facebook

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ – ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄՈՒԿԻԿԸ


Մի երկիր կա` Հնդստան,
Մի մուկիկ կար` ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում:

Ապրում էր նա իր համար,
Բարիքներում անհամար,
Ու մի օր լավ, մի օր վատ`
Ուներ ապրուստ քիչ թե շատ:

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցորնի հատ:
Ուտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում:

Իր անունը Պույ-պույ էր,
Ազգանունը Ճստունի,
Լացը` վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը տարայ-նայ-նի-նի:

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
Ու մի օր էլ ծանր ու մեծ
Իրեն-իրեն միտք արեց.

«Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ»:

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոմբ
Ընկավ նրա առաջին:-
Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին:

Կաղնի տեսակ, սեխի չափ,
Միջուկն անու՜շ, յուղալի՜,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա ինչն է ցավալի…

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց:

Ու կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույ-պույը,
Կեղևն հաստ է, ո՞նց անի,
Ու սկսեց վույ-վույը:

«Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
Տեսնեմ դրա համն էլի,
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր»:

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հիմի էլ
Ծակից մտնել էր ուզում:

Բայց տեսեք ինչ պատահեց,
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում,

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլնի մուկիկը…
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում:

Էսպես լացեց, սուգ արեց,
Էնքան լացեց, սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց:

Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս:

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը:

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե պար արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կեր ու կրծիր,
Կե’ր միջուկը, հյութը խմի’ր:

Համ ուտում է, համ էլ պարում,
Համ պարում է, համ էլ երգում.
«Ինքս Պույ-պույ, պարս` տույտույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:

Էսպես թռչում, ծափ էր տալիս,
Պար էր գալիս, ռանգի, յալլի,
Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,
Այ թե քեֆը ինպես կլինի:

Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,
Ընկավ կողքին, քնեց խորունկ:

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Էհ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա:

«Լավ էր, կերանք բավականին,
Հիմի գնանք մենք մեր բանին»:
Հեշտ էր ասել… Ապա՞ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր:

Մոտեցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜… Տեսավ ճամփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր…
Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր…

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլինի մուկիկը:

Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում:

«Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ:

Ախր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր` լավ չէ՞ր, հը՞,
Ցավ ուտեիր, լավ չէ՞ր, հը՞…

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,-զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար»:

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց:-
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս:

Վա’հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց… Այ, նայիր, էս ես` մուկը,
Էն` կոկոսը, էն` միջուկը:

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,
Տո էլ ի՞նչ «վայ», էլ ի՞նչ «վույ-վույ»,
Տո՛, քե’ֆ արա, օխա՛յ, օխա՛յ,
Դե պա’ր արի, տարա՜յ-նի-նա՜յ…

Հա՛մ թռչում է, հա՛մ պարում է,
Հա՛մ երգում է, հա՛մ կանչում է,
Ջա՜ն, քեֆ արա, տարայ-նի-նի՜.
Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի:

Մեկնաբանություններ

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ – ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄՈՒԿԻԿԸ