Ամենահզոր և զորեղ գիշատիչը առյուծն է: Դա բոլորը գիտեն՝ փոքրից մեծ: Չէ՞ որ հենց այնպես չեն նրան կոչում կենդանիների արքա: Իսկ եթե դու դեռ մի փոքր կասկածում ես առյուծի ուժին ու խիզախությանը, ապա լավ կանես ծանոթանաս նրա հետ: Ահա մի շարք հետաքրքիր փաստեր առյուծների մասին, որոնցից շատերը քեզ համար իսկական բացահայտում կլինեն:
Առյուծին մեծարում էին դեռ հազարավոր տարիներ առաջ, նրան պատկերում էին պետությունների գերբերի ու դրոշների վրա: Առյուծներ հնում կարելի էր տեսնել երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում: Բայց հիմա նրանց կարելի է հանդիպել միայն Աֆրիկայում և Հնդկաստանում: Հնդկաստանում վերջին տվյալներով ապրում է մոտ 300 առյուծ: Աֆրիկյան առյուծները համարվում են վտանգված տեսակ, իսկ ասիական առյուծները արդեն անհետացման եզրին են: Առյուծների անհետացման հիմնական պատճառը մարդն է, ով ոչնչացնում է նրանց բնակավայրերը: Առյուծի կյանքի միջին տևողությունը 14-16 տարի է, իսկ ահա անազատության մեջ նա 10-11 տարուց ավել չի ապրում:
Բնության մեջ հնարավոր չէ գտնել երկու միանման առյուծ: Նրանց մռութը միշտ տարբեր է, այնպես, ինչպես մարդու մատնահետքերը: Առյուծների մյուս տարբերակիչ հատկանիշը շքեղ բաշն է, որով օժտված են միայն արու առյուծները: Թե որքան գեղեցիկ ու փարթամ կլինի բաշը, կախված է առյուծի տարիքից, բնակության վայրից և առողջությունից: Բայց բաշը միայն գեղեցկության համար չէ: Այն նաև պաշտպանում է առյուծին կռիվների ժամանակ:
Առյուծը մեծությամբ երկրորդ կատվազգին է և փոքր է միայն վագրից: Նրա քաշը կարող է հասնել մինչև 250 կգ: Բայց երբ առյուծիկը նոր է լույս աշխարհ գալիս, նրա քաշը 1 կգ-ից ավելի չի լինում: Փոքրիկ կորյունի աչքերը փակ են լինում 10 օր, իսկ քայլել նա սկսում են միայն 15-րդ օրը: Նրան կաթով կերակրում է ոչ միայն մայր առյուծը, այլը առյուծների խմբի բոլոր էգերը: Մռնչալ առյուծները սկսում են միայն 2 տարեկանում: Արդեն հասուն առյուծի ձայնը լսելի է լինում մինչև 8 կմ հեռավորության վրա:
Առյուծն ունի ամենափոքր սիրտը բոլոր գիշատիչների մեջ: Փոխարենը նա ունի հրաշալի տեսողություն և գիշերը տեսնում է 6 անգամ ավելի լավ, քան մարդը: Առյուծը չափազանց շատ է սիրում քնել. նա քնած է անցկացնում օրվա 20 ժամը:
Առյուծները շատ ընկերասեր են իրենց պրայդում ապրող ազգակիցների հանդեպ: Հանդիպելիս նրանք քնքշորեն հպվում են միմյանց գլուխներով իբրև ողջույնի նշան: Առյուծը որս է անում միայն քաղցից դրդված: Եթե առյուծը քաղցած չէ, նա բարեկամաբար է տրամադրված նաև այն կենդանիների հանդեպ, որոնք ծառայում են նրա համար իբրև ուտելիք և վերջիններս կարող են հանգիստ զբոսնել առյուծի կողքին: