ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱԿ ՀԱՏՈՒԿ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Ինչպես գիտենք, առակը գրական մի ժանր է, որտեղ այլաբանության միջոցով հեղինակը առաջ է քաշում և քննադատում վատ և արատավոր արարքները: Ստորև քո ուշադրությանն եմ ներկայացնում հայտնի հայ առակագիրներ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի մի քանի առակ: Ուշադիր կարդա և փորձիր շա՜տ բան քաղել այս փոքրիկ ստեղծագործություններից:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ – ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։ Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց՝ ասելով.

— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։ Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

Այսպես նախատվելով բամբակենուց՝ սոսին լռեց։

Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ – ԾՈՎԻ ԳՈՐՏԵՐԸ 

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Առակիս մեջ իմաստություն կա. նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։

Vardan Aygekci_1

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Սա մյուսից գեղեցիկ է:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

 Հուսով եմ՝ հավանեցիր… Գուցե փորձես ինքդ էլ գրե՞լ…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

25 մեկնաբանություն

  1. ЛАРА

    iskakanic,vor lav sayta..Gisher cerek ays saytum em
    laaaaaaaaaaaaaaaaavvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvnnnnnnnnnnnnaaa

  2. TYOM

    lavna Es arakner@ Martkanc Kyanqica Vercrac Sovoreq Martik Sovoreq Sovorel@ Vat Ban Chi

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի