Նոր տարվա զվարճալի և հեքիաթային տրամադրությունը կամաց-կամաց հեռանում է մեզնից: Եվ մեզ ոչինչ չի մնում անել բացի ուտելուց և քնելուց: Իսկ երկար սպասված ձմեռային արձակուրդները շատ շուտով կավարտվեն… Ուրեմն հենց հիմա մի կողմ ենք դնում ալարկոտությունը, բոլո՜ր կերակուրները (իհարկե, բացի կոնֆետներից) և անցնում գործի…
Այսպիսով, ինչո՞վ զբաղվել արձակուրդներին և ինչպե՞ս ավելի հետաքրքիր ու գունավոր դարձնել օրը:
1.Երգ ու պար: Սա առաջին քայլն է, որը կօգնի քեզ ժպտալ: Համացանցում փնտրիր նոր երգեր, կատարողներ և ուսումնասիրիր ամբողջ աշխարհի երգացանկը: Երգերը տրամադրություն են ստեղծում: Նրանք կամ գցում են մտածմունքների մեջ կամ էլ, որ ավելի հաճախ է լինում, չեն թողնում հանգիստ նստել: Ուրեմն գտիր քո բնավորությանը հարմար երգեր, երգիր նաև դու և թռչկոտիր, ինչքան որ ցանկանաս:
2.Ֆիլմեր: Սովորաբար մուլտֆիլմերն ու ֆիլմերը, որոնք մենք շա՜տ ենք սիրում մեր կյանքից երկար ժամանակ են խլում: Բայց նաև շատ նոր բաներ են սովորեցնում և ստիպում են մեկ-երկու ժամ ծիծաղել կամ լաց լինել: Կարծում եմ՝ 2012 թվականից լի՜քը մուլտֆիլմեր և ֆիլմեր են մնացել, որոնք դեռ չենք հասցրել դիտել…
3. Նկարչություն: Այս զբաղմունքը երբեք չի ձանձրացնում: Պարտադիր չէ, որ քո բոլոր նկարները գեղեցիկ ստացվեն: Պարզապես նկարիր. վառ գույներն ու քո նկարները միշտ բարձր կպահեն քո տրամադրությունը:
4. Ընկերներ: Մենք ընկերների հետ հիմնականում հանդիպում ենք դպրոցում և բացի դասերից չենք հասցնում ոչնչի մասին խոսել, խաղեր խաղալ և մի լավ զվարճանալ: Իսկ հիմա ունենք այդ հնարավորությունը: Այնպես որ, հրավիրիր ընկերներիդ ձեր տուն, խաղեր կազմակերպիր, ուրախ բուտերբրոդներ պատրաստիր, իսկ մնացածն ինքնըստինքյան կստացվի…
5. Գրքեր: Հիմա կմտածես էլի գրքե՞ր, ախր դպրոցում էլ կան այդ գրքերը… Այո՛, կան, բայց նրանք երբեք շատ չեն լինում, նրանց պետք է անընդհատ կարդալ: Որովհետև գրքերը լի՜քը գիտելիքներ են տալիս և ստիպում են ավելի գեղեցիկ և հարուստ բառապաշարով խոսել:
6. Զվարճալի կենտրոններ: Ա՛յ այս կենտրոնների մասին մայրիկներն ու հայրիկները շա՜տ լավ գիտեն, միայն թե նրանց պետք է հիշեցնել… Ահա այս մի քանի օրվա ընթացքում կհասցնենք նրանց խնդրել գնալ կամ Դելֆինարիում, կամ Տիկնիկային թատրոն, կամ էլ շատ ու շատ այլ կենտրոններ…
7. Զբոսանք: Բայց երբեմն զվարճալի կենտրոններին փոխարինում է զբոսանքը: Ձմեռային զբոսանքը շա՜տ-շա՜տ օգտակար է: Ամբողջ գետինն արդեն ծածկվել է սպիտա՜կ ու հեքիաթային ձյունով: Ա՛յ այս դեպքում, փաստորեն, գումարվում են նաև ձնեմարդ պատրաստելն ու ձնագնդիկը…
8. Օրագիր: Վերցրու մի տետրակ և այն դարձրու օրագիր, բայց ոչ թե դպրոցական… Այն կդառնա քո ամենասիրելի ընկերը: Ամեն օրվա վերջում օրագրումդ պետք է գրես, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել կամ ինչպիսի տրամադրություն ես ունեցել: Իսկ հետո, երբ մեծանաս այդ տետրակը կդառնա իսկական հրաշք, որն ամեն անգամ բացելուց դու կդառնաս ահա այնպիսին, ինչպիսին հիմա ես…
Դե ձմեռային արձակուրդների ավարտն էլ կարծես թե ծրագրեցինք…
Անի Ավագյան