ՄԽԻԹԱՐ ԳՈՇ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԱՌԱԿՆԵՐ


56 shares

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԱՌՅՈԻԾԸ,
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ

Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։

Առյուծն ասաց աղվեսին.

– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։

Աղվեսն ասաց.

– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։

Եվ առյուծն ասաց.

– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։

Աղվեսն ասաց.

– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։

Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.

– Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Եվ գայլն ասաց.

– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.

– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

– Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

Եվ նրանք ասացին.

– Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

Եվ առյուծն ասաց.

– Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

Եվ նրանք ասացին.

– Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.

– Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։

Եվ նա ասաց.

– Այո՛, ես եմ։

Առյուծն ասաց.

– Արի կռվենք:

Մարդն ասաց.

– Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

-Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդն երդվեց, և առյուծն ասաց.

– Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:

Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։

Եվ առյուծը գոչեց.

– Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.

– Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս։

Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.

– Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։

Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

– Ո՞վ գարշելի։ ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։

Mxitar Gosh

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.

– Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

– Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։

Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։


Like it? Share with your friends!

56 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։