչքան քիչ բան է պետք երեխային երջանկացնելու համար. ընդամենը մի փոքր ուշադրություն և հոգատարություն:

Ես ինձ հետ բերել էի պապիկիս լուսանկարը, որպեսզի նրան տեսած մարդիկ օգնեին ինձ գտնել նրան: Ես առաջին հերթին նկարը ցույց տվեցի Ռոլանդների ընտանիքին, և նրանց դեմքի ժպիտը միանգամից անհետացավ, երբ տեսան նրա նկարը: Պարզվում է, հենց այն նույն չար կախարդը, ով խլեց բոլորից իրենց ուժերը, իմ պապիկն էր: Պատկերացրեք իմ հիասթափության աստիճանը:

Եվ հենց այդ պահին բոլոր էլեկտրական լամպերը պայթեցին, ողջ աշխարհը անցավ մթության մեջ: Միայն այն ամրոցի լույսերն էին վառվում, որտեղ ապրում էր պապիկս: Տնից երևում էին ողջ աշխարհի մարդկանց ջահերը: Մենք ապրում էինք աշխարհի ամենաբարձր վայրում, և այնտեղից ամեն ինչ շատ լավ երևում էր: Ջահերով երթը ուղղակի հրաշք էր: Կարծես կրակները իրենք իրենց շարժվեին այս կողմից այն կողմ: Աշխարհի կենտրոնական մասում վառեցին մի մեծ խարույկ, որը ինչ-որ չափով լուսավորեց շրջակայքը:

Ես դրսում էի և հանկարծ լսեցի Իզայի ճչոցը ու արագ վազեցի ներս, որպեսզի տեսնեմ, թե ինչ է պատահել: Նրա սենյակ մի մեծ սարդ էր մտել, իսկ նա սարսափելի վախենում էր սարդերից: Ես վերցրի կողքիս դրված ջութակը և դրանով սարդին հավասարեցրի հատակի մանրատախտակին: Իզան վազեց ինձ մոտ: Չգիտեմ`վախից էր, թե ուրախությունից, որ ես շուտ հասա և սատկացրի սարդին, նա ամուր գրկեց ինձ և մի քանի րոպե այդպես մնաց: Վերջապես ժամանեցին ընտանիքի մյուս անդամները:

Նրանք հարցրին,թե ինչ է պատահել, և Իզան, թողնելով ինձ,վազեց դեպի ծնողները: Նա մանրամասնությամբ պատմեց, թե ես ինչպես ջութակով սատկացրի հսկայական սարդին, որը, իրականում, եղունգիս չափ էր: Ծնողները ինձ շնորհակալություն հայտնեցին և ասացին, որ այստեղի սարդերը շատ թունավոր են. անգամ մեկ խայթոցը կարող է հասցնել մահվան, և ես հասկացա, թե ինչու էր Իզան այդքան վախեցել:

Մենք ամեն կերպ փորձում էինք ինչ-որ միջոց մտածել նրանց կախարդանքը վերադարձնելու համար, սակայն լուծումը միայն մեկն էր: Միայն ես էի մնացել ողջ Տռալիզորիումում, ում կախարդական ուժը չէր վերացել, և միայն ես կարող էի հաղթել չար խակարդին, որը իմ պապիկն էր:

Նրան հաղթելու երկու եղանակ կար: Կամ պիտի նրան պատմեի, թե ես ով եմ և փորձեի նրան հետ բերել դեպի բարու կողմը, կամ էլ իմ կախարդական ուժի միջոցով, որը օր օրի այս աշխարհում ավելի էր հզորանում, սպանեի նրան: Ես որոշեցի նախ փորձել բանակցություններ վարել նրա հետ:

Առավոտյան շուտ, երբ բոլորը դեռ քնած էին, ես արթնացա, տուփից հանեցի ակնոցս, կախարդական հեռախոսս, որը իրականում ինձ պետք չէր և կախարդական էր միայն այս աշխարհի մարդկանց համար, քանի որ նրանք երբեք հեռախոս չէին տեսել, նաև վերցրի մի քանի թղթեր, որոնք բերել էի պապիկիս սենյակից և ուղևորվեցի դեպի նրա ամրոցը: Հիասքանչ տեսք ուներ ամրոցը. այն հենց այնպիսին էր, ինչպիսին, որ տեսել էի գրքի նկարներում: Ինքն իրեն բացվեցին ամրոցի դռները, և ես ներս մտա: Ըստ իս`նա սպասում էր, որ ինչ որ մեկը գալու է, բայց թե ով`գաղափար անգամ չուներ:

Երբ ես տեսա պապիկիս կյանքումս առաջին անգամ,մտածեցի, թե որքան լավ պահեր կարող էինք մենք ունենալ միասին մեր աշխարհում, որոնք այլևս հնարավոր չէ վերականգնել: Միշտ երազել եմ պապիկիս ձեռքը բռնած գնալ կենդանաբանական այգի, տեսնել կենդանիների, կամ, օրինակ, գնալ ատրակցիոնների պարկ, սակայն ես պապիկ չեմ ունեցել, որպեսզի կատարվեր իմ երազանքներից որևէ մեկը, և իմ սրտի բացը այլևս երբեք չի լցվի:

Ես ներկայացա նրան և, ինչպես արդեն ենթադրել էի, նա չհավատաց, որ դա իրոք ես եմ: Որպես ապացույց, ես ցույց տվեցի ինձ հետ բերած հեռախոսը և փաստաթղթերը, որոնք բերել էի իր սենյակից: Նա, տեսնելով թղթերը, հավատաց ինձ, փորձեց մոտենալ և գրկել ինձ, սակայն ես հետ քաշվեցի: Նա պատմեց, թե ինչպես է այս աշխարհ ընկել և քանի տասնյակ տարիներ է փորձել վերադառնալ տուն, սակայն չի կարողացել: Հենց այդ իսկ պատճառով նա բոլորից խլել է իրենց կախարդանքը, որպեսզի աշխարհի ամենադժվար և հզոր կախարդանքի միջոցով բացի պորտալը դեպի մեր աշխարհ: Նա արդեն փորձել էր բոլոր հնարավոր տարբերակները. թե կախարդական գլխարկ, որը կարող է մի տեղից հասցնել մյուսը, թե կախարդական փայտիկ, բայց այդ ամենը անիմաստ էր:

Նա գտել էր ձևը վերադառնալու և, խլելով կախարդանքը մյուսներից, ստեղծել էր հատուկ կախարդական թուրմ, որը կարող էր պորտալ բացել մեր աշխարհ:Մեր գնալուց անմիջապես հետո բոլորի կախարդանքը նորից վերադառնալու էր ժողովրդին, սակայն պորտալով կարող էր անցնել միայն մեզանից մեկը: Ես ոչ մի դեպքում չէի թողնի նրան այստեղ և նորից վերադառնայի մեր աշխարհ:

Նա թուրմը լցրեց գորգի վրա: Սկզբում գորգը թրջվեց, իսկ հետո բացվեց պորտալը: Նա ցանկանում էր ինձ հետ ուղարկել, բայց ես նրան հրեցի, և նա ընկավ պորտալի մեջ ու վերադարձավ մեր աշխարհ: Իսկ ես վերադարձա նույն ընտանիքը, որտեղ ապրում էի և շարունակեցինք ապրել այնպես, ինչպես մինչ այսօր: Բոլորի կախարդական ուժերը վերադարձան իրենց, և քաղաքը առաջվա պես սկսեց աշխույժ այս ու այն կողմ թռչել:

Շարունակելի…
Այս պատմության հեղինակը Լևոն Հակոբյանն է: Լևոնը 16 տարեկան է, սովորում է Երևանի թիվ 112 դպրոցում: Լևոնը սկաուտ է, նաև սիրում է գրել ու դիտել ֆիլմեր: Գրում  է հեքիաթներ, ֆանտաստիկ և արկածային պատմվածքներ: Ապագա կինոռեժիսոր է:

ՏՌԱԼԻԶՈՐԻՈՒՄ. ՄԱՍ 2-ՐԴ


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։