ԻՆՉ ԳԻՏԵՆՔ ՈՒ ՉԳԻՏԵՆՔ ՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Շների մասին

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հազար տարի առաջ: Այժմ կա շների ավելի քան 400 տեսակ, և նրանք բոլորն էլ սերում են 1 նախնուց՝ գայլից: Շները մարդկանց ամենալավ բարեկամներն են՝ հավատարիմ ու նվիրված: Եվ պարզվում է, որ նրանք էլ շատ բանով կարող են զարմացնել մեզ: Ինչո՞վ: Հիմա կպարզենք: Եվ այսպես, ինչ գիտենք ու չգիտենք շների մասին:

Շները զարմանալի ժամանակի զգացողություն ունեն: Նրանք գիտեն, թե երբ է պետք գնալ զբոսնելու, երբ է ուտելու ժամը, երբ է իր տերը վերադառնում աշխատանքից: Դու կարող ես անգամ ձեր տան ժամացույցները կարգավորել հետևելով քո շան պահվածքին:

Շների մասին

Շներն ունեն լավ զարգացած տեսողություն, կարողանում են  տարբերել կանաչ և կարմիր գույները: Իսկ շների հոտառությունը հարյուր անգամ ավելի զարգացած է, քան մարդունը: Այնպես որ, որտեղ էլ թաքցնես ոսկորը, նա անպայման կգտնի: Ինչ վերաբերում է շների լսողությանը, ապա նրանք ոչ միայն շատ լավ լսում են, այլև երաժշտական բարձր ճաշակ ուենն: Երբ գիտնականները շների համար միացրել են տարբեր երաժշտական ստեղծագործություններ ու երգեր, նրանք ամենից լավ իրենց զգացել են՝ Բախի և Վիվալդիի ստեծագործությունները լսելով:

Չմոռանանք նաև այն մասին, որ շները հրաշալի վազում և լողում են: Այս բոլոր հատկանիշների շնորհիվ նրանք հրաշալի ծառայում են մարդկանց ամենատարբեր բնագավառներում: Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով, սև, հսկա ջրասուզակները կարողանում են սուզվել և փրկել խեղդվողներին:

Շների մասին

Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է: Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին: Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում: Նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում:

Այժմ շներին նոր «մասնագիտություններ» են սովորեցնում: Հովվաշները ծառայում են որպես «գազի տեսուչներ»: Գազի նվազագույն հոսքն անգամ շունը կարող է զգալ. հարկավոր է միայն նրան «բացատրել», թե ինչպես դա հասկացնի: Կան նաև հանքաքար որոնող շներ, որոնցից են հովվաշները, ֆոքստերիերները և սպանիելները: Շատ շներ էլ օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց, հրաշալի առաջնորդներ են կույրերի համար: Շները արդեն հասցրել են «հյուրընկալվել» նաև տիեզերքում:

Շների մասին

Շատ հաճախ տերերն այնպես են կապվում իրենց շների հետ, որ ոչ միայն իրենց կյանքն են նվիրում շներին, այլև ողջ կարողությունը: Պատմության մեջ շատ դեպքեր են հայտնի, երբ մարդիկ իրենց ժառանգությունը կտակել են շներին: Օրինակ, գերմանական կոմսուհի Կառլոտտա Լիբենշտեյնի Գյունտեր անունով շունը կոմսուհու միակ ժառանգն էր և նրա մահից հետո ստացավ ավելի քան 373 միլիոն դոլար կարողություն: Սակայն Գյունտերը չկարողացավ դիմանալ տիրուհու մահին և մեկ ամիս հետո վախճանվեց: Այժմ Գյունտեր 4-րդը՝ Գյունտերի ժառանգը, ներկայումս ամենից երես առած և ամենահարուստ շունն է:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։