facebook

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇ


Դրոշը յուրաքանչյուր պետության պատիվն է ու առաջին խորհրդանիշը:

Դրոշի պատմությունը սկսվում է ավելի քան 3000 տարի առաջ: Պետությունների ղեկավարները դեռ շատ հին ժամանակներում են հասկացել, որ կարիք ունեն միայն իրենց պետությանը հատուկ խորհրդանիշի, որով կտարբերվեն միմյանցից և կճանաչեն միմյանց, և որի շուրջ կհամախմբվեն պետության բնակիչները: Այո, այո, դրոշը զարմանալի ուժ ունի, կարող է ոգևորել ու առաջնորդել մի ամբողջ ժողովրդի:

Դրոշն անմիջապես օգնում է քեզ հասկանալ, թե որ ազգի ներկայացուցչին ես հանդիպել: Դրոշին պատիվ են տալիս երկրի ղեկավարներն ու զինվորները, դրոշի առջև խոնարհվում են՝ իբրև ամենամեծ սրբության: Դրոշով հպարտանում են, հանուն դրոշի պայքարում են ու հաղթանակներ տանում:   Ճակատամարտերի ժամանակ այն պաշտպանում են այնպես, ինչպես պաշտպանում են հայրենի հողը և բարձրացնում են որպես հաղթության նշան: Հանուն դրոշի զոհվում են՝ կյանքից ավելի թանկ գնահատելով: Իսկ երբ ծածանվում է հայոց եռագույնը, մեր՝ հայերիս սիրտն է թրթռում հուզմունքից ու հպարտությունից: Իսկ հիմա ժամանակն է ճանաչելու մե’ր դրոշի պատմությունը…

Հայաստանում դրոշի առաջին կիրառությունը, ըստ ավանդության, կապվում է Հայկ Նահապետի անվան հետ: Ասում են, որ գալով Վանա լճի ափը՝ նա դրոշ է պարզել: Դրոշներ են ունեցել նաև հայոց մյուս թագավորները: Արտաշեսյան և Արշակունի թագավորական տոհմերի դրոշների վրա պակերված են զույգ արծիվ, կենտրոնում էլ՝ արև: Բագրատունի թագավորների դրոշի վրա նույնպես արծիվ է պատկերվել, իսկ Կիլիկյան հայկական թագավորության դրոշի վրա պատկերված են եղել արքայական գավազանով առյուծ և խաչ: Դրոշներ են ունեցել նաև հայկական նախարարական տները, իսկ արդեն ավելի ուշ՝ նաև պատերազմներին մասնակցող կամավորական ջոկատները:

182863_385968598127756_270533299_n

Հայերը միշտ նախապատվությունը տվել են ոսկեգույն և ծիրանագույն գույներին, ուստի մեր դրոշներն էլ ունեցել են հենց այս երանգները: Հայաստանի առաջին Հանրապետության (1918թ.) դրոշը եռագույն էր՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո (1920թ.) պետական դրոշը կարմիր դարձավ՝ մեջտեղից անցնող կապույտ շերտով: Դրոշի վերին հատվածում էլ պատկերվեցին Խորհրդային միության խորհրդանիշերը՝ ոսկեգույն մուրճն ու մանգաղը և հնգաթև աստղը:

Իսկ 1990 թ.-ից սկսած հայկական դրոշը ընդունեց իր այժմյան տեսքը: Մեր դրոշի գույները այսօր վերևից ներքև դասավորված են այսպես՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Դե իսկ ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի աշխատասիրությունը:

Մեր դրոշի ջերմ ու պայծառ գույներով է ներկվում մեր պետությունն ամեն տոնի և հատկապես հունիսի 15-ին, երբ նշվում է Հայկական դրոշի օրը: Մենք էլ ճանաչենք, սիրենք և հարգենք մեր երկրի պետական խորհրդանիշը և թող այն միշտ բարձր ծածանվի կապույտ երկնքում ու ազդարարի Հայաստանի հաղթանակների մասին:

Մեկնաբանություններ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇ