11-ամյա Ֆեմկե Վերսհուերեն կներկայացնի Բելգիան Մանկական Եվրատեսիլ 2011-ին: Ֆեմկեն ծնվել է Բելգիայի Մորխովեն քաղաքում, սովորում է Վիլհեմ Թելլի անվան դպրոցի 6-րդ դասարանում: Ֆեմկեն երգն իր կյանքն է համարում և օրվա մեծ մասն անցկացնում է դաշնամուրի առջև: Եթե ինչ – որ բան չի ստացվում, նա անպայման դիմում է քրոջը և նրանք միասին պարապում են ու նոր երգեր ստեղծում: Մասնակցությունը Մանկական Եվրատեսիլին Ֆեմկեն երաժշտական ասպարեզում իր ամենամեծ փորձությունն է համարում: Նա նաև երգում է իր քույրիկների` Անկեի և Յումկեի հետ, իսկ հայրիկն էլ երգեր է գրում: Ի դեպ, Յումկեն մասնակցել է Մանկական Եվրատեսիլ 2010-ին:
Ֆեմկեն Մանկական Եվրատեսիլ 2011-ին հանդես կգա «Een kusje Meer» երգով: Երգը առաջին կախարդական համբույրի մասին է, որը երբեք չի մոռացվում: Թեև Ֆեմկեն դեռ շատ փոքր է այդ մասին խոսելու համար, սակայն ինչպես բոլոր դեռահասները, նա նույնպես ունի բազմաթիվ գաղտնի երազանքներ: «Մարդիկ հաճախ նայում են ինձ և ասում, որ փոքրիկ եմ, ես էլ այդ ժամանակ իմ նշանաբանն եմ ասում` պստիկ եմ, բայց ճստիկ եմ», -բացատրում է Ֆեմկեն:
Տիգրանուհի Թասլակյան