Մատրոսկին կատուն, Շարիկ շունը և Ֆյոդոր անունով փոքրիկ տղան՝ երեք ընկերները Պրոստոկվաշինոյից, արդեն 30 տարի է, ինչ զվարճացնում են ողջ աշխարհի փոքրիկներին: Այդ փոքրիկները հետո մեծանում են, իրենք էլ փոքրիկներ են ունենում և նույնպիսի հաճույքով դիտում են այս մուլտֆիլմը արդեն իրենց երեխաների հետ միասին: «Երեքը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմը երբեք չի դադարում հետաքրքրել, այն իր մեջ ջերմություն ու բարություն է կրում, դրական էմոցիաներ ու կարևոր մարդկային արժեքներ և, իհարկե, ագրեսիայի ոչ մի հետք:
Սա բարի պատմություն է մի ինքնուրույն տղայի՝ Ձյաձյա Ֆյոդորի և նրա երկու ընկերների մասին: Ֆյոդորը շատ էր սիրում կենդանիների, սակայն նրա ծնողներն արգելում էին տանը որևէ պոչավոր կամ փետրավոր արարած պահել: Հենց դրա համար էլ Ֆյոդորը Մատրոսկին կատվի հետ մեկնում է Պրոստոկվաշինո գյուղը: Ճանաապարհին նրանց է միանում Շարիկ անունով շունը և երեք ընկերները Պրոստոկվաշինո գյուղում մի փոքրիկ, հարմարավետ տնակ գտնելով՝ սկսում են ապրել այնտեղ:
Մուլֆիլմը նկարահանված է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկու «Ձյաձյա Ֆյոդորը, շունը և կատուն» պատմվածքի հիման վրա, ով ի դեպ նաև մուլտֆիլմի սցենարիստն էր: Այս զվարճալի պատմությունն ունեցել է երեք մաս՝ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոտսոկվաշինոյում»: Մուլտֆիլմի ռեժիսորը Վլադիմիր Պոպովն էր, իսկ մեր շատ սիրելի կերպարների վրա, պարզվում է, աշխատել են նաև հայ հեղինակներ: Նկարիչ Լևոն Խաչատրյանը, օրինակ, Ձյաձյա Ֆյոդորի, նրա մայրիկի ու հայրիկի և փոստատար Պեչկինի կերպարների ստեղծողն է: Ֆյոդորի մայրիկին Լևոն Խաչատրյանը ստեղծել է ճիշտ և ճիշտ իր կնոջ նմանողությամբ՝ փոքրիկ-մոքրիկ, կարճլիկ մազերով և խիստ ակնոցներով:
Մուլտֆիլմի հաջողության մեջ քիչ չէր նաև դերասանների ներդրումը: Հերոսներին հնչյունավորել են հայտնի դերասաններ, Մատրոսկին կատուն, օրինակ, խոսում է Օլեգ Տաբակովի ձայնով, իսկ Ձյաձյա ֆյոդորը՝ Մարիա Վինոգրադովայի(այս դերասանուհու ձայնով են խոսել նաև Անգետիկը ու Մաուգլին):
Մուլտֆիլմի արտահայտությունները արդեն վաղուց թևավոր խոսքեր են դարձել: Ահա դրանցից մի քանիսը, որ, վստահ եմ, քեզ նույնպես ծանոթ են:
– Неправильно ты, дядя Фёдор, бутерброд ешь. Ты его колбасой кверху держишь, а надо колбасой на язык класть, так вкуснее будет.
– Чтобы продать что-нибудь ненужное, нужно купить что-нибудь ненужное…
– …я почему вредный был? Потому что у меня велосипеда не было.
– Я, может, только жить начинаю — на пенсию перехожу.
– Поздравляю тебя, Шарик, ты балбес!
– Кто там?
– Это я. Почтальон Печкин, принес журнал “Мурзилка”.
Իսկ հիմա գիտեմ, որ էլ չես համբերում: Դե ուրեմն, պատրաստ, սկսում ենք դիտել մեր սիրելի մուլտֆիլմը: Երեքը Պրոստոկվաշինոյից, մաս 1-ին…
Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ: