ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐ ՇԱ՜Տ ՄԵԾ ՍԻՐՏ ՈՒՆԵՐ…


Բոչկո ոզնու մասին

Կար-չկար, մի փոքրի՜կ, փոքրի՜կ ոզնի կար: Որքան նա փոքրիկ էր, այնքան մե՜ծ էր նրա սրտիկը: Նույնիսկ զարմանալի է, թե ինչպես էր այդ փոքրիկ մարմնում այդքա՜ն մեծ սիրտ տեղավորվում: Բանն այն է, որ նրա սրտիկը լցված էր անսահման բարությամբ ու հոգատարությամբ, հենց դրա համար էլ այն այդքան մեծ էր: Միայն թե ոչ ոք չգիտեր այդ մասին: Անտառի բնակիչները չէին ցանկանում խաղալ ոզնու հետ և երբեք նրան հյուր չէին գնում.

– Ես վախենում եմ, – ասում էր Նապաստակը, – նրա փշերը կարող են ծակել ինձ:

– Օ՜, նա երևի կոշտ ու կոպիտի մեկն է, – կոտրատվելով ասում էր Սկյուռիկը և շոյում իր երկար, փափկամազ պոչը:

– Նրան անգամ ուտել չի լինի,- բողոքում էր Գայլը:

Եվ այդպես, ոչ ոք գլխի անգամ չէր ընկնում, թե որքան մե՜ծ սիրտ ունի ոզնին: Իսկ Բոչկոն (մեր ոզնուն հենց այդպես էին կոչում) լսում էր նրանց ու իր փոքրիկ տնակում թաքնվելով՝ կամացուկ լաց էր լինում: Միայն մի բարեկամ ուներ Բոչկոն՝ մի փոքրիկ, ուրախ թիթեռնիկ: Թիթեռնիկը բոլորովին չէր վախենում ոզնու փշիկներից և անգամ նստոտում էր նրանց վրա: Եվ մի անգամ Թիթեռնիկը հավաքեց իր ողջ համարձակությունն ու ասաց անտառի բնակիչներին.

 – Իսկ Բոչկոն մեծ սիրտ ունի, շա՜տ մեծ սիրտ:

– Մեծ սի՞րտ, – զարմացավ Նապաստակը,- իսկ ո՞ւմ է պետք մեծ սիրտը: Սիրտը, միևնույն է, ոչ ոք չի տեսնում: Պետք է գոնե մեծ ականջներ ունենալ, որ երևան:

– Կամ էլ մեծ ու փափկամազ պոչ, – մեջ ընկավ Սկյուռիկը:

– Եվ մեծ բերա՜ն, – վրա բերեց Գայլը:

Թիթեռնիկը տխրեց ու թռավ իր բարեկամի մոտ: Իսկ Բոչկոն հենց այդ պահին՝ փոքրիկ զամբյուղը ձեռքին, շտապում էր խոտաբույսեր հավաքելու: Պետք է ասել, որ մեծ սիրտ ունենալուց բացի Բոչկոն նաև մեծ գիտելիքների պաշար ուներ: Այո, նա գիտեր ամեն-ամեն ինչ այն մասին, թե ինչպես է պետք հոգալ առողջության համար, թե որ խոտաբույսն է օգտակար վնասվածքների դեպքում, կամ էլ թե որն է պաշտպանում ցրտից ու արևից: Եվ ինքն էլ երբեք-երբեք չէր հիվանդանում:

Իսկ այդ օրը Բոչկոն լսել էր, որ հարևան թփուտում ապրող Արջը փոքրիկ արջուկ է ունեցել: Եվ թեև Արջն էլ ասում էր, որ իսկական կարգին կենդանին պետք է գոնե ծուռթաթ ու բրդոտ լինի, ոզնին նրանից էլ չէր նեղանում և ուրախ լուրը լսելով՝ աշխարհով մեկ էր եղել: Հիմա նա շտապում էր փոքրիկ արջուկի համար նվեր պատրաստել:

– Նոր լույս աշխարհ եկած փոքրիկների համար շատ կարևոր է ճիշտ խնամքը, – ասաց նա Թիթեռնիկին ու նրա հետ սկսեց օգտակար և բուժիչ խոտաբույսեր հավաքել:

Խոտաբույսերը լավ էին ճանաչում Բոչկոյին և այս անգամ էլ սիրով իրենց տերևիկները տրամադրեցին նրան: Խոտաբույսերի մեծ պաշար հավաքելով՝ նա Թիթեռնիկի հետ շտապեց իր տնակն ու անցավ գործի:

Խառնեց իրար խոտաբույսերը, նշումներ արեց իր գրքույկի մեջ, հետո ավելացրեց նոր բաղադրիչներ, էլի ինչ-որ բաներ նշեց և ուրախ ծափահարեց: Պատրաստ էր: Ստացված զանգվածը նա լցրեց մի փոքրիկ շշիկի մեջ, վրան մի գունավոր ժապավեն կապեց և ասաց.

– Ահա և պատրաստ է փոքրիկ Արջուկի նվերը:

Թիթեռնիկը ուրախ թափահարեց թևիկներն ու նստեց շշիկի վրա:

– Դու կպաշտպանես նորածին արջուկի մաշկը և թույլ չես տա չարաճճի բակտերիաներին մոտ գալ նրան,- ասաց Բոչկոն շշիկին:

– Խոստանում եմ, – հանկարծ արտասանեց շշիկը, այո, այո, հենց շշիկը:

– Դու խոսե՞լ գիտես, – զարմացավ Բոչկոն:

– Այո, չէ՞ որ բարությունը հրաշքներ է գործում, – պատասխանեց շշիկը, – իսկ հիմա ես կշտապեմ փոքրիկ Արջուկին և նրա մայրիկին օգնության:

Շշիկը հաջողություն մաղթեց Բոչկոյին ու Թիթեռնիկին ու վազեց հարևան թփուտում ապրող Արջուկի մոտ: Մայր Արջը նրան տեսնելով շատ ուրախացավ և շշիկի մեջ լցված անուշահետ յուղով օծեց փոքրիկ Արջուկին:

– Ի՜նչ հմուտ ձեռքեր ունի Բոչկո ոզնին, – մտածեց մայր Արջը և հասկացավ, որ կարգին կենդանի լինելու համար ծուռթաթ լինելը երևի պարտադիր չէ:

Իսկ այդ ընթացքում Բոչկոն նոր բաղադրատոմսեր էր հորինում, լցնում փոքրիկ գունավոր շշիկների մեջ և նրանք անմիջապես կենդանություն էին առնում:

– Դու հոգ կտանես փոքրիկ երեխաների ատամների մասին… Դու կպաշտպանես նրանց մաշկը արևից… Իսկ դու կլվանաս նրանց փոքրիկ թաթիկները, – ասում էր Բոչկոն շշիկներին և նրանք ուրախ շտապում էին իրենց պարտականությունները կատարելու:

Շշիկներից մեկը, որի մեջ բուրավետ մանկական շամպուն էր լցված, հյուր գնաց փոքրիկ Նապաստակին և նրան ավելի փափկամազիկ դարձրեց, Գայլին հյուր գնացած Ատամի մածուկը փայլեցրեց նրա ատամները: Շուտով ամբողջ անտառը լցվեց Բոչկոյի հրաշագործ շշիկներով և անտառի բնակիչները հանկարծ գլխի ընկան.

– Ահա՜ թե ինչ է նշանակում մեծ սիրտ ունենալ…

Եվ կենդանիները որոշեցին շնորհակալություն հայտնել ոզնուն: Նապաստակը համեղ ճակնդեղներ հավաքեց, Սկյուռիկը ընտրեց ամենալավ ընկույզները, Արջը մի մեծ կճուճ մեղր վերցրեց, իսկ Գայլն էլ փոքրիկ երիցուկների փունջ հավաքեց և բոլորով միասին ուղևորվեցին Բոչկոյի փոքրիկ տնակը: Բոչկոն հուզմունքից քիչ մնաց արտասվեր: Հետո բոլորով ուրախացան, համեղ ճաշեցին ու սկսեցին պահմտոցի խաղալ: Այլևս երբեք Բոչկոն չտխրեց ու չբաժանվեց իր նոր ընկերներից, իսկ այն մասին, թե ինչ հրաշքներ գործեցին Բոչկոյի փոքրիկ շշիկները, քեզ կպատմի արդեն հաջորդ հեքիաթը…

Շարունակելի…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։