ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԱՌԱԿԱԳԻՐԸ – ԵԶՈՊՈՍ


25 shares
Եզոպոս

Եզոպոսը եղել է աշխարհի առաջին առակագիրը։ Նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում։ Եզոպոսի մասին շատ քիչ բան է հայտնի, բայց փոխարենը պահպանվել են շատ զրույցներ և ավանդություններ  նրա մասին: Նա եղել է հույն փիլիսոփա Քսանթոսի ստրուկը: Ասում են նույնիսկ, թե Եզոպոսն այնքան աղքատ էր, որ հենց ինքն էլ վաճառել է իրեն ստրկության, որպեսզի կարողանա վճարել պարտքերը:

Լեգենդը պատմում է, թե ինչպես Քսանթոսը գնեց Եզոպոսին: Մի անգամ շուկայում նա տեսավ երեք ստրուկ, որոնք վաճառքի էին հանված. երկուսը գեղեցիկ էին, իսկ երրորդը Եզոպոսն էր: Քսանթոսը հարցրեց ստրուկներին.
-Ի՞նչ եք կարողանում անել:
Առաջինը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Երկրորդը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Իսկ Եզոպոսն ասաց.
-Ոչինչ:
-Այդ ինչպե՞ս,- զարմացավ Քսանթոսը:
-Իմ ընկերներն արդեն ամեն ինչ կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին, պատասխաանեց Եզոպոսը:
-Ուզո՞ւմ ես՝ գնեմ քեզ:
-Քեզ միևնույն չէ՞, թե ինչ եմ ես ուզում: Ինձ քո խորհրդականը դարձրու, հետո կհարցրնես:
-Դու մի՞շտ ես այդքան զրուցասեր:
-Խոսող թռչունների համար ավելի շատ են վճարում:
-Սակայն դու թռչուն չես, այլ անճոռնի:
-Նկուղում գտնվող արկղերը նույնպես անճոռնի են,սակայն դրանց մեջ եղած գինին անգին է:
Քսանթոսը զարմացավ ու գնեց Եզոպոսին: Հետագայում էլ Եզոպոսը չդադարեց զարմացնել իր տիրոջը:

Մի օր, երբ Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ, Եզոպոսին ուղարկեց իմանալու՝ շա՞տ մարդ կա այնտեղ, թե՞ ոչ: Եզոպոսը վերադարձավ՝ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվեց այնտեղ և հայտնաբերեց, որ քաղաքային բաղնիքը լի է այցելուներով:
– Ինչո՞ւ ստեցիր ինձ՝ ասելով, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրացավ Քսանթոսը:
– Բնավ էլ չեմ ստել. երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած… Ամենքը սայթաքում էին, բարկանում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը… Նա էր միակ մարդը,- պատասխանեց Եզոպոսը:

Իսկ մի անգամ Քսանթոսը Եզոպոսին գնումների ուղարկեց: Ճանապարհին Եզոպոսը հանդիպեց քաղաքապետին:
-Ո՞ւր ես գնում, Եզոպոս:
-Չգիտեմ, – ասաց Եզոպոսը:
-Ինչպե՞ս թե չգիտես: Ապա ասա:
-Չգիտեմ:
Զայրացավ քաղաքապետը.
-Բա՛նտ նետել այս համառին:
Ոստիկանները Եզոպոսին բանտ էին տանում, երբ վերջինս շրջվեց և ասաց.
-Տեսնո՞ւմ ես, հարգելի՛ քաղաքապետ, ես քեզ ճշմարտությունն եմ ասել: Մի՞թե ես գիտեի, որ բանտ եմ գնում:
Ծիծաղեց քաղաքապետը և ազատ արձակեց Եզոպոսին:

Նույնպիսի ծաղրական երանգ ունեն նաև Եզոպոսի ստեղծած առակները: Նրա առակները սրամիտ են և լի իմաստությամբ: Այդ առակներով հիացել են դարեր շարունակ, իսկ նրա առակներից օգտվել են հետագա դարաշրջանների առակագիրները՝ ֆրանսիացի առակագիր Ժան դը Լաֆոնթենը, ռուս գրող Իվան Կռիլովը և ուրիշներ:

Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է 1ինից 2րդ դարերում:  Մեծ առակագրի անունից է ծնվել «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

Իսկ հիմա քեզ ենք ներկայացնում Եզոպոսի մի քանի առակ:

ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
– Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակս ցուցանե. որքան անհաղթելի է համերաշխությունը, նույնքան անզոր է պառակտումը:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:


Like it? Share with your friends!

25 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։