ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆԻ ՇՆԵՐ

Իզուր չէ, որ շները միշտ համարվել են մեր ընկերները: Պատմության մեջ հայտնի են շներ, որոնք փրկել են կյանքեր և արժանացել անգամ երկրպագության: Շների հավատարմության մասին լեգենդներ են հյուսվում: Ոչ պակաս հետաքրքիր են այն մարդիկ, որոնք սարսափելի կապվում են իրենց շների հետ ու նրանց նվիրում ողջ իրենց կյանքն ու կարողությունը: Ահա մի քանի շներ, որոնք մնացել են պատմության մեջ իրենց հավատարմության, քաջության ու խելքի շնորհիվ:

Գելերտ շունը

12-րդ դարում անգլիացի թագավոր Յոհան Հողազուրկը իր դաշնակից Ուելս Լեվելին Մեծին նվիրեց մի ճարպիկ և արագաշարժ որսորդական շուն` Գելերտ անունով: Շունը և իր նոր տերը մտերմացան և Ուելսը որոշեց իր նոր ընկերոջը վստահել այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին իր նորածին որդու խնամակալությունն էր: Ամեն ինչ լավ էր, բայց մի օր թագավորը, մտնելով որդու սենյակ, տեսավ, որ ամեն ինչ տակնուվրա է եղած, օրորոցը դատարկ է, իսկ շան մռութն` արյունոտ:

Ուելսն իրեն լրիվ կորցրեց և չարությամբ լցված` հանեց թուրն ու սպանեց շանը: Եվ հենց այդ պահին նա լսեց որդու լացը, որ գտնվում էր օրորոցի ներքևում` լրիվ առողջ: Իսկ օրորոցից քիչ այն կողմ նկատեց մի սատկած գայլ: Իրականում Գելերտը փորձել էր պաշտպանել երեխային: Զգալով իր սխալը` Ուելսը հանդիսավոր կերպով թաղեց շանը: Եվ այն տեղը, որտեղ թաղվեց Գելերտը, դարձավ շան հավատարմության խորհրդանիշ:

Նապոլեոնին փրկող շունը

Նապոլեոնը ատում էր շներին: Բայց ճակատագրի հեգնանքով նա իր կյանքի համար պարտական դարձավ մի շան: Ահա թե ինչպես դա պատահեց: Նապոլեոնն աքսորվել էր Էլբա կղզի: Սակայն ոչ մի կերպ չհարմարվելով այդ իրավիճակին` նա որոշեց փախչել կղզուց փախչել գիշերով, փոթորկոտ եղանակին և նավակով: Նապոլեոնը պետք է նավակով հասներ իրեն սպասող ֆրանսիական նավին: Սակայն ընթացքի ժամանակ նա նավից դուրս ընկավ, իսկ նավաստիները դա չնկատեցին: Նապոլեոնը լողալ բացարձակ չգիտեր, և եթե չլիներ նյուֆաունդլենդ տեսակի շունը, նա կխեղդվեր: Նա նետվեց ջուրը և օգնեց Նապոլեոնին մնալ ջրի երեսին, մինչև նավաստիները նկատեցին նրանց:

Շունը` Նորվեգիայի թագավոր

Սաուր կամ Սուինգ անունով մի շուն իրոք եղել է պետության ղեկավար 12-րդ դարի սկզբում: Առասպելի համաձայն` Սաուրի տերը եղել է Էյսթին Մագնուսոն թագավորը: Երբ Նորվեգիայի թագավոր Էյսթինը գրավեց Տրոնդհեյմը, այնտեղ կառավարիչ նշանակեց իր որդի Էնունդին: Բայց ապստամբություններից մեկի ժամանակ Էնունդը սպանվեց: Այդ ժամանակ Էյսթինը Տրոնդհեյմի բնակչությանն առաջարկեց կառավարիչ ընտրել կա΄մ մի ստրուկի, կա΄մ էլ Սաուրին` իր շանը: Եվ պատկերացնու՞մ եք, հաղթող ճանաչվեց շունը: Թագի փոխարեն նրա համար ոսկե վզկապ պատրաստեցին: Մեծ արարողությունների ժամանակ շանը հատուկ պատգարակով էին տեղափոխում: Սաուրը կառավարեց երեք տարի` մինչև իր մահը:

Զիգմունդ Ֆրոյդի օգնական Ժո-Ֆին

հայտնի շներ

Ֆրոյդը շատ էր սիրում շներին և ուներ մի քանիսը, բոլորն էլ` չաո-չաո տեսակի: Նրանցից ամենահայտնին Ժո-Ֆին էր: Մեծագույն հոգեվերլուծաբանը համոզված էր, որ շները հրաշալի կերպով կարող են հասկանալ մարդկանց բնավորությունը, ինչպես նաև հանել նրանց լարվածությունը: Այդ իսկ պատճառով էլ Ֆրոյդը սեանսներն անցկացնում էր շան հետ միասին: Ժո-Ֆին հասկացնում էր իր տիրոջը, թե երբ է պետք ավարտել սեանսը: Նա 15 րոպեն մեկ անգամ վեր էր կենում տեղից, ձգվում էր և գնում դեպի դուռը: Այդպիսով Ֆրոյդը կարիք չէր ունենում նայել ժամացույցին, ինչը կարող էր վիրավորական լինել հաճախորդների համար:

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի