ԵՐԿՈՒ ՏԱՏՐԱԿ


Երկու տատրակ

Մայիսյան  պայծառ օր էր: Դպրոցից  տուն վերադարձա: Նստեցի մեր փոքրիկ պատշգամբում, որպեսզի զմայլվեմ բնությամբ: Ինչպիսի հրաշալի բնություն. ծաղկել էին ծառ ու ծաղիկ: Մայրիկս խնդրեց քույրիկիս հետ խաղամ, որպեսզի իր գործերը  շուտ ավարտին հասցնի: Քույրիկիս հետ մի քիչ խաղալուց հետո մի պահ անտեսեցի նրան: Ես նկատեցի, որ հարևան տատիկի պատուհանին երկու տատրակ են նստել: Նրանք ինձ շատ դուր եկան: Մի տատրակն անդադար գնում-գալիս էր՝ իր հետ բերելով  փոքրիկ ճյուղեր: Իսկ մյուսը,  իր փոքրիկ կտուցով փորձում էր ամրացնել, բայց ճյուղն անընդհատ  ընկնում էր նրա կտցից:

Օրեր հետո հասկացա, որ տատրակներից մեկը հայրն է, իսկ մյուսը՝ մայրը: Մայրիկիս պատմեցի նրանց մասին: Այսպես օրեր անցան, ու ի վերջո այդ տատրակները իրենց բույնը ավարտին հասցրին: Մայր տատրակը միշտ թախծոտ աչքերով ինձ էր նայում, կարծես ինչ-որ բան էր խնդրում: Ես մայրիկին խնդրեցի մի կտոր հաց տալ տատրակներին, բայց քանի որ այդ բույնը մեր պատշգամբից մի քիչ վերեւ էր գտնվում, իսկ հայր տատրակը չէր վերցնում հացը, մենք որոշեցինք հացը թռցնել կտուր: Դրանից նրանք շատ վախեցան ու թռան:

Ես այնքան տխրեցի, որ լավությունը վատություն դարձավ, նրանք վախեցան ու գնացին: Ես բոլորից գաղտնի արտասվում էի, երբ հիշում էի նրանց. չէ՞ որ այնքան էին տանջվել, մինչև որ բույն էին պատրաստել: Անցավ հինգ օր: Եվ հանկարծ լսեցի նրանց ուրախ ծլվլոցը ու ականջներիս չհավատացի: Վազեցի պատշգամբ և տեսա, որ նրանք ետ են եկել, իսկ քիչ անց հասկացա, որ մայր տատրակը պատրաստվում է ձագեր ունենալ: Ես ամեն ժամ հետևում էի մայր տատրակին, որ ոչ ոք չվնասի նրան, իսկ առավոտյան դպրոց գնալուց հարևան տատիկին էի խնդրել, որ զգույշ լիներ:

Մի անձրևոտ կիրակի մենք նախաճաշում էինք.  հանկարծ լսեցի թռչնի մի կոշտ ձայն, շատ անհանգստացա, սիրտս սկսեց արագ զարկել: Հայրիկի հետ դուրս վազեցինք, բայց… արդեն շատ ուշ էր: Այդ սև ու չար ագռավը, քանդել էր տատրակի բույնը, իսկ մայր տատրակը հասցրել էր փախչել:

Մինչև հիմա էլ, երբ լսում եմ ճնճղուկների ծլվլոց, ինձ թվում է, թե իմ սիրելի տատրակները ետ են վերադարձել ու նորից բույն են հյուսում իրենց նուրբ ու բարակ կտուցով…

Մարինա Մարգարյան

8 տարեկան

# 131 դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։