ՄԻ ԿՏՈՐ ԱՇՈՒՆ


1 share
մի կտոր աշուն

Դրսում արդեն հրաշք աշուն է: Ծառերը հիմա այնքան գույն ունեն, որ նույնիսկ քո մատիտների տուփում չես գտնի: Այս հնարավորությունը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել: Վազենք բակ՝ մի կտոր աշուն մեր տուն բերելու համար: Հավաքիր գույնզգույն տերևներ, մի քանի կաղին և շտապիր տուն: Մայրիկի դարակներից գտիր նաև գունավոր հուլունքներ ու ժապավեններ: Կան ժապավեններ, որոնց մեջ բարակ լարեր կան: Դրա շնորհիվ ժապավենները հեշտությամբ ճկվում են այս ու այն կողմ: Անպայման վերցրու սոսինձ և դակիչ: Քեզ չեն խանգարի նաև ֆլոմաստերները: Ահա այսքանը, իսկ հիմա հետևիր այս քայլերին և պատրաստիր այս զվարճալի տիկնիկները ինձ հետ միասին:

Աշնանային մարդուկներ

Վերցրու մեծ տերևներից մեկը և ծայրերն իրար միացնելով՝ դակիր, ինչպես պատկերված է նկարում:

Աշնանային մարդուկներ

Տերևի պոչիկի վրա անցկացրու հուլունքներից մեկը: Ապա վերցրու մյուս տերևը, որը պետք է ավելի փոքր չափի լինի: Բարակ շերտով սոսինձ քսիր տերևի հակառակ կողմում և սոսնձիր տերևը մյուս տերևի պոչիկին:

Աշնանային մարդուկներ

Երբ տերևներն ամուր կպչեն, կարող ես ավելացնել մյուս մանրուքները: Ֆլոմաստերով նկարիր աչքեր ու բերան մարդուկի համար: Դրանք կարող ես կտրատել նաև գունավոր թղթերից և սոսնձել տերևների վրա:

Աշնանային մարդուկներ

Ժապավենները փաթաթիր տերևի պոչիկի շուրջ: Դրանք կլինեն մարդուկների ձեռքերը, և հենց դրանց վրա էլ կարող ես դնել կաղինները,եթե քո ժապավեններն էլ իմի պես ճկուն և ամուր են, իսկ եթե ոչ, ապա կարող ես կաղինները պարզապես ներկել կամ փաթաթել գունավոր թղթով և շարել մարդուկի կողքին:

Ահա և վերջ: Ամեն ինչ շատ պարզ է ու զվարճալի: Փորձի՛ր և կունենաս մի կտոր աշուն քո ձեռքերում…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։