Ինչպես և կարելի է ենթադրել, այս երկուսը իրար բոլորովին չեն սիրում, ավելին՝ հակադրություններ են: Բայց մինչև հասկանանք, թե ինչու են նրանք այդպես թշնամացած, նախ պարզենք, թե ովքեր են նրանք:
Մոտիվատորները ստեղծվել են ավելի վաղ: Նախկինում դրանք խիստ խրատական բովանդակություն ունեցող նկարներ էին, որոնք կախված էին լինում դպրոցներում, աշխատանքի վայրերում և սովորեցնում էին, թե ինչպես է պետք ապրել, սովորել, աշխատել և այլն: Դրանք ունեին շատ դրական երանգ, սակայն երբեմն շատ արհեստական էին դառնում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատերին այս ամենը սկսեց ձանձրացնել, և նրանք որոշեցին պատրաստել ճիշտ հակառակը՝ պարոդիաներ մոտիվատորների համար: Ահա այսպես նրանք ստեղծեցին դեմոտիվատորներ: Դեմոտիվատորները ունեին ծաղրական երանգ, քննադատում էին այս կամ այն բանը և միևնույն ժամանակ հիասթափություն էին առաջացնում դիտողի մոտ:
Բովանդակությամբ տարբեր այս երևույթները, սակայն, նման կառուցվածք ունեն: Երկուսի դեպքում էլ նկարը տեղադրված է լինում քառակուսի շրջանակի մեջ: Բայց եթե դեմոտիվատորի շրջանակը միշտ սև է, ապա մոտիվատորի շրջանակը կարող է պայծառ գույներ ստանալ, չէ՞ որ այն խրախուսում և ոգևորում է: Դե իսկ շրջանակի վրա գրված է լինում մի կարճլիկ արտահայտություն կամ նախադասություն, որը արտահայտում է նկարի ողջ ասելիքը:
Այսօր կարծես թե ամեն ինչ խառնվել է իրար: Կան բաներ, որոնք իսկապես արժանի են քննադատության, բայց միշտ պետք է լավատես լինել և ցանկացած իրավիճակում դրական լուծում գտնել: Ահա այդպես էլ լույս աշխարհ եկան իմ դե{ՄՈԾ}իվատորները, այն ուրախ նկարները, որոնք շատ հաճախ հայտնվում են իմ ֆեյսբուքյան էջում: Նրանք իրենց հետ բոլորին մի քիչ մոծակություն են բաժանում և ստիպում են ժպտալ: Ահա դրանցից մի քանիսը: Իսկ եթե դու էլ ուզում ես միանալ մեր դե{ՄՈԾ}իվացիոն շարժմանը, ապա կարող ես ուղարկել քո զվարճալի նկարները [email protected] հասցեով: Դրանք կվերածվեն դե{ՄՈԾ}իվատորների և կուղևորվեն մարդկանց ժպիտ պարգևելու…