Ասում են՝ կատուները չեն ընդունում, որ մարդիկ իրենց տերերն են… Ո՛չ նրանք լրիվ ինքնուրույն կենդանիներ են և պարտավոր չեն կատարել մարդկանց քմահաճույքները… Նրանք ունեն իրենց յուրահատկությունները և շատ հաճախ վարվում են մեզնից ավելի խելացի: Ծանոթանանք աշխարհի ամենա-ամենա՜ կատուների հետ…
1. Աշխարհի ամենափոքրիկ կատուն Թինկեր-Թոյն է: Նա Թեյլորվիլում բնակվող Ֆորբս ընտանիքի փիսիկն է: Ունի ընդամենը 19 սմ հասակ: Վերցրու լուցկու տուփը: Այն 5 սմ է և պատկերացրու, թե Թինկեր-Թոյը որքա՜ն փոքրիկ է:
2. Աշխարհի առաջին կատուն, որն անուն է ստացել Նեջեմն է: Նրա անունը թարգմանվում է իբրև «սիրունիկ, նրբիկ»: Ապրել է Եգիպտոսում մ.թ.ա. 1400-ականներին:
3. Աշխարհի ամենագեր կատուն Խիմին էր: Նա Կերնսում բնակվող Թոմաս Վայզի կատուն էր: Իր կյանքի վերջին օրերին կշռում էր գուցե քեզնից շատ՝ 21,3 կգ: Խիմին սատկել է 10 տարեկանում:
4. Տոուզեր անունով մի կատու էլ դարձել է մկներ բռնելու չեմպիոն: Նա իմիջայլոց աղջիկ է եղել և բռնել է ուղիղ 28.899 մկնիկի:
5. Աշխարհի ամենաթանկ կատուն կալիֆորնյան արծաթագույն բծերով կատուն է: Նրան գնել են ռեկորդային 24.000 դոլլարով 1937 թվականին:
6. Իսկ Դրյուստենգտոն քաղաքում բնակվող Ալիսան աշխարհի ամենածեր կատվի տիրուհին էր: Կատվին կոչում էին Մա, նա ապրեց մինչև 34 տարի, իսկ դա կենդանիների համար իրոք որ շա՜տ երկար է…
7. «Ամենապտղաբեր» կատուն՝ Դաստի անունով, բնակվում էր Տեխաս նահանգում: Նա լույս աշխարհ է բերել 420 փիսիկի:
8. Իսկ գիտե՞ք, որ եղել է նաև լեռնագնաց կատու: Ժոզեֆինո անունով մի աղջկա պատկանող ընդամենը չորս ամսական փիսիկը 1950 թվականին լեռնագնացների հետ բարձրացել է Մատտերխորն կոչվող լեռը, ամբողջ 4478 մետր…
9. Իսկ Պատրիցիա անունով մի կատվիկ Օրեգոն նահանգի կամուրջից ցած է նետվել մի չար վարորդի պատճառով: Երկու ձկնորսներ սառը ջրից դուրս են հանել խեղճ կատվիկին: Նա դարձել է պատմության մեջ հայտնի կատուներից առաջինը, ով ցատկել է այդքան բարձր վայրից, իսկակա՜ն չեմպիոն:
10. Աշխարհի ամենահարուստ կատուն Բլեկին է: Նա վերջինն էր այն տասնհինգ կատուներից, որ ապրում էին միլիոնատեր Բեն Ռեի տանը: Բլեկին իր տիրոջից ժառանգություն է ստացել 15 մլն ֆունտ սթերլինգի չափով:
Անի Ավագյան